Սարդարապատ» շարժման կոչը ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին. Մի՜ օժանդակեք Հայաստանից արտագաղթին
«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Ռուսաստանին, Եվրամիությանը ու ԱՄՆ-ին՝ չօժանդակել Հայաստանից արտագաղթին եւ կասեցնել իրենց կողմից իրականացվող այդ գործընթացը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Տնտեսության ամբողջական մոնոպոլիզացում, մանր եւ միջին բիզնեսի հիմնավոր ոչնչացում, գյուղերի քայքայում, բնապահպանական աղետի ստեղծում, սոցիալական բեւեռվածության խորացում, համատարած անարդարություն, քրեա–օլիգարխիկ կառավարման համակարգի կիրառում, մեկ անձի եւ իր շրջապատի կամայականություններին եւ ցանկություններին Օրենքի ստորադասություն, ժողովրդի կամարտահայտման եւ ընտրելու իրավունքի ոտնահարում, ապագայի նկատմամբ մարդկանց մոտ հույսի եւ հավատի իսպառ ոչնչացման փորձ, հայ մարդու եւ նրա բարոյական արժեհամակարգի ձեւախեղում, իշխանությունը ամեն գնով պահելու դիմաց ազատագրված տարածքների՝ հայրենիքի մի մասի սակարկում, որոնց հետեւանքով Հայաստանի հուսահատված քաղաքացին լքում է Հայրենիքը։
Ժողովրդագրական պատկերի կտրուկ վատթարացումը հետեւանք է Հայաստանի Հանրապետությունում իշխող ռեժիմի կողմից ստեղծած եւ առկա քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական եւ բարոյա–հոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության։
Այս իրողություններին արագ արձագանքում են այն պետությունները, որոնք իրենց երկրներում ունեն ժողովրդագրական լրջագույն խնդիրներ։
Եվրամիությունը՝ «Արեւելյան գործընկերություն», Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայրենակիցներ» եւ ԱՄՆ–ն «Գրին քարտ» ծրագրերով կազմակերպում եւ իրականացնում են բնակչության տեղափոխում դեպի իրենց երկիր, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից։
Յուրաքանչյուր պետություն լուծում է իր ներքին խնդիրները, սակայն ո՞ւմ եւ ինչի՞ հաշվին։
Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են զինադադարի պայմաններում, Թուրքիան Հայաստանին իբր այլեւս չի դիտում որպես թշնամի պետություն, սակայն առ այսօր հայ–թուրքական սահմանում տեղակայված է Թուրքիայի 3–րդ դաշտային բանակը, Վրաստանը Ջավախքում իրականացնում է հակահայ քաղաքականություն, որի հետեւանքով վտանգվում է Հայաստանի հյուսիսային դարպասի անվտանգությունը։
Հայաստանի ազգային անվտանգությանը նետված լրջագույն մարտահրավերներին ավելացել է նաեւ ամենամահացուն՝ Հայաստանի հայաթափումը:
Կոչով դիմում ենք ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող եւ սերմանող Միացյալ Նահագներին եւ հորդորում. չօժանդակել արտագաղթին եւ կասեցնել իրենց կողմից իրականացվող գործընթացը:
Հայաթափված Հայաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայոց պետականությանը, այլ նաեւ՝ համայն հայությանը, հետեւաբար այս կոչ-հորդորը ընդունեք համայն հայության անունից»:












