Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Իսրայելը, նաեւ Միացյալ Նահանգներն ամոթալիորեն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբեր 15, 2010թ. 10:18

Միջազգային գիտաժողով` ՄԱԿ-ի կոնվենցիայի համատեքստում

gitajorovՅուրաքանչյուր ցեղասպանություն հոլոքոսթ է, բայց Իսրայելը, նաեւ Միացյալ Նահանգներն ամոթալիորեն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հրեա, ցեղասպանագետ Իսրայել Չառնիի ելույթը «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» թեմայով միջազգային գիտաժողովում, որ մեկնարկեց երեկ Երեւանում, հիմնականում մի քանի առաջարկ էր ներկայացնում:

Չառնիի խոսքով, որ ներկայացվեց գիտաժողովի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի մշակման եւ ընդունման շարժառիթները եւ նպատակները» նիստում, ամենից առաջ առաջարկում է ընդունել, որ ցեղասպանությունները համազոհեր են ունենում, ինչպես դա եղել է Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության եւ այլ ողբերգությունների ժամանակ: «Նույնիսկ քրդերը, որոնց ատելությամբ ենք հիշում որպես սպանություն իրագործողների, նույնպես ենթարկվել են բռնությունների եւ համազոհ են», նշեց Իսրայել Չառնին: Նույն կերպ հրեաները, որպես հոլոքոսթյան ժամանակահատվածի համազոհերի, չեն ճանաչում գնչուներին, անգամ Խորհրդային Միության 2 մլն-ից ավելի ռազմագերիներին, որ նույնպես սպանվել են գազային սենյակներում:

Հրեա գիտնականը առաջարկում է նաեւ աշխարհին լավ ներկայացնել Ցեղասպանության իմաստը, ներկայացնել որպես ֆաշիզմ, հետապնդում, խոշտանգում, որպեսՙ «սեր ուրիշների մահվան նկատմամբ»: Ընդ որում, Հայոց ցեղասպանությունն, ըստ գիտնականի, «հարձակում էր կյանքի դեմ, ջիհադի կոչ էր մուսուլմաններին»:

Այդուհանդերձ, ըստ Իսրայել Չառնիի, կարելի է մարդկանց հասցնել ցեղասպանության հանցագործության դատապարտելիության կարեւորությունը, հասնել նրան, որ մարդիկ թույլ չտան նոր ցեղասպանություններ:

Նույն նիստի եւս մեկ զեկուցողի` Լիբանանից ժամանած Վաիլ Նիկոլաս Կեյրի խոսքերով, հանցագործության այս պարագայում կարեւոր է նաեւ կրթությունը: Ցեղասպանությունն, ըստ Կեյրի, մարդկանց իրագործած հանցագործություն է, ուստի խնդիրը նաեւ այդ մարդկանց ճիշտ կրթությունն է: Եվ այն դեպքում, երբ մարդիկ, տարբեր լինելով, մնում են նույն իմաստը կրողը` մնում են մարդ, ինչպես է, որ մեկ ժողովուրդն իրեն թույլ է տալիս սպանել մյուսին:

300-201023105Թուրք մտավորական Թաներ Աքչամի խոսքերով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը քաղաքական բնույթ է կրում, մինչդեռ առանց պատմական խնդիրները լուծելու` Թուրքիան չի կարող ժողովրդավարություն կառուցել: Եվ այս դիրքորոշումը միայն Աքչամինը չէ, բայց Թուրքիան իր պատմության հանդեպ ժխտողական վերաբերմունքը փոխել չի շտապում: Այդուհանդերձ, Աքչամը հույս է հայտնում, թե Թուրքիան շուտով կանի դա, ինչը կամաց-կամաց տեղի է ունենում: Աքչամը այդ հնարավոր փոփոխության վկայություն է համարում եկեղեցիների նկատմամբ վերջերս իրականացված քաղաքականությունը, որի առնչությամբ, սակայն, Հայաստանում այլ գնահատականներ են հնչում:

Գերմանացի գիտնական, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանն էլ գտնում է, որ եթե Հայաստանը ցանկանա, կարող է հայկական ցեղասպանության հարցը Արդարադատության միջազգային դատարանի քննարկման առարկա դարձնել: «Սպանություն, ուծացում, ոչնչացում. այս ամենն առկա է Օսմանյան կայսրության կազմակերպած գործողություններում: «Սառը ցեղասպանության» գործերը եւս կարող են ներկայացվել Հաագայի միջազգային դատարանում», նշեց Հոֆմանը:

Խոսելով Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացի մասին, Թեսսա Հոֆմանն ասաց, որ դեռ 2005 թվականից գերմանական խորհրդարանում կան երեք միջնորդություններ հայկական ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն դրանք ընթացք չեն ունեցել: Գերմանացի գիտնականի բացատրությամբ, Հայոց ցեղասպանությունը ժխտելու Գերմանիայի մոտեցման հիմքում իրենք իրենց «համապատասխանատու» համարելու հանգամանքն է:

ArgentinaԱրգենտինացի գիտնական Լեանդրո Դեսպուիի խոսքով, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում: Բացի այդ` հող կնախապատրաստվի նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ներկայացվող սպառնալիքները», ասաց նա: Նշենք, որ Լեանդրո Դեսպուին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

«Այս պարգեւը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, եւ ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին` մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու եւ արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար», պարգեւի հանձնման արարողությանը ասել է նախագահ Սարգսյանը:

Դեսպուին շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` ընդգծել է, որ կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար եւ տարիներ ի վեր զբաղված է այդ կարեւորագույն խնդրով:

Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ:

Նկար 1. Վաիլ Նիկոլաս Կեյր եւ Իսրայել Չառնի

Նկար 2. Թաներ Աքչամ

Նկար 3. Լեանդրո Դեսպուի

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն