Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

‹‹Նեմեսիսը›› գործողության մեջ

Դեկտեմբեր 25, 2010թ. 10:37

ArmenianGenocide-1280x102420-րդ դարում մարդկության դեմ կատարված առաջին ամենամեծ ոճրագործությունը հայոց ցեղասպանությունն էր, որի արձագանքները շարունակվում են մինչ այժմ: Ցեղասպանության հանցավոր ծրագիրը կազմվեց գաղտնի՝ 1908 թվին Թուրքիայում՝ իշխանության գլուխ բարձրացված երիտթուրք պարագլուխների մտահղացմամբ: Այդ տարիներին արդեն կազմավորվել էր պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որն իր առջև նպատակ էր դնում ստեղծելու համաթուրանական մի պետություն Միջերկրական ծովից մինչև Ալթայ, Ղրիմից մինչև Պարսից ծոց: Այդ տարածքում բնակվող ոչ մահմեդական ժողովուրդները և առաջին հերթին հայերը դատապարտվում էին բռնի ձուլման կամ ոչնչացման:

Եվ ահա այդ ոճրագործ երազներով տոգորված երիտթուրք պարագլուխները, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, անցան իրենց հրեշավոր ծրագրերի իրագործմանը: Թուրքիայի ՆԳ նախարար Թալեաթի ստորագրությամբ թուրքական կառավարությունը գաղտնի կարգադրություն ուղարկեց բոլոր նահանգապետերին և գավառապետերին, ուր հրամայվում էր ոչնչացնել հայ ազգաբնակչությանը:

1915-1918 թ.թ. ընթացքում երիտթուրքական կառավարության հայաջինջ գործողությունների հետևանքով տեղահանվեցին և աքսորվեցին ավելի քան երկու միլիոն հայեր, որոնցից մեկ ու կես միլիոնը սպանվեց կամ զոհվեց: Բռնի թուրքացման ենթարկվեցին մոտ երկու հարյուր հազար հայ պատանիներ և աղջիկներ:

Պատերազմից հետո երիտթուրքերին փոխարինելու եկած քեմալականները շարունակեցին իրենց նախորդների սկսած ոճրագործությունը:

Կատարվեց 20-րդ դարի մեծագույն հանցագործությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ մարդկության հանդեպ: Մեծ եղեռնից հետո ոճրագործ Թալեաթը հայտարարեց, որ ՙչկա այլևս հայկական հարց, քանի որ այլևս չկան հայեր՚:

Քեմալականների իշխանության գալուց հետո, համաշխարհային հասարակության ճնշման տակ, Թուրքիայի նոր կառավարությունը որոշեց ‹‹պատասխանատվության ենթարկել›› Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին և նրանց կամակատարներին: 1919 թ. հունվարի 8-ին կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ, նշանակվեցին քննիչներ, դատախազներ, հավաքվեցին և ստուգվեցին արևմտահայության կոտորածներին վերաբերվող բազմաթիվ մեղադրական ապացույցներ: Օսմանյան կայսրության տարածքը բաժանվեց տաս դատաքննչական շրջանի և սկսվեցին դատավարությունները, որոնք ընթացան 1919 թ. ապրիլից և ընդհատումներով շարունակվեցին մինչև 1920 թվի հունվար ամիսը: Դատավարությունների ընթացքում քննվեցին հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպող ՙմիություն և առաջադիմություն՚ կուսակցության պարագլուխների գործունեությունը: Այդ դատավարությունները ցույց տվեցին, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական անհրաժեշտություններ չէին, ինչպես ցանկանում էին ներկայացնել ոճրագործները, այլ եղել են կանխամտածված գործողություններ, որոնք իրականացվել են երիտթուրք պարագլուխների նախաձեռնությամբ և կարգադրությամբ: Եվ այդ նպատակով բանտերից ազատ են արձակվել մարդասպաններ և այլ քրեական հանցագործներ:

Ընդհանուր առմամբ դատի տրվեցին մոտ 90 հանցագործ, որոնցից 8-ը՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Ջեմալ Ազմին, Բեհաէդդին Շաքիրը, Քեմալ և Նայիմ բեյերը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մնացած հանցագործները՝ տարբեր տարիների ազատազրկման:

