Սիբել Էդմոնդս.«Բեն լադենները համագործակցում են Ադրբեջանի հետ»
ԱՄՆ դաշնային հետաքննության բյուրոյի (FBI) նախկին թարգմանիչ, Թուրքիայում ծնված (ըստ ադրբեջանցիների` ազգությամբ ադրբեջանցի) 34-ամյա Սիբել Էդմոնդսը, ով հայտնի է FBI-ի հետ կապված է իր սենսացիոն բացահայտումներով և ԱՄՆ-ում թուրքական հետախուզության գործունեության գաղտնազերծումներով, հայտարարել է, որ «Բեն Լադենի ընտանիքի անդամները մասնավոր ինքնաթիռներով 1997-2001 թթ-երին բազմիցս այցելել են Բաքու, ինչին տեղյակ են եղել և Ադրբեջանի, և Թուրքիայի ղեկավարությունները»:
Ինչպես հայտնում է musavat.com կայքը` Սիբել Էդմոնդսը որպես թարգամանիչ ընդունվել է FBI սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո և այդ կառույցում աշխատել մոտ մեկ տարի: Աշխատանքից ազատվելուց հետո նա սկսել է ամերիկյան մամուլին տրամադրել ԱՄՆ-ի և Թուրքիայի հետախուզական ծառայությունների գաղտնի գործողությունների վերաբերյալ սենսացիոն տեղեկություններ:
Օրերս The American Conservative հանդեսին Սիբել Էդմոնդսը հայտնել է, FBI-ում ինքը զբաղվել է թուրքական հետախուզության հավանական գործակալների և ԱՄՆ-ում նրանց հետ կապված մարդկանց միջև խոսակցությունների թարգմանությամբ, և որ աշխատանքից իրեն ազատել են այն բանից հետո, երբ 2002 թ-ին պարզել են, որ իր հետ միևնույն բաժնում աշխատողներից մեկը թուրքական հետախուզության գործակալ է: Նրա խոսքերով, այդ անձը զբաղված է եղել նաև թմրանյութերի անօրինական շրջանառությամբ, կեղտոտ փողերի լվացմամբ և միջուկային նյութերի տարածմամբ: Հետաքրքրքական է, որ Էդմոնդսի` անգամ ԱՄՆ Կոնգրեսում առկա կաշառակերության մասին բացահայտած աղմկահարույց փաստերը, մինչ այժմ ոչ ոք չի հերքել կամ հետազոտել:
Էդմոնդսի խոսքերով, FBI-ի գրանցած խոսակցություններում, որտեղ խոսք էր գնում ԱՄՆ վարչախմբի` Միջին Ասիայի վրայով կյանքի կոչած գաղտնի գործերի մասին, ներկա էին նաև բեն Լադենի ընտանիքի մի շարք անդամները: Էդմոնդսն ասել է, որ FBI-ի գրանցած խոսակցություններում երբեք չի օգտագործվել «Ալ Ղաիդա» անունը, սակայն, բազմիցս հիշատակվել է «մուջահիդներ» և «Բեն Լադեններ» խոսքերը: «Այդ խոսակցություններից պարզվել է, որ բին Լադեններից մի քանիսը մասնավոր ինքնաթիռներով այցեր են կատարել Ադրբեջան և Տաջիկստան: Ադրբեջանում Թուրքիայի այն ժամանակվա դեսպանը տեղյակ էր այդ այցերից: Բեն Լադենի ընտանիքը, պակիստանցի և սաուդարաբացի որոշ անձանց միջոցով, գտնվել է ԱՄՆ հսկողության տակ: Այդ գործերը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանը: Բեն Լադենական զինյալներին արևելյան Թուրքեստանից փոխադրում էին Ղրղզստան, այնտեղից` Ադրբեջան, Ադրբեջանից էլ` Չեչնիա, որոշներին էլ` Բոսնիա: Թուրքիայում նրանց նստեցնում էին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ: Այդ երթուղով մի ուղղությամբ զենք և մարդիկ, մյուս ուղղությամբ` փող և թմրանյութեր էին փոխադրվում», -ասել է Էդմոնդսը:
Ըստ Էդմոնդսի, հիշյալ ժամանակաընթացքում ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով Բելգիա մեծ քնակությամբ թմրանյութեր է փոխադրվել: Հետո թմրանյութի մի մասը տարվել է Բրիտանիա, այնտեղից էլ ռազմական ինքնաթիռներով հասցվել ԱՄՆ-ի Չիկագո քաղաք: «Երբեք չստուգվող թուրք դիվանագետները ԱՄՆ էին ժամանում ճամպրուկները լի թմրանյութերով», -ամերիկյան հանդեսի թղթակցի հետ զրույցում պնդել է Սիբել Էդմոնդսը:
Աղբյուր` Panorama.am












