Հայ-թուրքական հարաբերություններ: «Կողմ» «և դեմ» փաստարկներ
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ
Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից որոշ ժամանակ անց սկսված և տարբեր ձևաչափերով ընթացող հայ-թուրքական հրապարակային ոչ պաշտոնական և ոչ հրապարակային բնույթ կրող պաշտոնական շփումներն ու բանակցությունները հանգեցրին միջանկյալ մի հանգրվանի, որ բոլորիս արդեն հայտնի է Շվեյցարիայում նախաստորոգրված երկու արձանագրությունների ու դրանց կից հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ժամանակացույցի տեսքով:
Փաստաթղթերի հրապարակումը սեպտեմբերի 1-ին, ինչպես և կարելի էր ենթադրել, մեզանում սկիզբ դրեց քաղաքական բուռն քննարկումների, որոնց արդյունքում ՀՀ գործադիր իշխանությունները և առանձնապես հանրապետության նախագահը ակնկալում են ստանալ հասարակության աջակցությունն իրենց նախաձեռնությամբ հարուցված (երևույթը գոնե այդպես է ներկայացված դիվանագիտական գործընթացների վարագույրից այս կողմ) հայ-թուրքական երկխոսության հարցում: Տասնհինգ տարի ի վեր ընթացող երկխոսության նպատակը ավելի քան ակնհայտ է` երկու ժողովուրդների հարաբերությունները դուրս բերել այն «մեռյալ կետից», որում դրանք հայտնվել են Հայոց ցեղասպանության պատճառով: Երևի թե չկա սթափ մտածող որևէ հայ, որը պահանջի «հավերժական լռության քաղաքականություն» որդեգրել մի ժողովրդի հետ, որը պատմական հանգամանքների բերումով հայտնվել է մեր (և ոչ միայն մեր) ճանապարհին և գտնվում է մեր անմիջական հարևանությամբ:
Երկխոսության ու հարաբերության մեջ մտնելու շարժառիթները բազմաթիվ են և տարաբնույթ: Մամուլում հայտնված հրապարակումներում արծարծվում են երկու ժողովուրդների հարաբերությունների կարգավորման` երկու կողմերի համար էլ կարևոր տնտեսական, քաղաքակրթական, հոգեբանական, քաղաքական շարժառիթները: Դրանք արվում են թե մեզ մոտ, թե Թուրքիայում: Փորձ է արվում իրենց երկրների ու ժողովուրդների կենսական շահերի նժարներին ծանր ու թեթև անել հարաբերությունների կարգավորման հնարավոր հետևանքները:
Միաժամանակ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն երկու ժողովուրդների «ներքին գործը» չէ: Այն վաղուց է դուրս եկել երկկողմ հարաբերությունների պատյանից և այսօր ձեռք է բերել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կարևորություն և միջազգային ձևաչափ:
Մեր մասնագետներից ոմանք (տես, օրինակ, «Ազգ»-ում Կտրիճ Սարդարյանի հետ հարցազրույցը` « Հայաստանի հեռագնա շահերը պահանջում են օր առաջ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ» խորագրով) գտնում են, որ հայ–թուրքական հարաբերությունների միջազգայնացումը ոչ մի դրական իմաստ ու հետևանք անցյալում մեզ համար չի ունեցել, քանի որ խոշոր տերությունները միշտ էլ տարածաշրջանի գործերին խառնվել են` հետամուտ լինելով իրենց տնտեսական ու քաղաքական ծրագրերի իրագործմանը, ինչը 19-րդ դարից ի վեր կատարվել է մեր ազգային շահերի հաշվին: Այստեղից էլ այն եզրակացությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական պաթոսը երկկողմ ձևաչափում տեղավորելն ու դրանց միջազգայնացման վտանգներից զերծ պահելն է:«Երկու ժողովուրդներն առանց դրսի միջնորդության միմյանց հետ ավելի հեշտ լեզու կգտնեն և ավելի հեշտ կլուծեն առկա հարցերը, քան, իբրև թե բարի մտադրությամբ նրանց հարբերություններին միջամտող երրորդ երկրների «օգնությամբ»: Ուրիշների միջամտությանը ապավինելով, մենք ուրիշների ձեռքն ենք տալիս այն հարցերը, որ մենք ինքներս կարող ենք և պետք է լուծենք», – ոչ մասնագիտական լեզվով կարելի է այսպես ներկայացնել վերոնշյալ տեսակետը: Առողջ միտք է: Սակայն մենք պետք է նկատի ունենանք, որ ժամանակակից աշխարհում շատ քիչ հարցերն են հնարավոր լինում կաղապարել երկկողմ հարաբերությունների ձևաչափում: Քիչ թե շատ էական բոլոր հարցերը մեր օրերի փոխկապակցված աշխարհում անխուսափելիորեն միջազգայնացվում են: Եվ եթե նկատի ունենանք տարածաշրջանի միջազգային կարևորությունը և այն, որ հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանի առանցքային հարցերից են, եթե ոչ ամենաառանցքայինը, ապա պարզ կդառնա, որ հազիվ թե Հայաստանն ու Թուրքիան հնարավորություն ունենան խուսափել խոշորների միջամտությունից` արդեն իսկ նրանց միջամտությամբ հարուցված գործընթացում: Թուրքիան գուցե և նախընտրեր հարցը շրջանցել, և իրականացներ Հայաստանի Հանրապետությունը չճանաչելու, նրա գոյությունը արհամարելու և մեր երկիրը մեկուսացնելու քաղաքականությունը: Բայց գործընթացներից պարզորոշ երևում է, որ նա հարկադրված է տեղի տալ խոշորների ճնշմանը, որոնց համար հայ-թուրքական բաց սահմանը տարածաշրջանային ինչ-ինչ ծրագրերի բաղադրիչ կարող է լինել:
Այն, որ Ֆրանսիան ու Գերմանիան Թուրքիայի մուտքը Եվրոմիություն պայմանավորում են նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական ակտով, հայ-թուրքական հարաբերությունների միջազգայնացման մի ձև է, որի վրա մենք հազիվ թե կարողանանք արգելք դնել: Եթե անգամ ցանկություն ունենանք, մենք դա չենք կարող անել, և դա հազիվ թե մեզ ապագայում հաջողվի: Դա մի տեսակ դարձել է նրանց ներքին գործը: Եվրոպան Թուրքիային ասում է` ճանաչիր մարդկության դեմ կատարած հանցանքդ, եթե ուզում ես դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Եվ մենք չենք կարող նրան արգելել Թուրքիային առաջադրելու այդ նախապայմանը:
Իհարկե, ինչ-որ հարցեր հայերն ու թուրքերը իրենց հարաբերությունների կարգավորման դեպքում կկարողանան լուծել` առանց ուրիշների միջամտության: Սակայն այն բոլոր դեպքերում, երբ այդ հարաբերությունները ձեռք բերեն ողջ տարածաշրջանի վրա ազդեցություն գործելու ներուժ, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ «խոշորները կհայտնվեն մեր կողքին»:
Ես այս հանգամանքը չեմ շեշտում ի պաշտպանություն հոռետեսական այն տեսակետի, թե «ամեն ինչ գտնվում է խոշոր տերությունների ձեռքում» և չեմ պնդում, թե իբր փոքրերի ազդեցությունը միջազգային հարաբերությունների ընթացքի վրա հավասար է զրոյի: Ես այդ տեսակետի կողմնակիցը չեմ: Սակայն գտնում եմ, որ փոքրերը, ի թիվս այլոց և մենք, արտաքին քաղաքականություն պետք է իրականացնենք այն հաշվարկով, որ գլոբալացված աշխարհում այլևս չկա որևէ էական խնդիր, որ դուրս մնա քաղաքական հսկանների ազդեցությունից: Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային բոլոր կարևորագույն հարցերում խոշորների ներկայությանը: Իսկ դա նշանակում է, որ պատմությունը մեզնից պահանջում է տիրապետել բարձրակարգ դիվանագիտության:
Ասվածից պարզ է, որ մենք հայ-թուրքական հարաբերությունների բարեփոխմանը պիտի գնանք ոչ թե «խոշորներից պոկվելու» համար, ինչը պարզապես իրատեսական չէ: Մենք այլ դիտակետից պետք է գնահատենք հարցը: Հայաստանի երրորդ հանրապետությունը բացառիկ հնարավորություն է ստացել գործնական քաղաքականության նժարներին, ասել է թէ` հայոց ազգային շահերի տեսակետից խիստ գործնական մոտեցմամբ գնահատել իր տալիքն ու ստանալիքը արդեն իսկ մեկնարկած գործընթացներում: Մենք պետք է պատրաստ լինենք հրաժարվելու քաղաքական ռոմանտիզմից, որով պարբերաբար տառապել ենք: Եվ պետք է սովորենք կատարել քաղաքական հաշվարկներ միջազգային այն հարաբերություններում, որոնց մեջ մենք ներգրավված ենք և որոնք անխուսափելիորեն ունեն նաև գործարքի իմաստ: Սովորենք քայլ առ քայլ ետ բերել կորցրածը, այդ թվում և քաղաքական մշակույթի և հատկապես դիվանագիտության բնագավառում:
Համաձայնելով պրն Սարդարյանի հետ հայ-թուրքական սահմանի բացման հարցում` մենք դրա հիմնավորումը չենք տեսնում այն բանում, որ Հայաստանին ու Թուրքիային կհաջողվի իրենց հարցերը լուծել «առանց խոշորների ներկայության», առանց նրանց շահերի հաշվառման: Հակառակը, մեր դիվանագիտությունը պետք քայլեր ձեռնարկի` մեր տարածաշրջանում նրանց մշտական ներկայության հաշվառումով: Եվ հենց այդ դաշտում մենք պետք է սովորենք պաշտպանել մեր շահերը և շահած դուրս գալ տարածաշրջանային քաղաքական այն խաղերից, որոնցում մենք կհայտնվենք թուրքերի հետ մեկտեղ:
Թեգեր` Ալեքսանդր Մանասյան, Կտրիճ Սարդարյան, հայ-թուրքական հարաբերություններ












