Արցախի Հանրապետությունը կառուցում է իր ժողովրդավարությունը
Ներկայացնում ենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունված Արցախի Հանրապետության վերբերյալ գրավոր հռչակագիրը: Նկատենք, որ փաստաթղթի վերաբերյալ լիագումար նիստում ընդգծված դիրքորոշմամբ բարձրաձայնել է Մեվլութ Չավուշօղլուն: Տեղեկացնենք, որ փաստաթղթի ներքո ստորագրել են ԵԽԽՎ 30 պատվիրակներ, այդ թվում նաև ՀՀ պատվիրակության անդամները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թ.թ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽ) երբեք այդ պետության կազմում չի եղել: Քեմալա-բոլշևիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում:
1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետևել են և կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ:
Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարևորագույնը 2006 թվականի Սահմանադրական հանրաքվեն էր:
Այդ հանրաքվեին, ինչպես նաև նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հետևել և ժողովրդավարական են որակել բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ և լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում գործում են տասնյակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային չափանիշներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է և արժանի է այլ պետությունների ճանաչմանը և միջազգային հեղինակավոր կառույցների անդամակցությանը:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, ԵԽԽՎ, Զարուհի Փոստանջյան, ժողովրդավարություն












