«Վիքիլիքս»-ի հրապարակումներն ի նպաստ աշխարհաքաղաքական նոր ձեւակերպումների բեմադրման
Երբ սրանից 10-15 տարի առաջ համաշխարհայնացման երևոյթի թափ առնող ալիքները ներթափանցեցին ողջ աշխարհի երկրների պայմանական ազգային սահմաններից ներս եւ արբանեակային տեղեկատվական ու ինտերնետային համացանցը միանգամայն փշրեցին համաշխարհային հանրութեան եւ անհատ քաղաքացու հանրային ու անձնական, այսպէս ասած, խիստ նեղ, պետութիւնների վերահսկողութեան տակ գտնւող սահմանները, միջազգային յարաբերութեան փորձագէտներից քչերն էին կասկածում, որ տեղեկատւական տեխնոլոգիաների բնագաւառում տեղի ունեցող սրընթաց յեղաշրջումը հետագայում ինչպիսի քաղաքական ցնցումների եւ մտային շեղումների բացառիկ առիթ է ընծայելու աշխարհը կառավարող մենաշնորհեալ տնտեսա-քաղաքական վերնախաւին: Այդ մարգարէական նախատեսութեան արդիւնքները չուշացան:
2001թւականի սեպտեմբերի 11-ին, տասնեակ տեսախցիկների եւ լրատւական գործակալութիւնների ներկայացուցիչների ու հասարակ քաղաքացիների աչքի առջեւ, «Ալ Ղայիդա» կոչւող ահաբեկչական խմբաւորման նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Նիւ Եօրքի երկու հանրայայտ բուրգերի վրայ աննախադէպ յարձակման գործողութիւնը: Կարծէք թէ այդ օրը ամէն ինչ նախապէս դասաւորւած էր, որ ահաբեկչական ակտը պարզագոյն ձեւով նկարահանւի եւ միաժամանակ ուղղակի հեռուստաեթերով ցրւի ամբողջ աշխարհում: Ինչեւէ, 11 սեպտեմբերի 2001 թւականի յաջորդ օրւանից, ԱՄՆ-ի նախաձեռնութեամբ, սառը պատերազմեան դարաշրջանին յաջորդեց ահաբեկչութեան դէմ պատերազմի ժամանակաշրջանը:
Մի խօսքով՝ արեւմտեան մեծ տէրութիւնները օգտւելով կամ աւելի ճիշտ՝ ստեղծելով մի պատեհ առիթ եւ յենւելով իրենց ռազմական անմրցունակ ուժի վրայ, աշխարհաքաղաքական հաշւեկշիռները հիմնական փոփոխութեան ենթարկելով՝ միջազգային դիւանագիտութեան ասպարէզում մտցրեցին համաշխարհային հակաահաբեկչական պայքարի նոր հասկացողութիւն: Այնուհետեւ, ԱՄՆ-ի եւ նրա որոշ արեւմտեան մեծ տէրութիւնների կայծակնային ռազմագրոհով գրաււեց Աֆղանստանը եւ երկու տարի դրանից յետոյ՝ Իրաքը: Զաւեշտականն այն է, որ 2001 թւականից ծաւալւած արեւմտեան հակաահաբեկչական պատերազմի եւ Նիւ Եօրքի զոյգ բուրգերի փլուզման ահաբեկչական գործում մեղադրւող «Ալ Ղայիդա» խմբի գլխաւոր ղեկավար Ուսամա Բէն Լադէնը եւ Աֆղանստանի թալիբների առաջնորդ Մոլլա Օմարը, մինչեւ օրս ԱՄՆ-ի զինուժի միջոցով չեն ձերբակալւել, աւելին, շարունակում են կատաղի պայքարը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ նրանց դաշնակից այլ պետութիւնների` Աֆղանստան ուղարկած զօրամիաւորների դէմ:
Առաւել հետաքրքիրն այն է՝ Իրաքի դիկտատոր եւ նախկին նախագահ Սադդամ Հուսէյնը ու «Բաաս» կուսկացութեան ղեկավարները, Իրաքի իշխանութեան տապալումից յետոյ, Արեւմուտքի դաշնակից պետութիւնների ռազմական դատարանում չէր, որ մահապատժի դատապարտւեցին, այլ նրանց մահավճիռը կայացաւ հէնց իրաքեան դատարանում: Իսկ չմոռանանք, որ դեռեւս Իրաքում եւ Աֆղանստանում այսպէս ասած հակաահաբեկչական պատերազմը չի աւարտւել: 2001-ի սեպտեմբերի 11-ից մինչ այժմ ԱՄՆ եւ նրա դաշնակիցները միլիարդավոր դոլլարներ են ծախսել եւ մարդկային զգալի կորուստներ են տւել Միջին Արեւելքի տարածաշրջանում ծաւալած
պատերազմներում: Կատարւած ներդրումների դիմաց արդէն 9 տարուց յետոյ, որը շուտով կը թւակոխի 10-ամեակի մէջ, արդէն պէտք է ԱՄՆ-ն իր նախատեսած տնտեսա-քաղաքական շահերը, գոնէ առնւազն երկու տասնամեակ ժամկէտային առումով, ապահովի:
Ահաւասիկ, նման պայմաններում, երբ արդէն ԱՄՆ-ի պետական շրջանակներում աստիճանաբար հասունանում է մինչեւ 2011 կամ որոշ պայմաններով 2014 թւականը, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զինուժերի դուրսբերման վարկածն Իրաքից ու Աֆղանստանից, եւ երբ արդէն միջուկային սպառազինումը սահմանափակելու հարցով ինչ-որ նախնական պայմանաւորւածութիւն է կանխատեսւում ԱՄՆ եւ Ռուսաստան կողմերի միջեւ, կարելի է ենթադրել, որ հակաահաբեկչական պատերազմի ռազմավարութեան դրոյթների մէջ եւս պէտք է որոշ նոր փոփոխութիւններ եւ միտումներ մտցնել:
Անշուշտ, աշխարհի մեծ տէրութիւնների միջոցով կայացւած ռազմավարութեան փոփոխութիւնները պահանջում են նուրբ ու մանրամասն նախատեսումներով ծրագրաւորում համաշխարհային նոր իրավիճակին, որին անցնելը կարիք ունի հանրային կարծիքի վրայ շեղումնային շոկ հասցնելու անհրաժեշտութիւն:
Ահա այսպիսի պայմաններում է, որ միանգամայն անսպասելիօրէն «Վիքիլիքս» կայքէջում հրապարակւում է ԱՄՆ-ի արտգործնախարարութեան դիւանագիտական գաղտնի փաստաթղթերի հսկայածաւալ տեղեկութիւններ, որը ցնցիչ ազդեցութիւն է գործել համաշխարհային դիւանագիտութեան եւ միջազգային անվտանգութեան հաւասարակշռութեան վրայ: Յատկանշական է, որ «Վիքիլիքս» կայքէջը հրապարակել է լոկ ԱՄՆ-ի դիւանագիտական գաղտնի գրագրութիւնը եւ ոչ թէ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի կամ մեկ այլ մեծ տէրութեան փաստաթղթերը: Աւելին՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը ներողութիւն է հայցել բոլոր նրանցից, ովքեր «Վիքիլիքս»-ում հրապարակւած տեղեկութիւնների բնագրում իրենց հասցէին վիրաւորանք են նկատել: Միւս կողմից, երբ աւելի ուշադիր հայեացքով խորանում ենք կայքէջում տեղակայւած նիւթերի ծաւալի եւ բովանդակութեան դասակարգման մէջ, նկատելիօրէն պարզւում է, որ դրանց մեծ մասը վերաբերում է Իրանի ատոմական ծրագրի հարցին եւ Միջին Արեւելքի երկրների անվտանգութեան խնդիրներին: Ուշագրաւ է նաեւ, որ հրապարակւած փաստաթղթերում ամենեւին բացակայում է Իսրայէլի մասին որեւէ ակնարկ: Միանգամայն ակներեւ է, որ «Վիքիլիքս»-ի բացայայտումները միտւած են աշխարհաքաղաքական նոր բնոյթի ռազմավարութեան ձեւակերպմանը, որով քաղաքական խիստ վտանգաւոր խաղի մէջ է ներգրաււում աշխարհի երկրների մի զգալի մասը,
որոնք, անշուշտ, իրենց աշխարհաքաղաքական դիրքով ու դերով գտնւում են տարբեր քաղաքակրթութիւնների բախման եզրերում: Այսպէս՝ կարող ենք եզրակացնել, որ «Վիքիլիքս» կայքէջի խիստ կասկածելի հրապարակումների յետեւում առկայ են քաղաքական եւ ռազմավարական նոր փոփոխութիւնների շատ լուրջ խնդիրներ, ինչպէս Միջին Արեւելքի կարեւոր երկրների միջեւ պառակտում առաջացնելու եւ հակամարտութիւնները խորացնելու գործընթացներ:
Նման կասկածները, փորձագէտների կարծիքով, այն ժամանակ են խորանում, երբ «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Շւեդիայի դատարանում մեղադրւել է կանանց նկատմամբ բռնաբարութեան մէջ եւ Շւեդիայի իշխանութիւնը նրան ձերբակալելու թոյլտւութիւն է տւել Ինտերպոլին:
Յիշատակման արժանի է, որ Ասանժն յանձնվեց Բրիտանական ոստիկանութեանը, իսկ Բրիտանիան յայտնի է որպէս ԱՄՆ-ի մշտական դաշնակից, աշխարհում կատարւող բոլոր գաղտնի եւ խորհրդաւոր անվտանգութեան ծառայութիւնների կնքահայր:
Միանգամայն բնական հարց է ծագում, նախ այդ ծաւալի գաղտնի փաստաթղթերը ինչպէս եւ ում միջոցով են տրամարդւել «Վիքիլիքս» կայքէջի հիմնադիր Ասանժին, իսկ յետոյ վերջնիս ոչ թէ մեղադրում են միաջազգային լրտեսական գործունէութեան մէջ, այլ երկու կնոջ բռնաբարութեան գործում: Հետաքրքիր է՝ եթէ տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած եւ լրագրութեամբ զբաղւող Ջուլիան Ասանժն այդքան շահագրգռւած է կանանցով, ապա կարծէք, թէ նրան աւելի շատ կը յարմարէր անբարոյական սայթեր ձեւակերպել ու աշխարհով մէկ ցրել, քան մտնել քաղաքական շատ բարդ ու իրեն գլխացաւանք պատճառող խաղերի մէջ:
Այդուամենայնիւ, պէտք է նշել, որ «Վիքիլիքս»-ում հրապարակւած տեղեկութիւններն ընտրւել են նրբանկատօրէն եւ վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է վերջին տասը տարիների ընթացքում աշխարհում եւ յատկապէս Միջին Արեւելքի տարածաշրջանում կատարած ոտնձգութիւնների համար մեղսակիցներ գտնել:
Ուշագրաւ է, որ աշխարհի տեղեկատւական դաշտում ամէն օր շատ աւելի կարեւոր հրապարակումներ ու բացայայտումներ են հոսում միլիոնաւոր կայքէջերում եւ տպագիր մամուլում, որոնք վկայում են մեր մոլորակում անվերջ կրկնւող անարդարութիւնների, բազմատեսակ խտրականութիւնների, պատերազմների, երաշտների, բռնութիւնների եւ հազարաւոր հասարակական-քաղաքական ոճիրների մասին, սակայն այդ հրապարակումները մատնւում են մարդկութեանը կառավարող վերնախաւի բութ անտարբերությունը: Մինչդեռ, հետաքրքրականն այն է, որ երբ նման հրապարակումները իրենց վրայ կրում են ինչ-որ համաշխարահային մեծ տէրութեան գաղտնի ծառայութիւնների խիստ վերահսկողութեան տակ գտնւող անվտանգութեան փաստաթղթերի պիտակը, ահա այն ժամանակ բոլորի ուշադրութիւնը կենտրոնանում է այդ կասկածելի փաստաթղթերից կցկտուր ծորած
տեղեկութիւնների վրայ:
Ուրեմն` եկէք այսպէս դատենք, թէ «Վիքիլիքս»-ի հրապարակումները միայն պատահականութեան կամ կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճշմարտասիրութեան արդիւնքը չեն: Հետեւաբար, եկէք մեր գնահատանքների մէջ եւս չշտապենք ու մի փոքր սպասելով՝ ոչ շատ ուշ ապագայում ականատեսը լինենք համաշխարհային համակարգի նոր իրավիճակների ստեղծմանը:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ, Թեհրան
ArmAr.am












