Տարոնականություն
Ես հարցնում եմ այնպես , ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել – ու՞ր ենք գնում : Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ … Գիտե՞ մեկը , որ եթե դադարենք գոյություն ունենալուց՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե՛ իսկ պիտի չշարժվի :
Գարեգին Նժդեհ
1938 թ . ապրիլին , Սոֆիայում սկսեց հրատարակվել « Տարոնի Արծիվ » ամսաթերթը, որի խմբագիրն էր Հայկ Ասատրյանը: Ամսաթերթի հրատարակիչն էր Տարոն Տուրուբերան հայրենակցական միությունը: Այս ամսագրով էլ հենց դրվեց Տարոնական շարժման սկիզբը : Մինչ այդ , 1937 թ . – ից , Սոֆիայում հրատարակվող « Ռազմիկ » թերթի էջերում Գ . Նժդեհը , Հ. Ասատրյանն ու Ն .Աստվածատուրյանը առանձին հրապարակումներ էին լույս ընծայել Տարոնականության վերաբերյալ: Այս երեք գործիչների նախաձեռնությամբ էլ ստեղծվեց Տարոնական շարժումը: Շարժման հենարանը հանդիսացավ Տարոն-Տուրուբերան հայրենակցական միությունը , որն արդեն հանդիսանում էր Ցեղակրոն շարժման ամուր հենարաններից մեկը : Տարոնական շարժման ստեղծումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով , որոնցից ամենագլխավորն էր . համագաղութային մի նոր շարժման անհրաժեշտությունը ( Ցեղակրոն շարժումը տեղատվություն էր ապրում , իսկ ԱՄՆ Ցեղակրոն ՈՒխտերը կուսակցականացվել էին ) , որը վերջ կտար գաղութի ներքին պառակտվածությանն ու փոխադարձ անհանդուրժողականությանը : Տարոնականությունը հոգեվերանորոգչական մի շարժում էր , որ իր առջև նպատակ էր դրել ՝ Ցեղի հավիտենական առաքինությունները վերածնելու ու ոգեկոչելու միջոցով՝ հեղաշրջելու հայության ճահճացած , այլասերումի ենթակա հոգեբանությունը : Այն նպատակ էր հետապնդում հայությանը հոգեպես դարձնելու Հայրենատեր , նախապատրաստելու գալիք անխուսափելի արհավիրհքներին և վերջապես , պատրաստելու Ազգի և Հայրենիքի համար անշահախնդիր պայքարող մի սերունդ՝ անկախ կուսակցական ու սոցիալական պատկանելությունից : Չպետք է անտեսել ևս մի շատ կարևոր հանգամանք . անհրաժեշտ էր ամբողջացնել ցեղային ( ազգային ) աշխարհայեցողությունը , այն ընդունելի դարձնել հայության բոլոր հատվածների , այդ թվում՝ և Հայ եկեղեցու համար : Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում արարչագործության ու ոգու հետ կապված շատ հարցերի : Ցեղակրոնությունը թշնամաբար էր ընդունվում եկեղեցու կողմից , որը գաղութահայ կյանքում մեծ և ազդեցիկ ուժ էր : Ահա այս ամենը հաշվի առնելով է , որ Տարոնականության գաղափարախոսները նպատակ դրեցին ստեղծելու համահայկական մի տեսություն՝ հայկականորեն հիմնավորված և հայության բոլոր շերտերը միավորող : Տարոնականության դեմ հենց սկզբից էլ հզոր պայքար ծավալվեց, որը գլխավորվում էր հիմնականում ՀՅԴ – ի կողմից՝ հանձինս տխրահռչակ Ս . Վրացյանի: Շարժմանը վերագրում էին անհիմն մեղադրանքներ, ընդհուպ՝ մինչև տարոնցի հայերի հատվածական շարժում : Տարոնականության գաղափարախոսները հասցրեցին ամսաթերթի 12 համարներում ներկայացնել ՈՒսմունքի մի փոքր մասը միայն՝ նրա ներածությունը, նախապատրաստությունը :
Տարոնականության զարգացումն ու խորացումը թողնվեց ապագա հայաշունչ մտավորականին : Ավելին անել չհաջողվեց. 1939 թ . Դետրոյտում , Տարոն – Տուրուբերան հայրենակցական միությունը՝ ՀՅԴ ճնշմամբ ու պարտադրմամբ, արգելեց համահայկական, ազգային ուսմունքի քարոզչությունը «Տարոնի Արծվի» էջերում : Այսուհետև այստեղ լույս պիտի տեսնեին այնպիսի գրություններ, որոնք վերաբերվում են միայն Տարոնի՛ աշխարհին : Այսպիսով, Տարոնական համահայկական ՈՒսմունքը փոխարինվեց տարոնցիական մանրապատումներով, ամսաթերթի հրատարակությունը Սոֆիայից փոխադրվեց Նյու-Յորք և այն վերածվեց սոսկ տարոնցի հայերի պարբերաթերթի : Ահա այսպես ձախողվեց Տարոնական շարժումը : Սակայն շարժման առաջնորդները վստահ էին , որ դա ժամանակավոր ողբերգանք է , առանց որի չեն կերտվում հաղթանակներ , և որ ճշմարտությունները հաղթանակում են՝ թաղվելուց հետո հարություն առնելով:
Այսօր այդ ճշմարտությունները վերստին հարություն են առել ՝ մեր առջև դնելով տարոնական ոգու առաջնորդների հավիտենական նշանախոսքը . Ցեղն է իմ գոյության իմաստը և Հայաստանը՝ իմ ճակատագիրը : Տարոնական շարժման գաղափարախոսությունը Տարոնական գաղափարաբանության առանցքը , խորքը Ցեղն է (Տեսակը ) ՝ որպես կենսաբանական ըմբռնում , որի հավերժացումն էլ Տարոնական հայի գերնպատակն է: Ցեղը արյան և ոգու բնական ներդաշնակությունն է . արյուն և ոգի . այս երկու կենսաբանական որակների փոխազդեցությամբ էլ պայմանավորվում են տվյալ ազգի մարմնական ու հոգեկան հատկանիշները : «Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու : Ոգու և ոգու միջև այնքա՛ն տարբերություն կա , որքան՝ արյունի և արյունի : Տարբեր են ո՛չ միայն սպիտակների և դեղինների մարմնական հատկանիշները , այլև նրանց հոգեգծությունը » . այսպես է պարզաբանում Հայկ Ասատրյանը : Մարդու և աստվածայինի՝ անցավորի և հավիտենականության միջև բնական կապն ապահովվում է Ցեղի միջոցով : Ցեղն Աստծո կամքի արտահայտությունն է , և միայն այն հավերժացնելու ճանապարհո՛վ է մարդն հաղորդակցվում հավիտենականի հետ :
Սակայն , Տեսակն Աստծուց կանխորոշված չէ հավիտենականացման : Այն կարող է ինչպես հարատևել , այնպես էլ՝վերանալ . ամեն ինչ կախված է գոյության կռվում նրա կենսունակությունից և Աստծո հետ կենդանի կապից : Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը. պատմությունը սոսկ դեպքերի արձանագրություն չէ՛ , այլ մեր մեջ գործող բացարձակ ուժի՝ Ոգու հայտնություն , առանց որի ճանաչման անհնա՛ր է հասկանալ պատմությունը : Ազգային Ոգի՛ն է այն միակը , որ պտտում է մեր պատմության անիվը , և անհատ հերոսներն ընդհամենը այդ Ոգու մարմնավորողներն են: Պատմության մեջ հաղթում է նա , ով հաղորդակից է այդ Ոգուն : Եվ Տարունականությունն այդ այդ Ոգու տարերքի իմացության փորձն է , այն մեր կյանքի անգիտակցականի , պատմական Ոգու ուսմունքն է . «Դարձ դեպի Ոգի՛ն » . ահա՛ Տարոնականության առաջադրած նախապայմանը :
Տարոնականության մեջ գերագույն արժեք է Հայրենիքը , որը Ցեղի դրսևորման բնական միջավայրն է : Այն էության պահանջ է , այլ ո՛չ շահագործելի հող : Հայկական Բարձրավանդա՛կն է Հայ Ցեղի արարման բնական միջավայրը , չկա՛ Հայրենիք նրանից դուրս , և լիարժեք ու օրգանապես զարգանալ ու հարատևել մենք կարող ենք միայն նրա ամբողջակա՛ն սահմաններում : Միջազգային ասպարեզի էակ չէ՛ հայը : Գաղութներում նրան ոչինչ չի՛ կարող փրկել ուծացումից : Եվ նրա հայ մնալու միակ երաշխիքը հայրենատիրությունն է՝ պայքարը Հայրենիքի համար , այլ ոչ թե պայքարը այլասերումի դեմ : Ահա թե ինչու , Ցեղի առաջին հրամայականն է . ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ :Որպես վերկուսակցական , ապադասակարգային ուսմունք , Տարոնականությունը համոզված է , որ Ազգային Միությունը ծնունդ է առնում ո՛չ թե կողմերի սակարկություններով , այլ ընդհանուր նպատակին ու արժեքներին ենթարկվելու բացարձակ կամքով :
Տարոնականությունը սահմանու՛մ է այն ընդհանուր Նպատակը , որ միավորելու է հատվածապաշտ ու եսակենտրոն հայությանը . դա Ցեղի ( Տեսակի ) Հավերժացումն է : Իսկ հավիտենական արժեքներ են Ցեղը և Հայրենիքը , որոնց շուրջ և որոնց ծառայելու միջոցո՛վ է միայն հնարավոր ամբոխացած հայի՝ Միավորված ու Հզոր Ազգ դառնալը : Տարոնական ՈՒսմունքի պատմական ելակետը հիմնավորված է դրույթներով , որոնք հենվում էին այն ժամանակվա գիտական մտքի վրա : Թեև այսօր հայագիտական մի շարք նվաճումներ կարող են փոխել որոշ մոտեցումներ , սակայն դա բնավ չի ազդում ՈՒսմունքի Էության վրա .Հայոց պատմությունը պայքար է երկու ոգիների՝ հավիտենարժեքի և անցավորի , համահայկականության և հատվածականության , հայկական կողմնորոշման և օտարահակության : Այս ոգիներից առաջինը կոչեցին « տարոնական »՝ այդ բառի մեջ դնելով «հավիտենական » հայի գաղափարը , որի ոգին իր հայտնությունն առավ Տարոնից :
Իսկ ինչու՞ Տարոն .Տարոնականության գաղափարախոսները բերում են մի շարք գծեր , որոնք , ըստ նրանց , առանձնահատուկ են Տարոնին.
Ա . Տարոնն է եղել Հայաստանի գլխավոր հոգևոր կենտրոնը:
Բ . Տարոնում է ստեղծվել մեր Էպոսը:
Գ . Տարոնի ծնունդ են Հայ Ոգու հսկաներ Մաշտոցն ու Խորենացին:
Դ .Տարոնում են հաստատվել հայ ռազմի ասպետները՝ Մամիկոնյանները:
Ե . Տարոնում է մեր նորագույն ազատամարտի խառնարանը , ուր թրծվեցին ու հերոսացան մեր ազգի լավագույն զավակները :
Այս ամենն , ըստ Տարոնականության առաջնորդների , սոսկ պատահականություններ չեն , այլ Տարոնական Ոգու հայտնության դրվագներ , ո՛րն էլ հազարամյակներ շարունակ հանդիսացավ մեր Ցեղի Հավիտենական Զենքը : Այդ Ոգու հայտնության , կամ Տարոնական հայի պատմականորեն բախտորոշ գործերն են . Հայրենաստեղծում ( քաղաքական Հայաստանի առաջին կորիզը ստեղծվել է Տարոնում ), Ազգակերտում ( հայ տարրի ազգագրորեն ամբողջացումն իրականացրին տարոնական հայերը ), Հայկական օրիենտացիա (տարոնական հա՛յն է անկախ Հայաստանի դրոշակակիրը ), Հայկական բարոյական Ես- ի արձանացում ( արևմուտքի – արևելքի միջև , հայոց ինքնատիպ նկարագրի կերտիչը տարոնական հայն է , որն եղավ նաև քրիստոնեության միջոցով հայկական օրիենտացիայի կրոնականացնողը ), հայոց մշակութաստեղծ Ես – ի արձանացում (Մաշտոցի պարգևած լույսն էր , որ ամրապնդեց հայոց մշակութային անհատականությունը ), Հայոց հերոսական ոգու և ռազմական կորովի կերտում («Ո՛չ մեկ պատահականություն , որ թե՛ Վահագնը , թե՛ Վարդանը տարոնային ոգիներ էին … » ) :
Տարոնակնիք Հայկականություն – ահա սա՛ է Տարոնականության , որպես ՈՒսմունքի , էությունը : Ռազմախանդ մշակույթ և մշակութաստեղծ հերոսականություն – ահա սա է նրա գաղափարախոսների քարոզը : «ճի՛շտ է, սուրբ է հայրենի երկրի ամեն մի բուռ հողը, սակայն , ճիշտ է և այն , որ հայրենիքներն ունեն իրենց պատմա – ռազմագիտական տեսակետից ամենանվիրական ու ամենակարևոր երկրամասը – ա՛յն երկրամասը , ուր Ցեղը ամենեն շա՛տ է արյուն թափել , կուլտուրական գանձեր դիզել , հերոսական ու պատմություն ստեղծել – ա՛յն երկրամասը , առանց որի հայրենիքը ո՛չ թե զորավոր ու անկախ լինել , այլև իր գոյությունը պահել , ինքնապաշտպանվել չի կարող: Ճակատագրորեն մե՛ծ է Տարոնի նշանակությունը մեր Ցեղի ու Հայրենիքի պաշտպանության համար : Քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրված կմնա Տարոնը՝ վտանգվա՛ծ կմնա մեր հայրենիքի ապագան»:
Տարոնականության մեջ էական չէ՛ անունը, էական չէ՛ նաև այն , թե արդյո՞ք ճիշտ են Տարոնին վերագրվող պատմական բախտորոշ գծերը. թողնենք դա հայագիտությանը: Ոչի՛նչ , որ տուրք տալով հայ պատմագիտության մեջ Վարդանանց ու Ավարայրի դերերի չափազանցմանը՝ Տարոնականության գաղափարախոսները Վարդանին համարել են տարոնական , դասական հայի գաղափարատիպ : Նույնկերպ , ուռճացվել է Լուսավորչի տան մեծարումը՝ իր , իբր , հայաշունչ հայրապետներով : Էականն այստեղ ՝ քարոզված ներցեղային բարոյականն է՝ իր ընդհանրական արժեքներով , Աստված – ցեղ – անհատ կապի մեկնումները և հավիտենարժեք հասկացությունների մասին ՈՒսմունքի տված ճշմարտությունները : Վտագված Ցեղի և Հայրենիքի համար մեռնելու կամք – ահա՛դասական , կամ տարոնատիպ հայի գերագույն բարոյականը : Դասական հայի տիպար ներկայացվեցին Մամիկոնյանները՝ մի պատճառով . Հայրենիքի ու Ցեղի համար կռվելու և մեռնելու բարոյականը նրանց մոտ ուներ ժառանգական բնույթ՝ փոխանցվելով սերնդե – սերունդ: Չպետք է մոռանալ նաև, որ մեր պատմիչների ու եկեղեցու ենթակայական մոտեցման շնորհիվ՝ այս տոհմն ավելի՛ փառաբանված է հայոց պատմության մեջ: Ինչևէ, Տարոնականության առաջնորդներն ակնկալում էին մահվան սարսափն իր մեջ հաղթահարած , Ցեղի բագինին մեռնելու պատրաստ մի սերունդ , որը կսովորեր. Ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար , որի համար արժե մեռնել , և մեռնել ա՛յն բանի համար , որի համար արժեր ապրել :
Ոգին մահ չունի , – ասում է Տարոնականությունը, որի համար գնահատելի և օրինակելի է ա՛յն ամեն ցեղային -հայկականը , որ առկա է մեր պատմության բոլոր դարերում, որպես Հայ Ոգու արտահայտություն, – Ոգին չի պահվում. ոգին աճում է գործելով: Գործի՛ր այնպես, որպես թե գերբնական ուժերից զորություն ես ստանում և ո՛չ թե դատարկվում նրանց առաջ: Այդպիսով՝ դու կգործես քո Աստծո հետ: Կգործես կարելիությունների մի աշխարհում, որի բոլոր իրացումների աղբյուրը քո կամքն է …
Տարոնական Ոգու առաջնորդները սահմանեցին ա՛յն պարտադիր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են Ցեղի անունից հանդես եկող անհատների ու կազմակերպությունների համար. Ցեղի ու Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք Ցեղային հավիտենականի խոր զգացում Ներցեղային բարոյական Հաղթողական ոգի Պատմական ճակատագրի խոր ճանաչում Հայրերի գործի և նպատակի հաղորդություն, Հայրենազգացություն, Օտարությունը, որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն, Մեծագործության կամք ու բարոյական aյս որակները կրո՛ղն է միայն , որ կարող է իրավամբ կոչվել Տարոնատիպ Հայ: Անավարտ մնաց Տարոնական Ոսմունքի ամբողջական շարադրումը նրա գաղափարախոսների կողմից և ապագայի Ընտրանու՛ն կտակվեց այդ գործի շարունակությունը. – Դեռ չկան , գրված չեն « Հայոց ցեղային բարոյագիտությունը » և « Հայոց պատմության փիլիսոփայությունը»,- պատգամում են մեզ Տարոնական Ոգու առաջնորդները՝ միաժամանակ հիշեցնելով, որ Տարոնականությունն Ոըսմունք է ՝ նախատեսված միայն ընտրյալների, բարոյական նորոգումի ընդունակ ա՛յն քչերի համար , որոնք սրտի կսկիծո՛վ են ապրում տխուր ներկան և հոգու աչքո՛վ տեսնում երջանիկ ապագան:
Հ . Գ . – Նյութին խորապես ծանոթանալու համար անփոխարինելի աղբյուր է Մուշեղ Լալայանի «Ցեղակրոն և Տարոնական շարժումները Սփյուռքում 20 – րդ դարի 30 – ական թվականներին ( Պատմություն և գաղափարախոսություն)» մեծարժեք աշխատությունը:
Գևորգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ArmAr.am












