Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրանական քաղաքական շաբաթ

Դեկտեմբեր 22, 2010թ. 17:19

Iran-ArmAr.amԱնցնող շաբաթվա սկզբի ամենացնցող իրադարձությունը  Սիստան-Բալուչեստան (Պակիստանին սահմանակից) նահանգի Չաբահար քաղաքի  ահաբեկչական պայթյուններն էին, որոնց ընթացքում շուրջ 40 մարդ զոհվեց ու այդքանն էլ վիրավորվեց:

Նույն շրջանի հայտնի տեռորիստ (ամիսներ առաջ մահապատժի ենթարկված), ՙՋունդոլլահ՚ մահապարտների ղեկավար Ռիգիի կողմնակիցները իրականացրեցին ահաբեկչությունը, որն իրականացվեց սգո թափոր-խառնամբոխի խիտ շարքերում: Տեղի ունեցածի առիթով  խիստ արձագանքեց  խորհրդարանի, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բորուջերդին ՝ ընդգծելով, որ այս կարգի ահաբեկչական գործողությունների ակունքը գտնվում է սահմանից այն կողմ եւ պահանջեց` արագ կազմակերպել սահմանի արգելափակման աշխատանքները: Ոստիկանական հրամանատարության տեղակալ Ռադանը հայտնեց, որ նահանգի սահմանային շրջանի կարեւոր հատվածն արդէն իսկ արգելափակված է, իսկ մնացյալի համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորումը, որպեսզի անվտանգությունն ամբողջովին ապահովվի սահմանային այդ շրջանում: Հատկանշականն այն է, որ ‹‹ջունդոլլահ››-ականները սյուննի ծայրահեղական աղանդից են, որոնք իբր կրոնականներ հերթական հաշվեհարդարի են դուրս գալիս շիա աղանդի հետեւորդների դեմ, և իրենց կրոնական սուգի՝‹‹Թասուա-Աշուրա››-ի օրը ահաբեկչություն են իրականացնում: Այս վարկածը, թե’ շիա,  թե’ սյուննի աղանդի կրոնապետերի կողմից հերքվեց…
Ներքին, առավել եւս սոցյալ-տնտեսական սպասված իրադարձությունը, անկասկած, Ահմադինեժադի կառավարության ‹‹նպատակային սուբսիդավորման›› օրինագծի գործարկման մեկնարկն էր, որն ի հեճուկս բազմաթիվ ընդդիմախոսների ի կատար ածվեց: Օրինագիծը (այժմ արդեն օրենքի ուժ ստացած)  երկրի  ողջ տնտեսական համակարգի  փոփոխությունների  փաթեթ է, որոնք, կարելի է ասել՝ ժամանակակից կդարձնեն բանկային, առեւտրային, եկամտային, գնողական կարողությունների, էներգակրային ռեսուրսների օգտագործման կարելիությունները,  մեկ խոսքով՝ սոցյալ-տնտեսական համընդհանուր վիճակը կդնեն արդար հիմքերի վրա, թեպետ  բացառված չեն լինի սղաճն ու թանկացումները, որոնք, համաձայն կառավարության ծրագրի՝ այնպես են վերահսկվելու, որպեսզի կտրուկ եւ ցնցումային իրավիճակներ չառաջացնեն: Դրականը նրանում է, որ ժողովրդի լեզվով ասած՝ երկրի հարստությունը, բաշխվելու է հասարակական լայն խավերի մեջ, համապատասխան եկամուտների. այսինքն՝ համեստ եկամուտ ունեցող խավերին կհատկացվեն լրացուցիչ սուբսիդային օժանդակություն, ի տարբերություն բարձր եկամուտ ունեցողների, որոնց համար, ասենք, ոչ մի նշանակություն էլ չունի բենզինը 400, թե 700 թումանով կգնեն: Մեկ բան, սակայն, հստակ է՝ այս ծանրակշիռ, բայց համարձակ տնտեսական հոլովույթը, ըստ տնտեսագետների, անխուսափելի էր. չէ՞ որ պետական եկամուտներով լոկ տնտեսական սուբսիդային միակողմանի քաղաքականությունը դեռեւս սրանից քառասուն տարիներ առաջ (70-ական թթ.) ժամկետանց ու սպառված քաղաքականություն է համարվել: Այնպես որ՝ Իրանի կառավարությունը թեպետ ուշացած, բայց տնտեսական ճշգրիտ ուղղություն է որդեգրել: Այն մեկնարկելուն պես վայելեց ժողովրդական լայն խավերի համակրանքը: Մնում է միայն Իրանի, որպես տնտեսա-հասարակական, մշակութային ու ինչու չէ՝ քաղաքական (ներքին թէ արտաքին) առանձնահատկությունները, պետական թէ ազգային շահերի նկատառումով, պատշաճեցնել այդ ընդհանուր գործընթացին, որպեսզի երկիրը թեւակոխի զարգացման ու կայունության նոր հանգրվաններ:

***

Քաղաքական` ներքին, թէ արտաքին դաշտում կարևորվում է ԻԻՀ արտգործնախարար, փորձառու դիվանագետ Մանուչեհր Մոթթաքիի մեղմ ասած՝ պաշտոնազրկումը: Նա դեռ աֆրիկյան Սենեգալ երկրում գտնված պահին (ըստ ոմանց՝ Սենեգալի նախագահն է Մոթթաքիին իրազեկել վերջնիս պաշտոնից ազատվելու մասին) է իմացել այդ մասին:
Սա ինքնին հիմք է ծառայել քաղաքական շրջանակների ու հատկապես օրենսդրականների համար, որպեսզի խիստ քննադատաբար վերաբերվեն ‹‹նախագահի միջազգային նորմերին հակասող›› քայլին… Մինչ այդ, սակայն, ոչ բարձրաձայն, բայց շշուկներ կային, որ նախագահը սրանից դեռ մեկուկես տարի առաջ (նախագահական 2-րդ շրջանից սկսյալ) մտադիր է եղել նոր դիվանագետով փոխարինել արտաքին դիվանագիտության գերատեսչին,
բայց որոշ հանգամանքներ դա հետաձգել են: Նաեւ կա այն կարծիքը, որ ինքը` Մոթթաքին, այնքան էլ գոհ չի եղել նախագահականին կից խորհրդականների այն պահվածքից, որով վերջիններս հաճախ ‹‹միջամտում››  էին արտաքին քաղաքականության, եւ հատկապես, ԱԳ գերատեսչությանը վերապահված քայլերին ու դիրքորոշումներին…
Ինչեւէ, Մոթթաքիին այժմ փոխարինել է Ատոմական էներգիայի կազմակերպության նախկին նախագահ Սալեհին: Իսկ մոտակայ օրերին նախագահ Ահմադինեժադը նորանշանակ գերատեսչի ընկերակցությամբ Թուրքիա է մեկնելու՝ ԷԿՕ-ի գերաստիճանին մասնակցելու համար:

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
‹‹ԱԼԻՔ›› օրաթերթի գլխ. խմբագիր

ArmAr.am


Դիտել Regions, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն