Դավիթ Ջամալյան. Հայաստանը արցախահայության անվտանգության երաշխավորն է
Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր դինավագիտական-հոգեբանական պատերազմը և փորձելու է հայավնաս բանաձևեր առաջ քաշել միջազգային տարբեր ատյաններում: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը զբաղված է միայն դրանով ու արտասովոր ոչինչ դրանում չկա: Եկող տարում ակնկալում է նաև տեղեկատվական ոլորտում դիվերսիաներ, քանի որ անցնող տարում էլ դրանց պակասն առանձնակի չի եղել. հայտարարել է ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Այս իմաստով 2010թ-ին ադրբեջանցի թուրքերն, օրինակ, առաջ քաշեցին այն կեղծ տեսակետը, թե Հայաստանը պատմական Ադրբեջանի տարածքի վրա ստեղծված պետություն է ու նաև այն կեղծ թեզը, թե պատմական ադրբեջանական հողերի վրա հայերն երկու անգամ չեն կարող ինքնորոշվել»,- նկատել է ռազմական հոգեբանը:
Ըստ Դավիթ Ջամալյանի, այդ թեզն անձամբ Ալիևն է ձևակերպել, և փորձ է արվում այն տարբեր միջազգային ատյաններում զարգացնել: «Հայկական կողմն էլ շարունակաբար հակադրվում է այդ ջանքերին` ներկայացնելով մերկ ճշմարտությունը»:
Դ.Ջամալյանի դիտարկմամբ, ամբողջ անցած տարվա ընթացքում ադրբեջանցիները փորձեցին տարբեր միջազգային ատյաններում շեշտադրել այն, թե ինչո՞ւ են մեր զինված ուժերը տեղակայված Արցախում և կամ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները ներգրավված Արցախի պաշտպանության գործում:
Իր խոսքն ուղղելով ադրբեջանական լսարանին` ռազմական հոգեբանը տեղեկացրեց.«Առկա ռազմական դոկտրինը, որը կանխորոշում է մեր երկրի ռազմական պաշտպանության քաղաքականության ստրատեգիան, հստակ նախանշում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է դառնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Այսօր ապրում ենք սպառնացող պատերազմի պայմաններում: Ահա այս փուլում հենց այդ դոկտրինը մեզ տալիս է արցախահայության անվտանգությունն ապահովելու հնարավորություն»:
ArmAr.am












