Գլխավոր » TOP, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Գուրգեն Յանիկյանի դատախազի ուշացած խոստովանությունը

Հունվար 31, 2011թ. 09:30

GURGEN_YANIKYAN25 տարի առաջ (1973թ. հունվարի 27-ին) 2 թուրք դիվանագետ սպանած Գուրգեն Յանիկյանի դատախազ Դեյվիդ Միները մի հոդվածով անդրադարձել է դատավարությանը և ընդունել, որ սխալ է գործել, երբ արգելել է ներկայացնել Հայկական ցեղասպանության մասին վկայությունները:
Հոդվածի սկզբում դատախազը նախ անդրադարձել է Յանիկյանի ահաբեկչական արարքին, որ տեղի ունեցավ Սանտա Բարբարայի ՙԲալթիմոր՚ հյուրանոցում, երբ Յանիկյանը նվերներ հանձնելու պատրվակով հանդիպման էր հրավիրել Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին և փոխհյուպատոսին և ՙերկու սատանաներին՚ սպանելուց հետո հանձնվել իշխանություններին:

Արարքից մի քանի ժամ առաջ 78-ամյա Յանիկյանը հարյուրավոր թերթերի և հայ քաղաքացիների նամակներ էր հղել՝ կոչ անելով ահաբեկել Թուրքիայի կառավարության բոլոր ներկայացուցիչներին՝ ՙարդարություն պահանջելով՚ 1915-ին ջարդված 2 միլիոն հայերի համար:

Ըստ դատախազի՝ Յանիկյանի առաջնորդած ահաբեկչական արշավին հաջորդած 10 տարիներին ահաբեկվել են 27 թուրք դիվանագետներ, իսկ 150 հոգի էլ՝ վիրավորվել կամ սպանվել:

Նա շարունակում է, թե Յանիկյանը ոգևորված էր Սողոմոն Թեհլիրյանով, որը 1921-ին սպանել էր Թուրքիայում բոլոր հայերին սպանելու հրաման արձակած Թալեաթ փաշային և իր դատավարությունն օգտագործել էր Հայկական հարցը և ցեղասպանությունը միջազգային հասարակայնությանը ներկայացնելու համար:

Յանիկյանը ևս ցանկանում էր իր դատավարությունը դարձնել «Հայկական Նյուրնբերգի» նախաքայլը, որովհետև Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայկական ցեղասպանությունը:

«Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, և հայերի հույսն ինձ վրա էր»,- գրում է Միները և ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել և հանձնել է Թեհլիրյանի մասին գրված «Խաչը և մահիկը» գիրքը, որի հեղինակը Գ. Յանիկյանի բարեկամներից Լինդի Ավագյանն էր:

«Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու», – ասել էր Մինասյանը դատախազին:

«Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչև այսօր և եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել, այլ ճանապարհ կընտրեի, ինչ էլ լինեին հետևանքները»,- շարունակում է Միները՝ ասելով, թե Յանիկյանի փաստաբանները ցանկանում էին դատավարությանը ներկայացնել վերապրողների և պատմաբանների վկայություններն ու լուսանկարչական փաստերը ցեղասպանության մասին:

«Իբրև դատախազ իմ պարտականությունն էր դատապարտել ոճիրը, և գիտենալով, որ դատախազը կարող է իր կարծիքը փոխել, եթե լսի ջարդերի մասին ցավալի վկայությունները, համոզեցի դատավորին, որ դրանք (վկայությունները) նկատի չունենա: Այդպիսով Հայկական Նյուրնբերգը ձախողության մատնեցի», – գրում է նա:

Դատախազը շարունակում է, թե Յանիկյանի և Արամ Սարոյանի (Վիլյամ Սարոյանի հորեղբորորդին) ուսերին մնաց Հայկական ցեղասպանության փաստերը ներկայացնելը: Յանիկյանը 6 օր շարունակ ներկայացնում էր դրանք՝ նկարագրելով իր ընտանիքի 26 անդամների սպանությունը:

Ըստ դատախազի՝ պաշտպանության հիմնական թերությունն այն էր, որ սպանված դիվանագետները չէին ներկայացնում այն կառավարությունը, որ պատասխանատու էր ցեղասպանության համար, և այդ պատճառով Յանիկյանը 79-ամյա հասակում դատապարտվեց ցմահ բանտարկության և 5 տարի հետո ներում ստացավ՝ հակառակ Թուրքիայի բողոքների: Սակայն 2 ամիս անց մահացավ սրտի տագնապից:

Դատախազը եզրակացնում է, թե Յանիկյանը մի խորհրդանիշ է Թուրքիայի կառավարության ուրացման քաղաքականության դեմ, և հիշեցնում է, որ նրա պաշտպան փաստաբաններից մեկն ասել է. «Այժմ Յանիկյանը հայոց պատմության կարևոր մասնիկն է»: Դատախազն ավելացնում է, թե Թուրքիայի կառավարությունը շարունակում է ուրանալ ցեղասպանությունը՝ հակառակ գոյություն ունեցող փաստերի:

«Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ նրա համար, որ պատմության ամենամութ էջերը՝ ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլևս չկրկնվեն արհավիրքները: Դժբախտաբար, Հայկական ցեղասպանությունը չի դատապարտված, և այդ պատճառով Ադոլֆ Հիտլերը 1939-ին իր ազգային ցեղասպանության արշավի սկզբին հայտարարեց.  «Վերջապես, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

Ծանոթագրություն

1. Նկատի ունի գործողությունից առաջ գրված կոչը հայ ժողովրդին:

2. Լրագրողները հաճախ հարցը սխալ են ձևակերպում, ինչպես այս դեպքում: Յանիկյանի խնդիրը վրեժ լուծելը չէր, այլ ազատագրական պայքարի սկիզբը դնելը:

Հոդվածը տպագրվել է «ՖՐԵԶՆՈ ԲԻ» օրաթերթում

ArmAr.am


Դիտել TOP, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն