Անտեսվում են մարդու իրավունքները
Հունվարի 26-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթը:
Հարգելի գործընկերներ,
Ելույթս նվիրված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` խոսքի ազատության վերաբերյալ որոշումների անտեսմանը:
Թուրքիա – 2007 թվականին սպանված հայտնի լրագրող Հրանտ Դինքի դեմ քրեական գործ էր հարուցված իբրև թե թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար` Թուրքիայի քրեական օրենսգրքի’ մինչ օրս գործող տխրահռչակ 301 հոդվածի հիման վրա: Թուրքիայի իշխանությունը չի կատարել իր պարտականությունը լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության պաշտպանության հարցում – այս եզրակացությանն է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Լրագրողն իրականում պատժվել է պետական կառույցների կողմից 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն չհամարելը քննադատելու համար: ՄԻԵԿ 10-րդ հոդվածն արգելում է ազատ արտահայտվելու սահմանափակումները` քաղաքական երկխոսությունների և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Ադրբեջան – Էլնուլա Ֆաթուլաևան Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվել է ազատազրկման և մինչ օրս գտնվում է բանտում, չնայած 2010 թվականի ապրիլի 22-ին ՄԻԵԴ-ը միաձայն որոշում է կայացրել առ այն, որ լրագրողի դատապարտման մեղադրանքները խախտում են ՄԻԵԿ 10-րդ հոդվածը: Ֆաթուլաևան խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին և 1992 թվականի ՙԽոջալուի դեպքերի՚ վերաբերյալ արտահայտել է այլ կարծիք` դրանով իսկ հերքելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ տարածվող կեղծ տեղեկատվությունը:
Վրաստան – Վահագն Չախալյանը վրացական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, և այդ գործն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ում: Քրեական հետապնդման քողի ներքո կրկին ականատեսն ենք խոսքի ազատության դեմ ոտնձգության: Ջավախք հայաբնակ շրջանում գործող հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման իրական նպատակը Ջավախքի բնիկ ժողովրդի’ հայության առջև ծառացած բազում խնդիրների բարձրաձայնումը թույլ չտալն է:
Հայաստան – Չնայած ՄԻԵԴ որոշման` առ այսօր ՙԱ1+՚-ը եթերազրկված է, օրերս եթերազրկվեց ՙԱԼՄ՚-ն, ապագայում կեթերազրկվի նաև ՙԳԱԼԱ՚-ն:
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պուրգուրիդիսին զեկույցի համար և հորդորում եմ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իշխանություններին առաջնորդվել ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության երաշխիք կարգախոսով` ազատ խոսք-ազատ մարդ-ազատ երկիր:
ArmAr.am












