«Սարդարապատը» բնապահպանական խնդիրների շուրջ
Փետրվարի 1-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Բնապահպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով քննարկման մասնակիցների կողմից առաջարկվեց ուսումնասիրել գոյություն ունեցող հայեցակարգերն ու ծրագրերը:
Հանձնաժողովի մասնակիցները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն առնչվում են Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական կառավարման համակարգի հետ, և ի վերջո միայն քաղաքական համակարգի փոփոխությունը հնարավորություն կտա համակարգային լուծումներ տալ բնապահպանական հիմնախնդիրներին:
Այդուհանդերձ կարևորվեց նաև այն հանգամանքը, որ առկա իրողությունների պայմաններում հասարակական, բնապահպանական տարբեր կազմակերպություններ և անհատներ պայքար են մղում հանրապետությունում բնապահպանական լրջագույն աղետներից խուսափելու համար:
Մասնակիցների կարծիքով այս հանձնաժողովը կարող է նաև գործնական օժանդակություն ցուցաբերել բնապահպանական նախաձեռնություններին տեղեկատվական և խորհրդատվական ոլորտներում:
ArmAr.am












