Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

Հունվար 27, 2011թ. 17:00

Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն,մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:
Արարողության ընթացքում Վրթանես Սրբազանը հավուր պատշաճի ներկայացրեց հայոց բանակի կարևորությունն ու դերը մեր պետականության պահպանման և ամրապնդման գործում: Սրբազան հայրն իր խոսքում մասնավորապես նշեց. ՙՑանկացած երկրի զորությունը, խաղաղությունը հաստատողն ու ամրապնդողը բանակն է: Քանի դեռ երկրի վրա տիեզերածավալ խաղաղություն և մարդկանց միջև հաճություն չի հաստատվել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետությունների ներքին անդորրն ապահովելու համար: … Աղանդների մի ամբողջ շարք քարոզում է հեռու մնալ զենքից և կոչ անում զենքի չդիմել` թշնամու կողմից մեր երկրի ու ընտանիքների պղծվելու դեպքում անգամ: Դրա փոխարեն հայ եկեղեցականը, ինչպես պատմության ոլորապտույտներում, այնպես էլ այսօր մի կողմից իր գործնական լուման է բերում երկրի պաշտպանության գործին` ծառայելով բանակում և իր բարոյական զորակցությունը ցույց տալով զինվորին, մյուս կողմից՝ եկեղեցում աղոթք բարձրացնելով հայ զորականի և զորավարի անսասանության և ուժականության համար՚:
Ս. Պատարագից հետո տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց ներկաներին: ՙԳեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ ամեն տարի բանակի օրվա կապակցությամբ Հայոց բանակի հրամանատարական կազմը, գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` իր աղոթքն առ Աստված բարձրացնելու և իր ուխտը Սուրբ սեղանի առջև կատարելու հավատավոր հայ զավակների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ: Աղոթելու և հայցելու, որ Տերն անսասան պահի Հայաստան երկիրը և հզոր ու հաղթական հայոց բանակը:
Հայրենիքը հայոց նվիրական սուրբ հողն է` դարերի պատմությամբ նվիրագործված, մեր հայրերի ու զավակների սուրբ արյունով նվիրագործված: Հայրենիքը նաև մեր մշակույթն է, մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, հայոց ընտանիքն ու հայ մարդը, որի պաշտպանությանը կոչված է ծառայելու հայոց բանակը: Ահա թե ինչու մենք նվիրական պարտք ենք համարում հանապազօրյա աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի բանակը միշտ լինի զորեղ ու հաղթական՚ – նշեց Վեհափառ Հայրապետը:
Այնուհետև Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու ՙՍբ. Ներսես Շնորհալի՚ պատվո շքանշանով պարգևատրեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, փոխնախարար գնդապետ Դ. Տոնոյանին և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովին:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն