«Նավթային» դիվանագիտության «հրեշտակը» պատրանք էր…
Պատերազմը ճակատագրեր է խեղում, ողջերին` հաղթողի կամ պարտվողի հոգեվիճակ հաղորդում, իրեն` վերապահում հրամայականներ առաջադրելու լիիրավ իրավունքը:
Արցախյան ազատամարտի հրամայականները հայ ժողովրդի համար դժվարին էին, բայց պատվախնդիր. դրսևորել ռազմական բարձր ոգի, նվիրում, ինքնակազմակերպվածություն, կարգապահություն, և անպայման հաղաթանակով վճռել պարտադրված պատերազմի ելքը:
Հայոց բանակի սյուները` քաջարի մահապարտները, ազատամարտիկները, առաջին զինվորները, ունենալով համայն հայության նեցուկն ու օրհնությունը, պատվով ստանձնեցին հայրենիքի առաջ ծառացած հրամայականները, կյանքի գնով փոխեցին միջազգային քաղաքական շատ ուժերի խաղաքարտերը: Թեև մեկ տասնամյակից ավելի է, ինչ միջազգային դիվանագիտության սպասավորները` կոմիսարներն ու էմիսաները, փորձում են մոլորեցնել հայությանը, այնուհանդերձ արդարության ուժով ձեռք բերված հաղթանակը իրավունք է տվել դիվանագիտության ասպարեզում ամրագրել հայության հաղթանակը:
Հավաքական ուժը, այն էլ հայի, անպարտելի է, միտքը` տաղանդաշատ, և նա հնարավոր ամեն բան կանի Արցախյան ազատամարտի արդարացի ու հաղթական վերջակետը դնելու համար` ի հիշատակ բյուրավոր հայ նահատակների:
Հայոց բանակի շնորհիվ` մեր բաժին մի կտոր երկինքն այս արևի տակ միշտ պաշտպանված կլինի: Նա, որ բոլորում է ծննդյան 19-ամյակը, միշտ կմնա իր բարձունքին` անառիկ ու զորեղ: Միշտ` արժանի հարգանքի ու մեծարանքի, որովհետև ազատության և արդարության բանակ է: Նրան` հազարապատիկ շնորհակալություն:
Համաշխարհային պատերազմներ, ցեղասպանություններ, ատոմային ռումբեր. 20-րդ դարի սպիներն են սրանք: Նոր դարաշրջանը, ցավոք, ոչնչով չի զիջում նախորդին, պարզապես «չհայտարարված» պատերազմները ժամանակակից գիտատեխնիկական նորամուծությունների արդյունքում հանդես են գալիս «տարերային աղետ» անվան տակ, որոնք իրենց երկար սպասել չեն տալիս: Դժվար է աշխարհում գտնել խաղաղության ու զարգացման համար պիտանի մի
անկյուն. ամենուր հակամարտություններ են, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստեր, իրական ազատությունների ու զարգացման իրավունքների անտեսում: Մինչդեռ, բոլոր բարձրացված խնդիրները քաղաքակիրթ լուծման ճանապարհ ունեն: Բայց արի ու տես, որ այդ տարբերակները կիրառելի չեն. միջազգային դիվանագիտության գլխավոր դերակատարները նախապատվությունը տալիս են քաղաքական շահարկումներին և ոչ թե իրավունքի սկզբունքին:
Ի պաշտոնե հաշտարարի դեր ստանձնած միջազգային դիվանագիտությունը հետզհետե բացահայտում է իրական դեմքը, զուգահեռ կորցնելով համաշխարհային հանրության հավատն ու վստահությունը…: Այլապես ինչու վերջին երեք տասնամյակում գլուխ բարձրացրած քաղաքական ու ազգամիջյան հակամարտություններից և ոչ մեկը չի ստացել իրական հանգուցալուծում, իրավա-քաղաքական ընդունելի վճիռ` հակամարտող բոլոր կողմերի համար:
Միջազգային դիվանագիտությունը անում է հնարավոր ամեն բան ՄԱԿ-ի Կոնվենցիաներն ու Հռչակագրերը շրջանցելու համար, որոնք կարող են դնել թե՜ հաղթանակի, թե՜ պարտության անբեկանելի «իրավական, քաղաքական վերջակետը»:
Գլոբալիզացիան միջազգային դիվանագիտության դաշտը վերածել է քաղաքական լաբիրինթի, որտեղ երկու տասնամյակ է, ինչ, ի թիվս այլոց, ներքաշվել է նաև ԼՂՀ իրավական կարգավիճակի, իմա` արցախահայության ազատության և անվտանգության, խնդիրը: Մինչ Արցախյան ազատամարտի հաղթանակի իրավական քաղաքական ամրագրումը, Կովկասյան և տարածաշրջանային քաղաքական իրադրությունը, շահադիտական նկատառումներից մեկնած, շարունակում է մարզական-քաղաքական անվանումներով ակտիվ քննարկումի ենթարկվել:
