«ՀՀ-ն և ԼՂՀ-ն ունեն զբոսաշրջության համար լուրջ կարողություններ»
Զբոսաշրջության համաշխարհային օրվա առիթով, այսօր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ և կազմակերպություններ` Հայաստանի զբոսաշրջության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար, պարգևատրվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով, և ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով:
«ՀՀ-ն և ԼՂՀ-ն ունեն զբոսաշրջության համար լուրջ կարողություններ և ներուժ, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ամբողջությամբ չենք օգտագործում այդ ներուժը, որը կարող է դառնալ մեր տնտեսության կարևորագույն շարժիչներից մեկը»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, առաջին անգամ փորձ արվեց կազմակերպել զբոսաշրջիկների հոսք դեպի Լեռնային Ղարաբաղ: Նշելով, որ դեռ խնդիրները շատ են, Տ. Սարգսյանը հայտնեց, որ 150-200 զբոսաշրջիկների փոխարեն մյուս տարի այդ թիվը պետք է հասցնել 1000-ի, ինչը, մասնավոր հատվածի գնահատականով, իրատեսական է:
«Պետք է օժանդակենք օպերատորներին, որ էժան տուրփաթեթներ ձևավորեն ոչ միայն ԼՂ-ում, այլ նաև ՀՀ-ում: Առաջին ընտրված ուղին Երևան-Գառնին է, որը, լինելով ամենատարածվածը, չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,- ասաց ՀՀ վարչապետը` հավելելով, որ մշակվել է միջոցառումների ծրագիր, թե ինչ կառույցներ պետք է ստեղծվեն այդ հատվածում, հետագայում այդ փորձը տարածելով այլ ուղիների վրա` դեպի Զանգեզուր, Գյումրի, Վանաձոր և այլն:
Միաժամանակ, Տ. Սարգսյանը շեշտեց մի խնդիր, որ զբոսաշրջիկների մեծ մասը մեր հայրենակիցներն են, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը քիչ է:
Միջոցառմանը մասնակցեցին նախարարներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ), պետական և մասնավոր, գիտական և ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ArmAr.am












