Ոչ մի պահ Ադրբեջանում չի դադարել հայատյաց քարոզչությունը
Ադրբեջանի հայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի ողջույնի խոսք ուցցված Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովին:
Գրում ենք, փաստացի, անհասցե: Քանի որ ո’չ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանությունները, ո’չ Սփյուռքը` արևմտահայերի կամքն արտահայտող կառույցների իր նախագծերով, դեռ հայությունը չեն, նրա միասնական կամքի ձևավորողն ու արտահայտողը չեն:
Հայությունը առանց հատվածների ապրող, զարգացող մի միասնություն է: Եվ դա առիթից առիթ արտասանվող պաթետիկ ճառ կամ կոչ չէ:
Մի պահ, Արցախի կանչին ի պատասխան, կարծես ուրվագծվեց մի հնարավորություն, բայց այդպես էլ իրականություն չդարձավ: Ավելին, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը կառուցում են նրա քաղաքացիները, իսկ Սփյուռքը դրա հետ որևէ կապ չունի, Սփյուռքում` ամենքը իր բնակության երկրի քաղաքացիներն են և նրանց ու Հայաստանի կամ Արցախի հանրապետության կայացման, ձևավորման գործընթացի միջև կապ չկա: Մի խոսքով, սովորական ազգ ենք, ինչպես բոլորը: Եվ կարծես թե չի եղել 1915-ը, երբ կորցրել ենք միասնական մեր Հայրենիքը, որն արդեն շուտով 100-տարի է` չենք կարողանում ետ բերել, նախ և առաջ որպես մեր միասնականություն;
Այս քիչ երկարացված նախաբանի պատճառը մեկն է: Մենք` Հյուսիսային Արցախի, Նախիջևանի, Բաքվի, Գանձակի… Խորհրդային Միության «Ադրբեջանական ԽՍՀ» հատվածի հայերս, արդեն 20 տարուց ավելի է ինչ կրկնում ենք 1915-ի խաչելության ուղին` բացառիկ հետևողականությամբ: Եվ դրա միակ իրական պատճառը Հայության` որպես ամբողջականության, բացակայությունն է: Իհարկե, կան տասնյակ այլ պատճառներ, որոնք առաջին հայացքից խիստ ծանրակշիռ, անգամ որոշիչ են թվում և` հզորների անբարո հաշվենկատությունը, և աղետալի երկրաշարժն ու պարսադրված պատերազմը… Սակայն այս ամենը թեկուզ ծանրակշիռ, բայց լիովին հաղթահարելի երկրորդական հանգամանքներ են`, հայությունը որպես միասնական համակարգ ձևավորելու պարագայում Իսկ հիմա հիմնականը:
Սկսենք գնահատականներից: Եթե Արցախը Հայաստանին վերամիանալու կամարտահայտումից հետո` Ադրբեջանում ծավալված հայության վայրագ ջարդերը և այդ ողբերգական իրադարձությունների նկատմամբ փլուզվող Խորհրդային Միության խիստ անբավարար արձագանքը ինչ-ինչ տրամաբանությունների շրջանակում տեղավորվող իրողություններ էին, ապա միջազգային կառույցների (ՄԱԿ, ՆԱՏՕ, Եվրապառլամենտ, Եվրամիություն,ԵԱՀԽ-ԵԱՀԿ և այլն) վարքագիծը առաջին հայացքից խիստ անհասկանալի է թվում: Նրանք ոչ միայն չէին ուզում մեզ նկատել, այլ նաև հստակ ջանքեր էին գործադրում, մի կողմից, մեզ հետ եղածը մոռացության մատնելու, ոչ մի տեղ, ոչ մի միջոցով (ֆորումներ, փաստաթղթեր, բանաձևեր) չգրանցելու, մյուս կողմից` մեր որևէ կենտրոնացում թույլ չտալու, աշխարհով մեկ ցրելու, տարրալուծելու համար: Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից: Ըստ էության, մեզ նկատելը, ճանաչելը նշանակում է.
1. հայտարարել, որ Արցախի 1988-ի հայտնի որոշումից հետո Ադրբեջանի ողջ տարածքում սկիզբ էին առել հայերի զանգվ ածային ջարդերը: Անկախ անգամ այն բանից, որ հայերից շատերը, փորձելով խուսափել այդ սարսափելի ճակատագրից, հրապարակայնորեն, լրատվամիջոցներով, դատապարտում էին Արցախի որոշումը: Նրանց միևնույնն է, հալածում, ոչնչացնում էին, ինչի միակ պատճառը իրենց հայ լինելն էր:
2. Ներկայիս Ադրբեջանի ղեկավարների և նրա արտաքին հովանավորող-ուղղորդողների` այդ իրական Եղեռնը Խորհրդային Միության հատուկ ծառայություններին վերագրելու անգամ ամենամակերեսային վերլուծության չեն դիմանում, քանի որ`
ա. ջարդերի հիմնական կենտրոններում այդ սպանդն իրականացնողները ոչ թե առանձին հրոսակախմբեր էին և ոչ էլ քիչ թե շատ սահմանափակ թվով խառնամբոխներ, այլ հազարավոր և տասնյակ հազարավոր մարդիկ: Եվ եթե նրանց հետ մեկտեղ կային նաև այլ ադրբեջանցիներ, ովքեր դատապարտում էին այդ ոճրագործությունը, անգամ փրկում կամ փորձում էին փրկել հայերին,ապա նրանք չէ, որ կարող էին ազդել զանգվածի վրա, որն իր առաջ խնդիր էր դրել ոչ այնքան արտաքսել, որքան բնաջնջել հայերին:
Դա հաստատվում է հարյուրավոր վկայություններով այն մասին, որ երբ հայերը փորձում էին փախչել Ադրբեջանից, ամբոխը կանգնեցնում էր փոխադրամիջոցները, այնտեղից դուրս հանում և հաշվեհարդար տեսնում նրանց նկատմամբ: Հայերի գաղթն էլ արդեն արգելված էր որպես ճակատագիր, թույլատրելի էր միայն մահը:
բ. Հետագա տարիներին և մինչև այսօր այդ ջարդարարների պարագլուխներից շատերը ղեկավար պաշտոններ էին/են զբաղեցնում Ադրբեջանում, իսկ Բաքվի շահիդների (ասելե թե` սուրբ նահատակների) պուրակում թաղված են ջարդերի ժամանակ կոշտ դիմադրության հանդիպած հրոսակները: Այսինքն` նրանց ոճրագործությունը այսօրվա Ադրբեջանում մատուցվում է որպես բարձրագույն հերոսություն:
գ. Անկախություն հռչակելուց ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի ցեղասպանության քաղաքականությունը. մի կողմից` Շահումյանի շրջանի, մի շարք այլ վայրերում բանակի ուժերով խաղաղ
բնակչության բնաջնջումն ու բռնագաղթը, մյուս կողմից արցախահայությանը ոչնչացնելու անդադար փորձերը, սահմանային գոտու պահապանների չդադարող սպանությունները, խաղաղ բնակիչների առևանգումն ու տանջամահ անելը: Ոչ մի պահ Ադրբեջանում չի դադարել հայատյաց քարոզչությունը և այն այսօր հասել է անհավանական չափերի: Հարվածի տակ են եղել և մնում են մեր ազգի պատմությունը, կրոնը, նյութական մշակութային արժեքները:
Ամենուրեք կեղծվում, այլափոխվում են փաստերն ու ճշմարտությունը:
3. Նշանակում է ճանաչել, որ արցախյան պատերազմը ոչ միայն (կամ` ոչ այնքան) ազատագրական էր, որքան` ինքնապաշտպանական, որի շնորհիվ արցախահայությունը փրկվեց անխուսափելի բնաջնջումից, վաստակելով հայրենիքում ապրելու իր իրավունքը, խուսափելով ճակատագրի դաժան կրկնությունից:
Այս իրողությունները ոչ միայն անհեթեթ են դարձնում Արցախը Ադրբեջանի կազմում պահպանելու վերաբերյալ որևէ դատողություն, այլև ակնհայտ է դարձնում ԵԱՀԿ-ի, որպես միջնորդի, կամա թե ակամա հանցակցությունը չդադարող մարդկային սպանդին, մինչդեռ բնաջնջումից փրկված ժողովրդի հռչակած անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից կհանդիսանա աշխարհում ցեղասպանությունների հնարավոր փորձերի կանխման միակ հուսալի երաշխիքը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները, Արցախի անկախության ճանաչումը փոխարինելով «միջանկյալ» ու «վերջնական» կարգավիճակների մասին անվերջանալի բանակցություններով, փաստացի դարձել են շարունակվող չարագործությունների հովանավորը, հրահրողն ու մասնակիցը:
4. Մեզ ճանաչելը նշանակում է նաև, որ անհեթեթ են Արցախի շուրջ «օկուպացված» տարածքների մասին բոլոր խոսակցությունները: Հայերի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի հրահրած պատերազմի հետևանքով ամայացած այդ տարածքներում մենք հայտնվել ենք, քանի որ օկուպացվել են մեր հայրենի բնօրրանը (Շահումյանում, Գանձակում, Նախիջևանում…), ուր հազարամյակներ շարունակ ապրել են մեր պապերը, որտեղ, մինչ Ադրբեջանի սանձազերծած ցեղասպանությունը, ապրում էինք մենք, իսկ Ադրբեջանի այլ տարածքներում խաղաղորեն գոյակցում էինք բնիկ այլ ժողովուրդների հետ: Այս իրողության ճանաչումը անհեթեթ է դարձնում նաև` «թող բոլոր փախստականները վերադառնան իրենց բնակավայրերը» անհեթեթ հայտարարության հնչեցումը:
Եթե նույնիսկ ընդունենք, որ հնարավոր է մի այնպիսի վիրահատական միջամտություն Ադրբեջանում, որի արդյունքում ջարդերը կազմակերպած բոլոր գործիչները ոչ միայն կպաշտոնազրկվեն, այլ կհայտնվեն բանտերում, եթե ենթադրենք անհնարնինը` այսօրվա հայատյաց ու հայասպան քաղաքականության համար պատասխանատու իշխող ռեժիմի փոփոխություն, ապա անհասկանալի է մնալ, թե ինչ անել ժողովրդի հետ: Դժվար է ասել, որքան ադրբեջանցիներ (իսկ ավելի դժվար` ովքեր) են մասնակցել հայերի ջարդերին: Բայց որ դա հսկայական թիվ է, տասնյակ, իսկ գուցե նաև հարյուր հազարավորներ` ակնհայտ է: Ով և ինչպես է նրանց խնդիրը լուծելու, ավելին` ով և ինչպես է երաշխավորելու, որ ինչ-ինչ նոր հանգամանքների բերումով այս ամենը չի կրկնվելու: Սա ակնհայտ է անգամ ԵԱՀԿ աճպարարներին:
«Մարդկության գլոբալ զարգացումների ապահովման խնդիրներով» տառապող պարոնները որոշեցին գնալ նոր, իր ճիզվիտությամբ անգերազանցելի մի հանցագործության: Նրանք որոշեցին տարածաշրջանային իրողություններից հանել ադրբեջանահայության խնդիրը` անտեսելով ողջ մնացածների գոյությունը: Մարդիկ ստիպված եղան օտարության մեջ փնտրել իրենց հետագա ճակատագիրը: Մի կողմից հեշտացվեց ադրբեջանահայերի բնակեցումը այլ երկրներում, բայց մյուս կողմից խիստ դժվարացվեց նրանց բնակեցումը Արցախում, մասնավորապես, ազատագրված տարածքներում: Անգամ այն փոքրիկ օգնությունն ու արտոնությունները, որ 1994-99 թվականներին տրամադրում էր Արցախի Հանրապետության կառավարությունը, միջազգային աննախադեպ ճնշման ազդեցության ներքո կրճատվեցին (միայն 2003-2010 թվականներին օգնության միջոցները կրճատվեցին մոտ 10 անգամ, միաժամանակ բոլոր սոցիալական արտոնություններն իսպառ վերացվեցին):
Մարդկանց հատկացվող հողակտորները հրաժարվում էին գրանցել որպես սեփականություն, ենթակառուցվածքները ոչ միայն չէին վերանորոգվում, այլ կազմաքանդվում և վերացվում էին: Կասկած չի հարուցում, ավելին` անհերքելի փաստերով ապացուցվում է, որ այս ամենը կատարվել է միջազգային կառույցների որոշմամբ և ուղղորդմամբ: Միայն Միջազգային Ճգնաժամային Խմբի (արևմտյան հեղինակավոր վերլուծաբանական ծրագրավորող կառույց) 2007 թվականի զեկույցի դրույթները, որտեղ վերը շարադրվածը ներկայացված է որպես կարևորագույն միջազգային ծրագիր, բավարար են ասածի շուրջ շատ լուրջ եզրահանգումների համար:
Ի՞նչ անել: Ինչպե՞ս հաղթահարել այս բազմաթիվ և բարդագույն կնճիռները: Մենք գտնում ենք, որ հարկ է.
1. Ադրբեջանահայության (իսկ ավելի ճիշտ` Հյուսիսային Արցախի, Նախիջևանի, Բաքվի, Գանձակի…) լիազոր ներկայացուցիչների համագումարը դիտարկելով որպես հայության այդ հատվածի ինքնության, իրավանձնության (իրավասուբյեկտության) կարևորագույն դրսևորում` սերտ կապեր հաստատել նրա կազմկոմիտեի հետ և ըստ ամենայնի աջակցել այդ նոր սուբյեկտիվության ձևավորմանն ու գործունեությանը: (Այստեղ կարևոր մի դիտարկում. ընթացքում համագումարը կարող է վերածվել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների լիազոր ներկայացուցիչների
համաժողովի, քանի որ հայերից բացի հալածանքների են ենթարկվել նաև մի շարք այլ ազգերի ներկայացուցիչներ, անգամ այլախոհ ադրբեջանցիներ):
2. Բոլոր երկրներում հայտնաբերել ադրբեջանահայության ներկայացուցիչների, օգնել նրանց ինքնակազմակերպմանը և կազմկոմիտեի հետ կապի իրականացմանը:
3. Միջազգային կառույցներում, բոլոր երկրներում, հասարակական, քաղաքական, պետական ատյաններում, լրատվամիջոցներով ներկայացնել սույն իրողությունը, հաղթահարելու համար Ադրբեջանի և նրան աջակցող և ուղղորդող արտաքին ուժերի կողմից տարածվող կեղծիքները, վերահաստատելու համար ճշմարտությունը, և բոլորից աջակցություն հայցել ադրբեջանահայության ոտնահարված իրավունքները տարբեր ատյաններում պաշտպանելու և
ամրագրելու համար:
4. Հասնել ադրբեջանահայության դեմ 20 տարի շարունակվող ոճիրների և հետապնդումների իրական պատասխանատուների բացահայտմանն ու դատապարտմանը միջազգային հետաքննության միջոցով:
Հայությանը ուղղված դիմումը այսքանն էր, սակայն ձեզ լրացուցիչ մի քանի խոսք ունենք ասելու, ձեզ` հայության այն հատվածի ներկայացուցիչներին, որոնք հենց իրենք կամ իրենց հայրերն ու պապերը զոհերն են դարձել 1915-ի մեծագույն ոճրագործության , մենք, որ ինքներս զոհը դարձանք փաստորեն նույնանման ոճրագործության: Այս անգամ արդեն արևմտյան մերձկասպիի թուրքերի ձեռքերով տարածաշրջանի հայերի և այլ բնիկ ժողովրդների հանդեպ իրականացվեցին իր արմատներով 20-րդ դարի դարասկզբից սկսած և 1980-ականների վերջին առավել դաժան ու
զանգվածային չափեր ընդունած և մինչև այսօր շարունակվող ոճրագործությունները, և ինչպես 1915-ին Անատոլիայի թուրքերի դեպքում, այնպես էլ հիմա մերձկասպյան թուրքերի դեպքում հայերի հանդեպ տարվեց հատուկ տոտալ բնաջնջմանն ուղղված քաղաքականություն: Եվ չստացվեց ինչպես որ նախատեսված էր, այլ շատ ավելի <<չափավոր>> (եթե չափավոր կարելի է համարել այն սահմռկեցուցիչը, ինչը այնքան ծանր էր 1915-ից և նույնությամբ կրկնվեց մեր դեպքում), առաջին հերթին արցախահայության ինքնապաշտպանական քայլերի շնորհիվ, ինչպես նաև երկրորդ հերթին այն բանի , որ աշխարհը մի քիչ այլ էր, քան 100 տարի առաջ էր, և մի քիչ ավելի դժվար էր Եվրոպայում կրկնել 1915-ը: Մենք հայության այն երկու հատվածները, որոնք անմիջական են կրել իրենց վրա այս բոլորը և որոնց նպատակն է այսօր եղածի արդար հատուցմանը հասնելը, հենց մենք ենք պարտավոր հայության նոր
տիպի համագործակցությանը, նրա ամբողջականության հաստատմանը ուղղված նոր տիպի քայլերի իրականացմանը, ինքներս պետք է առաջին քայլը կատարենք:Մենք պետք է ձևավորենք հատուկ համակարգող մարմին, որոնք կհամադրեն մեր ջանքերը, թե քայլերի մշակման, թե իրականացման ուղղությամբ: Եվ այդ մարմինը արագ կհամալրենք հայության այլ հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ թող սա դառնա առաջին փորձը ոչ թե սիմվոլիկ ներկայությամբ համախմբման, այլ իրական խնդիրների և ծրագրերի շուրջ իրական գործող մարդկանց մի նոր որակի համախբման: Եվ միայն այսպիսի համախումբը, ինչպես արդեն նշել ենք վերևում, թե գլխավոր երաշխիքը կդառնա այս բարդ աշխարհում մեր առաջ ծառացած խնդիրների ճշտգրիտ պատկերացման, թե կդառնա հայության որպես մեկ ամբողջականության, մեկ վերականգնված Հայաստանի կորիզը: Եվ թող սա մեր գլխավոր, չնայած և միայն առաջին լրջագույն պատասխանը դառնա 1915 թվականի հարյուրամյակի շեմին:
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտե
ArmAr.am