Պատմության հոլովույթում, բազմազգ ժողովուրդներով բնակեցված եվրասիական խաչմերուկն ու ողջ տարածաշրջանը բոլոր ժամանակների դիվանագիտության Գորդյան հանգույց է հիշեցնում, որտեղ ոչ միայն տեղաբնակների ու եկվորների քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական խնդիրները, այլև գերտերությունների շահերն են անողոք կերպով ագուցվել:
Հայ ժողովուրդը` Հայկական լեռնաշխարհի բնիկը, հերթական անգամ անմասն չմնաց տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների զարգացումներից` ներքաշվեց Ադրբեջանի հրահրած ազգամիջյան պատերազմի մեջ: Դեռևս 1990-ականների սկզբներին Ադրբեջանի քաղաքական վերնախավը նավթադոլլարների արբունքի մեջ էր. Կասպից ծովի ալիքներին «նազող» նավթային դիվանագիտության «հրեշտակը» կարողացավ նրանց խելքահան անել. «Սևանա լճում լողալու ու Երևան հասնելու…» սին հույս ներշնչել և դառնալ Արցախի պատերազմում ազերիների հովանավորը: «Փողն ամեն տեղ լույս է տալիս». այս արտահայտությունը դարեր ի վեր չի կորցրել այժմեականությունը, այն ազերիներին շատ էր և է սրտամոտ, սակայն նրանք մոռացել էին ու շարունակում են մոռանալ, որ կյանքը այլ իրական օրենքներ ևս ունի և սիրում է երբեմն անակնկալներ մատուցել, երբեմն էլ սրբագրումներ մտցնել:
Արցախի պատերազմը սանձազերծելիս նրանք այս նրբությունները հաշվի չէին առել: Ո’չ միայն նրանք, այլև պանթուրքիզմի մնացյալ հետևորդները, որոնց հույսը Ադրբեջանի «նավթային» դիվանագիտության վրա էր և ոչ թե ադրբեջանական ագրեսորների կամ նրանց վարձկան գրոհայինների ներուժի վրա: Ի՛նչ իմանային, որ պատերազմում միջոցներով չեն հաղթում, այլ` ոգով: Հազարավոր վարձկաններ ձեռք բերեցին, սակայն նկատի չէին առել, որ հոգիներ են գնել և ոչ թե ոգիներ: Ոգեղենը չի’ վաճառվում:
Ինչո՞ւ Արցախյան պատերազմում հայերը հաղթեցին. խորհե՞լ են նրանք երբևէ, անկասկած` ոչ: Նրանք մոռացել էին ևս մի հանգամանք` ոգիները վրեժխնդիր են. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների ոգիները քանի՛ տասնամյակ է հանգիստ չունեին. վրեժ էին կտակել գեհենից մազապուրծ հայության բեկորներին: Վրեժի ցասում մի օր պիտի լիներ և եղավ…: Եղավ ոգու պատերազմ:
Ազերիները թուրք բորենու ոճով սկսեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայության կոտորածը… Արցախը վիրավորվեց, բայց չծնկեց, նրա հնչեցրած մարտափողը ոտքի հանեց աշխարհասփյուռ հայությանը: Հայոց քաջարի մարտիկները ոչ միայն մոլագար հակառակորդին, այլև ողջ աշխարհին ցույց տվեցին փոքրաթիվ հայ ժողովրդի զորեղ բազկի և անպարտելի հավաքական ոգու ուժը: Նրանք ավելին կարող էին անել, եթե միջազգային դիվանագիտական վերնախավը Ադրբեջանի խնդրանքով, չմիջամտեր` կրակը դադարեցնել…:
«Նավթային» պատերազմը ճակատագրական կորուստ եղավ նրանց համար: Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը համաթուրանականության ջատագովներին ստիպեց մեծագույն հիասթափություն ապրել. մեկ դարում թուրանական պետություն ստեղծելու երկրորդ փորձը ձախողվեց: Պանթուրքիզմի դրաման նորից տապալվեց:
Պատերազմում հաղթում է արդար ուժը, ամրագրում` իրավունքը, իսկ արդարության հաղթանակը թելադրում է քաղաքականության ընթացքը…
Ջեմմա Բաղդադյան
«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր
ArmAr.am