Օսմանյան կայսրությունում ընթացող այդ դատավարությունները և թուրքական դատարանների որոշումները պարզապես քաղաքակիրթ աշխարհի աչքին թոզ փչել էր, քանի որ դատավարությունների ընթացքում անգլիական զինվորական հրամանատարությունը 77 հանցագործի՝ այդ թվում հետագայում հեռակա կարգով մահվան դատապարտվածներին, անսպասելիորեն դուրս բերեցին Կ.Պոլսից և աքսորեցին Մալթա կղզի, դրանով իսկ կանխամտածված կերպով արգելք հանդիսանալով դատավարության նորմալ ընթացքին: Նման պայմաններում շատ հանցագործներ ուղղակիորեն մոռացության մատնվեցին, ապա կաշառքով ազատ արձակվեցին հայերից հափշտակված մի քանի միլիոն ոսկով: Այսպիսով, ցեղասպանություն իրագործած հանցագործները ոչ միայն չպատժվեցին, այլև խրախուսվեցին: Արևմտահայությունը տեսավ և հասկացավ թե ինչ արժեն եվրոպական դաշնակից պետությունների ‹‹ազնիվ›› խոսքը՝ սատար կանգնելու իր բնօրրանում ապրելու արդար իր իրավունքներին:

Հայ քաղաքական կուսակցություններից առավել ակտիվը Հ.Յ.Դ.-ն էր, որ ամեն հնարավոր միջոցի դիմում էր արևմտահայության արդար դատը պաշտպանելու, ինչի համար նա կյանքի էր կոչված: Հայոց ցեղասպանությունը մտահղացած, կազմակերպած և իրագործած երիտթուրք ոճրագործներին անպատիժ թողնելը ժողովրդի և Հ.Յ.Դ.-ի համար արժանապատվության խնդիր էր:

Եվ ահա 1919 թվի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը Երևանում գումարված Հ.Յ.Դ.-ի 9-րդ ընդհանուր ժողովը որոշում է հակաահաբեկչական գործողություններ կատարելով պատժել հայերի ցեղասպանությունը կազմակերպելու և գործադրելու մեջ մեղադրվող երիտթուրքերի պարագլուխներին և նրանց կամակատարներին:

Այդ նպատակի համար կյանքի կոչվեց մի Պատասխանատու մարմին, որի գլխավոր ծրագրողն ու կազմակերպիչը նշանավոր հրապարակախոս և հասարակական գործիչ Շահան Նաթալին էր /Հակոբ ՏերՀակոբյան 1884-1983/: Պատասխանատու Մարմնի ղեկավար նշանակվեց Հ.Յ.Դ.-ի կարկառուն դեմքերից մեկը՝ Արմեն Գարոն /Գարեգին Փաստրմաճյան, 1872-1923/:

Ծայր աստիճան գաղտնիության պայմաններում ծրագրվում է թուրք դահիճներին պատժելու գործողությունը, որը կրում է ‹‹Նեմեսիս››* պայմանական անվանումը և սկսվում են նախապատրաստական աշխատանքները: Նշվում են ցեղասպանությունը իրագործած հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվում են 41 գլխավոր հանցագործները, որոնց նկատմամբ որոշվում է ի կատար ածել մահապատիժ:

Ահա այդ 41 ոճրագործների ‹‹սև›› ցուցակը /բերված ցուցակը կարող է կրել չնչին փոփոխություն, երբ մեր ձեռքի տակ անցնեն Հ.Յ.Դ.-ի արխիվային նյութերը, որոնք վերաբերում են նրա 9-րդ ընդհանուր ժողովին: Հնարավոր է նաև, որ այդ ցուցակը լինի Արմեն Գարոյի, Շահան Նաթալիի, Գրիգոր Մերժանովի և Վահան Փափազյանի անձնական արխիվներում/**.

1. Ազմի բեյ կամ /Պետրի բեյ/ – Կ.Պոլսի ոստիկանապետ

2. Աբդուլ Քերիմ փաշակովկասյան ռազմաճակատի հրամանատար, Բիթլիսի, Մուշի ջարդարար

3. Ազիզ բեյհասարակական անվտանգության վարչության տնօրեն /տեսուչ/

4. Ահմեդ Ռեֆիք /Ալթընայ/ /1880 – 1937/ – Էսքեշեհիրի հայերի տեղահանության
հանձնաժողովի նախագահ, ռազմական գործիչ, պատմաբան

5. Աթըֆ/1882 /  – Անկարայի նահանգապետ: Նախապատրաստել է հայերի կոտորածը:

