‹‹Արցախի աշնանային գույները››. ցուցահանդես Երևանում
<<Արցախի աշնանային գույները>> խորագիրը կրող ցուցահանդեսը Երևանում ՀՀ նկարիչների միությունում կբացվի շաբաթ օրը, դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին և կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:
Ցուցահանդեսը արդյունք է Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառ) վարչական շրջաններում <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության և <<Փյունիկ>> հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոնի:
Նկատենք, որ <<ՙԱրցախի աշնանային գույները>> խորագրով ցուցահանդեսը երևանյան ցուցադրությունից առաջ հանգրվանել է Ստեփանակերտում, ներկայացվել արվեստասերների և հանրության դատին:
Ընդհանրապես նկարչական փառատոները շատ կարևոր են արվեստագետների համար: Դրանք հնարավորություն են ստեղծում շփվել բնության, շրջապատող իրականության հետ և այդ բոլորը արվեստի լեզվով տեղափոխել կտավի կամ ստվարաթղթի վրա:
Այս ամենի մասին հիշեցինք, երբ 2009 թվականին նշվում էր մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակը և գիտեինք, որ 58 տարի առաջ Լոռվա Դսեղ գյուղում իր գործընկերների հետ նկարչական փառատոն է կազմակերպել վրձնի մեծ վարպետ Մարտիրոս Սարյանը և Լոռվա ձորում ստեղծել 12 աշխատանք, որոնք արժանացել են ժամանակի ամենամեծ գնահատանքին:
Այս ամենը հաշվի առնելով մտահղացվեց կազմակերպել ՙԼոռվա ձորում՚ խորագիրը կրող նկարչական փառատոն մեծ բանաստեղծի ծննդավայրում և շրջակա բնակավայրերում, իսկ այնուհետև ամենայն հայոց բանաստեղծին նվիրված ցուցահանդես Երևանում՝ ՀՀ նկարիչների միությունում:
Հենց այդ ժամանակ էլ որոշվեց ավանդական դարձնել այն և բնականաբար, այս տարի էլ կազմակերպվեց ՙԼոռ¬վա ձորում՚ խորագիրը կրող փառատոնը, որին հաջորդեց ցուցահանդեսը Երևանում` Հայաստանի նկարիչների միությունում:
Փառատոնի անցկացման օրերին Լոռի` Ախթալա էր եկել <<Փյունիկ>> հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: Նա առաջարկեց ընդարձակել փառատոնի սահմանները, որ այն ընդգրկի Հայաստանի բոլոր տարածաշրջանները, նաև Ջավախքը և Արցախը: Կոնկրետ քայլը չուշացավ և արդեն այս տարվա հոկտեմբերին ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության և ՙՓյունիկ՚ հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց ՙԱրցախի աշնանային գույները՚ նկարչական փառատոնը Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում: Արցախում փառատոնի աջակիցը դարձավ ՙԲեյզ մետալզ՚ ընկերությունը:
Ավելի քան մեկ շաբաթ 10 նկարիչներ հյուրընկալվեցին Մարտակերտի գողտրիկ վայրերից մե¬կում` Դրմբոնում` Սարսանգի ջրամբարի ափին: Ինչ խոսք, նկարիչներին այստեղ և նաև Քարվաճառում պետք է հետաքրքրեին հրաշալի բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, հոգևոր կենտրոնները (Գանձասար, Դադիվանք), բնակավայրերը: Եվ պատահական չէ, որ ներկայացվող ցուցահանդեսում իշխում են հենց այդ երեք շերտերը: Փառատոնի մասնակից արվեստագետները ասում էին, որ Թարթառի հովտի բնությունը` իր անդնդախոր ձորերով, անկրկնելի ժայռերով` անձեռակերտ գեղեցկությամբ պատրաստի նկարներ են, պարզապես պետք որսալ այն պատկերները, որոնք բնորոշ են և տիպական այս աշխարհի համար:
Երկրորդ շերտը պատմաճարտարապետական հուշարձաններն են, մեր հոգևոր կենտրոնները: Այստեղ ամեն մի նկարիչ փորձել է վրձնել իր Գանձասարը, Դադիվանքը, Ծար գյուղի և Նոր Վերիշենից ոչ հեռու գտնվող եկեղեցին, մյուս հուշարձանները, փորձելով մարմնավորել պատմականը, որը նկարիչները չեն պատկերացրել առանց շռայլ բնության և միջավայրի: Եվ երրորդ շերտը` բնակավայրերը` իրենց նկարագրով, դիմագծով, ներկայով, սպասումներով: Թերևս այս առումով ամենացայտունը Գագիկ Սարգսյանի ՙՔարվաճառն՚ է` որպես պատմության ակնթարթի մարմնացում, նաև հավատի և հույսի դուռ:
Ընդհանրապես խորհելու և մտորելու բազմաթիվ առիթներ կտան այս ցուցահանդեսում ներկայացված նկարները, բայց երևի թե ամենացայտունը երկու եռանկարներն են, որոնք հեղինակել են Սրապիոն Դանիելյանը և Գագիկ Ավետիսյանը: Առաջինը կրում է ՙԹարթառի հովտում՚, իսկ երկրորդը` ՙՍարսանգի ափին՚ վերնագիրը և, բնականաբար, փորձում է իր մեջ ամփոփել հետաքրքիր զուգորդումներ:
ՙԹարթառի հովտում՚ եռանկարի կենտրոնում Քարվաճառ քաղաքն է, իսկ ձախ և աջ կողմերում` Դադիվանքը և պատմական Ծար բնակավայրը` ձուլված իր բնաշխարհին:
Երկրորդում՝ ՙԱրցախ աշխարհ՚ եռանկարում կենտրոնականը Գանձասարն է` որին երկու կողմերից ամբողջացնում են Սարսանգի ջրամբարը և Դրմբոն գյուղը:
Հենց երկու եռանկարների փիլիսոփայության մեջ են տեղավորվում մյուս բոլոր աշխատանքները` ամեն մեկը մի ծվեն` պոկված արցախյան իրականությունից և միաժամանակ այդ իրականությունն ամբողջացնող: Իսկ մնացած մտորումներն էլ թողնենք արվեստասերին, որը կփորձի ներկայացվող աշխատանքների միջոցով նորովի ճանաչել և հասկանալ Արցախ աշխարհը:
ՀՀ նկարիչների միություն, <<Լոռվա ձոր>> հայրենակցական միություն, <<Փյունիկ>> հիմնադրամ
ArmAr.am












