Լիբանանահայ պատգամավորները Հայաստանում
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հանդիպեցին Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ Եղիա Ջերեջյանն ու Սեպուհ Գալփակյանը, որոնք Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներ են: Նրանք մանրամասն ներկայացրեցին լիբանանահայության ընդհանուր իրավիճակը:
Այսօր Լիբանանում ապրում են մոտ 100 հազար հայեր, մինչդեռ մինչև 2006թ.` Իսրայելի հարձակումը, նրանց թիվը հասնում էր ավելի քան երեք հարյուր հազարի: Ըստ պատգամավորների, չնայած իրենց համայնքի թվի նվզամանը, այսօր էլ լիբանանահայ գաղութը սփյուռքահայության կարևորագույն օջախներից մեկն է: Դրա պատճառներից մեկը համայնքին տրված լայն լիազորություններն են, օրինակ, եթե Սիրիայի կառավարությունը ինքն է թելադրում, թե հայկական դպրոցներում քանի ժամ են հայերեն անցնելու, ապա Լիբանանում դպրոցի տնօրենները լիակատար ազատությու ունեն և իրենք են որոշում, թե որ առարկան քանի ժամ պետք է դասավանդել: Ըստ պրն Ջերջերյանի` համայնքի գոյատևմանը նպաստում է նաև Լիբանանի աշխարհագրական դիրքը, այն է` հայրենիքին ավելի մոտ լինելը:
Այսօր լիբանանահայ պատգամավորներին ամենահուզող հարցը ՀՀ-ի ներկա քաղաքական իրավիճակն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնի վրա: Հայազգի պատգամավորները նշեցին, որ իրենք դեմ կլինեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը, եթե այն պետք է լինի ԼՂՀ-ի տարածքների զիջման, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի, և ընդհանրապես, Թուրքիայից որևէ պարտք ու պահանջ չունենալու գնով: « Սփյուռքն ավելի զգայուն է ազգային հարցերում, մանավանդ, հայրենասիրության, պատմական հայրենիքի, ցեղասպանության ճանաչման և այլ կարևորագույն հարցերում», -նկատեց Գալփակյանը: Ըստ նրա` դրա պատճառն այն է, որ սփյուռքահայերը ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են ու. «Համարվում ենք Եղեռնի ծնունդ»:
Այն հարցին, թե Հայաստանը տնտեսական ինչ օգուտներ կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից հետո, սփյուռքահայ պատգամավորները ցավով նշեցին, որ և Սփյուռքում, և Հայաստանում, իրատեսորեն չեն ներկայացվում սպասվելիք օգուտների ու վնասների սահմանը, փոխարենը, իշխանություններն իրենցն են ասում, ընդդիմությունն` իրենը: «Մանավանդ Հայաստանում, օրինակ, իշխանամետ տնտեսագետները ներկայացնում են միայն սպասվելիք օգուտների մասին, ընդդիմադիր տնտեսագետները նշում են, թե ինչ տնտեսական վնասներ կկրի Հայաստանը, եթե հայ-թուրքական սահմանը բացվի: Ինչ վերաբերում է իրական տնտեսագիտական վերլուծություններին, ապա այդպիսիք, ցավոք, դեռևս չկան ու լսելի չեն», – եզրափակեց Եղիա Ջերեջյանը:
Վ. Վ.