6. Բեհաէդդին Շաքիր /1875 – 1922/ – ‹‹Միություն և առաջադիմություն›› կուսակցության 2-րդ քարտուղար, երիտթուրքերի գափարախոս, ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկը: Հեռակա դատապարտվել է մահվան:

7. Զիյա Գեոք Ալփ :-/1876 – 1924/- Թալեաթի տեղակալը: Պանթուրքիզմի հիմնադիրն ու մեծագույն գաղափարախոսը Աքսորվել է Մալթա:
8. Թալեաթ Մեհմեդ փաշաԹուրքիայի ՆԳ նախարար, ‹‹Միություն և առաջադիմություն›› կուսակցության ԿԿի նախագահ, ցեղասպանության գլխավոր կազ
մակերպիչ: /1874 – 1921/ Հեռակա դատապարտվել է մահվան:

9. Թահսին Հասան փաշաԿարինի կուսակալ, ջարդարար

10. Թեֆիկ բեյՅոզղատի ոստիկանապետ, ջարդարար

11. Խալիլ բեյ Մենթեշե/1874 – 1955/- Թուրքիայի ՆԳ նախարար: 1908 թ. Աքսորվել է Մալթա:

12. Խալիլ փաշա Քութ/1882 – 1957/ – գեներալ, ջարդարար: Էնվերի հորեղբայրը:

13. Ֆաթալի խան Խոյսկի/1920/  – մուսաֆաթական Ադրբեջանի վարչապետ:
Կազմակերպել է Բաքվի և Շուշիի կոտորածները:

14. Կարաբեքիր Մուստաֆա /1882 – 1948/- գեներալ, ջարդարար, Արևելյան ռազմաճա
Քյազիմկատի հրամանատար: Աչքի է ընկել խաղաղ հայ ազգաբնակչության նկատմամբ դաժանությամբ:

15. Հասան Իզեթ փաշակովկասյան ռազմաճակատի հրամանատարներից, ջարդարար

16. Միդհաթ Շյուքրի /1874 – ?/ –‹‹Միություն և առաջադիմություն›› կուսակցության 2-րդ քարտուղար, ‹‹երեքի››գործադիր կոմիտեի անդամ, հայերի տեղահանության կազմակերպիչ:

17. Նազըմ բեյ /դոկտոր Նազիմ/ /1870 – 1926/ – Թուրքիայի լուսավորության նախարար, երիտթուրքերի գաղափարախոս և գլխավոր քարտուղար: Կախաղան է հանվել 1926 թվին:

18. Նուրի Ջելալ փաշա /1877 – 1939/ – Էնվերի եղբայրը, զորահրամանատար, ջար
դարար

19. Ջեմալ Ազմի/1878 – 1922/ – Տրապիզոնի նահանգապետ: Հայ երեխաներին Սև ծով լցնողը: Հեռակա դատապարտվել է մահվան:

20. Ջևդեթ ԱբդուլլահՎանի նահանգապետ, ջարդարար, Էնվերի աներձագը:

21. Ջեմալ Ահմեդ փաշա/1872 – 1922/- ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ
ներից, Թուրքիայի ծովային նախարար, հեռակա դատապարտվել է մահվան:

22. Ջևադ բեյմայրաքաղաքի նախկին պարետ, Ադանայի նահանգապետ, կոտորածների կազմակերպիչ, ջարդարար:

23. Բեհբուդ խան Ջիվանշիր /1921/ – Մուսաֆաթական Ադրբեջանի ՆԳ նախարար, Շուշիի և Բաքվի կոտորածների կազմակերպիչ:


24. Ռեմզի Մուստաֆա փաշազորահրամանատար, ջարդարար, Ադանայի
կոտորածների կազմակերպիչ և մասնակից


25. Սայիդ Հալիմ փաշա/1863 – 1921/  – երիտթուրքերի պարագլուխներից, Թուրքիայի վարչապետ, հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից


26. Ռեսնելի Նազիմ բեյ‹‹Միություն և առաջադիմություն›› կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար, ջարդարար:


27. Սուլեյման Ասքերի բեյ‹‹Միություն և առաջադիմություն›› կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված զինվորական գաղտնի կազմակերպության ղեկավար, ջարդարար:
28. Վեհիբ Մեհմեդ փաշա/Ֆերիկ Վեհիբ/ -/1877 – 1940/-  3-րդ բանակի հրամանատար, հայկական կոտորածների մասնակիցներից և կազմակերպիչներից:
29. Էնվեր Ահմեդ փաշա/1881 – 1922/  – Թուրքիայի ռազմական նախարար, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը: Հեռակա դատապարտվել է մահվան:
30. Ֆահրի փաշաՈւրֆայի դահիճը: Կոտորածների անմիջական մասնակից:


31. Քեմալ բեյՅոզղատի գավառապետի տեղակալ: Կազմակերպել է 30000 հայերի կոտորածը: Թուրքական դատարանի կողմից դատապարտվել է մահվան և կախաղան հանվել:


32. Հագգը բեյԴերԶորի սպանդի մասնակից

33. Էյուբ բեյԳաղթականների տեսչության ղեկավարներից, հազարավոր հայերի սպանության մասնակից:


34. Նայիմ /Նայիլ/ բեյՏրապիզոնի ջարդարար: Թուրքական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահվան:


35. Նուրի բեյՏրապիզոնի ոստիկանապետ, հեռակա դատապարտվել է մահվան:


36. Նուրի ԱհմեդԳաղթականների տեսչության պետ, կոտորածների անմիջական մասնակից:


37. Քյամիլ ՄեհմեդԲեհաեդդին Շաքիրի գործակից, Սեբաստիայի ջարդարարը:


38. Էրդեն Ալի Ֆուադ/1882 – 1957/  – Գեներալ, կազմակերպել և խրախուսել է հայերի կոտորածը:


39. Մուամմար բեյՍվազի /Սեբաստիա/ նահանգապետ, ջարդարար:


40. Ջելալ Նուրի /1877 – 1939/ – օսմանիզմի, պանիսլամիզմի, պանթուրքիզմի գաղափարախոս, խրախուսել է հայկական կոտորածները:


41. Սալիհ Զեքի փաշաՍասունի, ԴերԶորի սպանդը կազմակերպողը:

Այս ցուցակը վերջնական չէ: Շահան Նաթալիի ՙսև ցուցակում՚ կար ևս 200 ոճրագործի անուն: Ինչպես ասել էր Թուրքիայի ներքին գործոց նախարար Ալի Քեմալ Բեյը, ամբողջ թուրք ազգն է ոճրագործ:
‹‹Կոմսի›› /Վահան Փափազյան/ ցուցակում կային դոկտ. Ռաշիդը և Փիրինջի Զադե Ֆեվզին /Տիգրանակերտից/, Խոջա Իլիասին /Մուշից/, Ջևդեդը /Վասպուրականից/:
Նա հաստատ որոշել էր կազմակերպել նրանց ահաբեկումը Կ.Պոլսում, սակայն այս ոճրագործներն այնտեղ չէին, աքսորված էին Մալթա: / ‹‹Կոմս››, երրորդ հատոր, Կահիրե, 1957 թ./:
Ցուցակում բերված ճիվաղ մարդասպաններից ‹‹Նեմեսիս›› գործողության շրջանակներում հայազգի վրիժառուների կողմից ահաբեկվեցին ութը: Ստորև բերվում է այդ ութ կրակոցների ժամանակագրությունը ըստ հերթականության, գործողության վայրը, ահաբեկման ենթարկվածը և վրիժառուի անունը:


Կրակոց առաջին – 19.06.1920 , Թիֆլիս, Ֆաթալի խան Խոյսկի: Գործադրող՝ Արամ Երկանյան /1900 – 1934/,
Կրակոց երկրորդ – 16.03.1921, Բեռլին, Թալեաթ, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ: Գործադրող՝ Սողոմոն Թեհլիրյան /1896 – 1960/:
Կրակոց երրորդ – 18.07.1921, Կ.Պոլիս, Բեհբուդ խան Ջիվանշիր: Գործադրող՝ Միսաք Թոռլաքյան /1888 – 1968/,
Կրակոց չորրորդ – 05.12.1921, Հռոմ, Սայիդ Հալիմ փաշա: Գործադրող՝ Արշավիր Շիրակյան /1900 – 1973/,
Կրակոց հինգերորդ – 17.04.1922, Բեռլին, Ջեմալ Ազմի: Գործադրող՝ Արշավիր Շիրակյան /1900 – 1973/,
Կրակոց վեցերորդ – 17.04.1922, Բեռլին, Բեհաէդդին Շաքիր: Գործադրողներ՝ Արամ Երկանյան և Արշավիր Շիրակյան /1900 – 1934/:
Կրակոց յոթերորդ – 25.07.1922, Թիֆլիս, Ջեմալ Ահմեդ փաշա: Գործադրողներ՝ Արտաշես Գևորգյան /1894 – 1937/, Պետրոս Տեր-Պողոսյան, Ստեփան Ծաղիկյան /1886 – 1940/:
Կրակոց ութերորդ – ? , 1922, Ուզբեկստան, Էնվեր Ահմեդ փաշա: Գործադրող՝ Կարմիր Բանակի հեծյալ բրիգադ, հրամանատար՝ Հակոբ Մելքումյան:

Դժբախտաբար, նվիրական այս գործը ընդհատվեց և մնաց ամավարտ Հ.Յ.Դի որոշ ղեկավարների քաղաքական անհաշվենկատ նկատառումներից ելնելով, և որի հետևանքով էլ բազմաթիվ թուրք ոճրագործներ մնացին անպատիժ: Ո՞վ կանխեց ‹‹Նեմեսիսը››***…
Սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, ‹‹Նեմեսիս›› գործողության ընդհատումը Հայաստանի համար դարձավ ավելի վնասակար: Դրա հետ անմիջական կապ ունի նաև այն հանգամանքը, որ հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը օտարերկրյա պետությունների կողմից ձգձգվեց ավելի քան 70 տարի և առիթ հանդիսացավ, որ Թուրքիայի կառավարողները հետագայում փորձեն ժխտել ցեղասպանության փաստը, դրանով իսկ ապացուցելով ամբողջ աշխարհին, որ իրոք իրենք երիտթուրքերի լիիրավ ժառանգորդներն են, և որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ չի փոխվել: Ավելին, Թուրքիան հայտարարել է, որ ՙՀպարտության՚ մեդալ կշնորհի տարբեր ժամանակներում հայ վրիժառուների կողմից սպանված 34 թուրք դիվանագետների և պաշտոնյաների ազգականներին:
Այսօր էլ Թուրքիայի կառավարության կողմից տարբեր օտարերկրյա պետությունների վրա գործադրած ճնշումներն ու սպառնալիքները վառ ապացույց են այն բանի, որ 20-րդ դարի սկզբին Արևմտահայաստանում և Օսմանյան Թուրքիայի հայաշատ նահանգներում տեղի է ունեցել դարաշրջանի ամենածանր հանցագործությունը՝ հայերի ցեղասպանությունը, որի ականատեսներից և տուժողներից քչերը բարեբաղտաբար դեռևս ողջ են: Եվ որքան էլ Թուրքիան ցանկանա տարբեր ձևերով ու եղանակներով ժխտել իր նախնիների ոճրագործությունը, միևնույն է այդ նրան չի հաջողվելու:
2001 թ. սեպտեմբերի 11-ին միջազգային ահաբեկչական ԱլՂաիդա կազմակերպության կողմից ԱՄՆի վրա հարձակում գործելուց հետո, նախագահ Ջորջ Բուշը 29 միջազգային ահաբեկիչների ցուցակ է ներկայացրել իր գաղտնի ծառայության գործակալներին, պահանջելով հայտնաբերել և ոչնչացնել նրանց: Եվ, բնականաբար, միանգամայն արդարացի էր, որ ՙՆեմեսիս՚ գործողության շրջանակներում հայ վրիժառուները իրագործում էին այն, ինչ որ այժմյան չափանիշներով և հասկացողությամբ կոչվում է հակաահաբեկչական: Եվ ճիշտ կլիներ, որ Հայաստանի կառավարությունը հիմներ ‹‹Արդարության մեդալ›› և այն շնորհեր Սողոմոն Թեհլիրյանին, Արշավիր Շիրակյանին, Արամ Երկանյանին և մյուս հայ վրիժառուներին՝ հետմահու:

* հունական վրիժառության աստվածուհի Նեմեսիսի անունով:

** Խիստ գաղտնիության պայմաններում կազմված ցանկը բնականաբար չէր կարող հրապարակվել և հետագայում էլ ոչ մի արխիվի չի հանձնվել: Իմ կողմից բերված ցուցակը կազմվել է` ելնելով ՙհայերի ցեղասպանությանը՚ վերաբերող գրականությունից և իմ կողմից կատարված հետազոտությունների և վերլուծությունների արդյունքներից: /Ռ.Հ./

*** Այս մասին տողերիս հեղինակը հանդես է գալու առանձին հոդվածով:

Ռոմիկ ՀՈՎՆԱՆՅԱՆ

ArmAr.am


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն