Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Բարեփոխումների երկրորդ փուլում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն է»

Հունվար 13, 2011թ. 19:27

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խոսելով Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մասին, ասել է.

«Ծրագիրը մենք պետք է համադրենք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Բոլոր նախարարություններին հանձնարարվում է մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ վերանայել գերակայությունները, և եթե լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, այդ լրացումները կատարել, որպեսզի մեր 2011թ. միջոցառումների ծրագիրը համահունչ լինի նախագահի նախընտրական  ծրագրին։

Երկրորդ` բոլոր նախարարներին հանձնարարվում է հանրությանը ներկայացնել իրենց գերակա խնդիրները և միջոցառումների ծրագիրը, հրավիրել մամուլի ասուլիսներ և մանրակրկիտ բացատրություններ տալ, թե նախարարությունները 2011թ. ինչ միջոցառումներ են իրականացնելու։

Երրորդ հանձնարարականը, ես արդեն ասացի, այն է, որ մեկ շաբաթվա ընթացքում ինձ պետք է ներկայացնեք այն նորմատիվային փաստաթղթերը, որոնք 2011թ. նախարարություններն ի վիճակի են լինելու նոր մեթոդիկայով ազդեցության գնահատական իրականացնել ամբողջական ծավալով։ Դա նշանակում է, որ պետք է ընտրեք կարևորագույնները, որոնց վրա իմաստ ունի ջանք գործադրել։ Մի կողմից, կփորձարկենք մեթոդիկաները, մյուս կողմից` կկարողանանք ձևավորել կարողություններ նախարարություններում։

Որո՞նք են լինելու 2011թ. առաջնահերթությունները։ Բարեփոխումների իրականացման առումով ես դրանք կցանկանայի բաժանել մի քանի խմբի.

Առաջինը և, իհարկե, ուղենիշայինն այն է, ինչ որ ՀՀ նախագահը մեզ հանձնարարել է. մենք պետք է դիվերսիֆիկացման ենթարկենք մեր տնտեսական համակարգը։ Այդ առումով էական, հիմնարար բարեփոխում ենք մենք ձեզ հետ միասին սկսել 2010թ.։ Դա մեր կառավարության թիվ մեկ և լրջագույն բարեփոխումն է` կենսաթոշակային բարեփոխումը, որն առնչվում է բոլոր ոլորտների հետ, երկարաժամկետ է և մեզանից շատ ռեսուրսներ է խլելու։

Երկրորդ լրջագույն բարեփոխումը պարտադիր ապահովագրությունն է, որը մենք սկսեցինք 2010թ.։ 2011թ. այդ առումով բեկումնային է լինելու, որովհետև կձևավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցները։ Դա ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս համակարգի հետ, և նոր մտածողություն է ներդրվելու այս ոլորտում բավական լուրջ հետևանքներով։

Եվ մեր բարեփոխումների երրորդ ուղղությունը, բնականաբար, բիզնես միջավայրին առնչվող ռեֆորմներն են, որ իրականացվելու են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Սա ռեֆորմների առաջին բլոկն է։ Երկրորդ բլոկը արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն է։ Արդյունաբերությունում մենք առաջին անգամ ունենալու ենք արդյունաբերական արտահանման ուղղվածություն ունեցող  համալիր ծրագիր։ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատել է այս ծրագրի վրա, և մենք պետք է կարողանանք հնարավորին չափ կարճ ժամանակահատվածում հաստատել այդ ծրագիրը։ Առաջին անգամ նկարագրված են լինելու ճյուղերն ըստ ձեռնարկությունների։ Ըստ ճյուղերի պետք է լինեն շարժիչ ուժ հանդիսացող ձեռնարկություններն իրենց ներուժով և նկարագրությամբ, թե 2011թ. արդյունաբերությունում աճի ինչպիսի տեմպեր են լինելու ըստ հատվածների։ Այս վարժությունը մի քանի անգամ էկոնոմիկայի նախարարության  հետ կատարել ենք և 2011թ. համար այն պետք է հաստատենք առաջին անգամ։

Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները մեզ համար առաջնահերթություն են լինելու 2011թ.։

Երկու ոլորտ, մեր բարեփոխումների երրորդ հարթությունը, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն, քանի որ պետության կողմից ծառայությունների մատուցման բնագավառն են` առողջապահություն, կրթական համակարգ։ Մենք պետք է էապես բարելավենք մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների  որակը, հասանելիությունը և կոռուպցիոն ռիսկերը պետք է կտրուկ նվազեցնենք. ունենք որոշակի հաջողություններ այդ բնագավառում։ Ծննդօգնության ծրագիրը ցույց տվեց, որ եթե մենք համալիր ծրագիր ենք իրականացնում, ապա ունենում ենք էական հաջողություն։ Միջազգային կառույցների գնահատականներով` ծննդաբերության բնագավառում 80 տոկոսով կոռուպցիոն ռիսկերը նվազեցին։ Իհարկե,  դեռևս ունենք խնդիրներ, բայց 80 տոկոս կրճատումն էական արդյունք է։ Կարծում եմ, որ 2011թ. և՛ առողջապահության, և՛ կրթական համակարգում էական բարեփոխումների տարի է լինելու, այնպիսի բարեփոխումների, որ մեր քաղաքացիներն զգալու են դա։

Եվ, իհարկե, չորրորդ հարթությունը դատաիրավական բարեփոխումներն են և ոստիկանության բնագավառում իրականացվող համալիր ծրագիրը, որ անցած տարի հանրապետության նախագահի կողմից հաստատվեց ամբողջությամբ։ Լրջագույն ծրագիր ենք հաստատել` հստակ միջոցառումներով, ժամանակացույցով, ֆինանսական աղբյուրներով։ Առաջին դրական արդյունքներն արդեն ունենք։ Կտրուկ նվազեց ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը, և մենք, ըստ էության, այս առումով հինգ տարվա ծրագիրը կատարեցինք մեկ տարվա ընթացքում։ Եվ համոզված եմ, որ 2011թ. այս ռեֆորմների արդյունքներն էլ լինելու են շոշափելի, և այս ամենն արտացոլված է այս փաթեթում, որ մենք այսօր հաստատում ենք»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն