Ռալֆ Յիրիկյան. «Մեր ազգի մշակութային և պատմական արժեքները ազգային ինքնության պահպանման միակ գրավականն են»
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում ևս տեղադրվել են բազմալեզու
տեղեկատվական նոր վահանակներ:
Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում: Այն Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի քաղաք-ամրոցներից կառուցված, կարևորագույն քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկն էր: Երևան մայրաքաղաքը Էրեբունիի ուղղակի «ժառանգորդն» է: Երևան քաղաքի անունը ծագում է հենց «Էրեբունի» անվանումից:
Էրեբունիի հիմնադրման արձանագրությունը հայտնաբերվել է 1950թ և շարունակում է գրավել հնավայր այցելողներին: Արձանագրությունում ասվում է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների: ….Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»:
2010 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի 26 հուշարձանի տարածքներում տեղադրվել է ավելի քան 130 տեղեկատվական վահանակ: Կազմվել ու տեղադրվել է 21 վահանակ Բրայլի գրատիպով, բացվել է 2 հանգստի կանգառ` Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղիների երկայնքով, ինչը խթանել է համայնքներում տեղական բնակչության կողմից ստեղծվող ձեռքի աշխատանքների վաճառքը:
«Այսօրինակ նախաձեռնությունները նպատակ ունեն հայկական հուշարձանների մասին իրազեկելու ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև` հայաստանաբնակներին: Մեզանից շատերը, տարիներ շարունակ այս երկրում բնակվելով հանդերձ, տեղյակ չեն մեր շուրջը գոյություն ունեցող հարստության մասին: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հինավուրց ազգը բազմաթիվ արհավիրքների միջով անցել և շարունակել է ապրել շնորհիվ նրա, որ մեր նախնիները պահպանել են մեր ազգի մշակութային և պատմական արժեքները, դրանք փոխանցել սերնդեսերունդ` որպես ազգային ինքնության պահպանման միակ գրավական: Այժմ այս թանկարժեք ժառանգությունը պահպանելու պատասխանատվության հերթը մեր է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ArmAr.am












