Չորս հազար իսլամացած հայեր դարձի են եկել
Այսօր ԳԱԱ-ում տեղի ունեցավ քննարկում, որի թեման էր «Արևմտյան Հայաստանի` հայկական ծագումով այլադավան բնակչության խնդիրները»: Զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արտակ Մովսիսյանը և Վարդան Ոսկանյանը:
Արտակ Մովսիսյանը ArmAr.am-ին տված հարցազրույցում համառոտ ներկայացրեց իր և Վարդան Ոսկանյանի` Արևմտյան Հայաստան կատարած այցը և հայկական ծագմամբ բնակչության հետ շփումները:
«Մենք բոլորս հստակ գիտենք, որ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում մնացել է հայ բնակչություն, ընդ որում, դրանց հիմնական մասը մահմեդականություն ընդունած հայերն են: Նրանց մասին տեղեկություններ ունենք, բայց դրանք կամ շատ հնացած են կամ էլ այստեղից- այնտեղից լսած: Դրա համար երկու տարի առաջ, նաև երկու ուղևորություն այս տարի, կատարեցինք Արևմտյան Հայաստանի այն տարածքները, որտեղ, մեր տվյալներով, հայեր են բնակվում:
Արևմտյան Հայաստանի այլադավան հայությունը բավականին բազմաշերտ է: Օրինակ` կան և հայախոս, և թրքախոս համշենահայեր: Հայախոսները բնակվում են Բաթումիից մինչև Ռիզո տարածքում, թրքախոսները` դրանից արևմուտք` մինչև Տրապիզոն:
Եթե հայախոսների մոտ բավականին ընգծված հայկական գիտակցություն կա, ապա թուրքախոսները շատ հեռացել են հայկական արմատներից: Դերսիմի տարածքում կան զազաներ և զազայացած հայեր: Զազայացած հայերը բնակվում են Արևմտյան Հայաստանի Բարձր Հայք և Ծոփք նահանգներում: Տիգրանակերտի շրջանում մոտ 50 գյուղ քրդախոս հայեր կան, որոնք 1915 թ.-ից հետո մնացած սասունիցներն ու մշեցիներն են: Նրանց միայն մեծահասակներն են հայերեն խոսում:
«Իսլամ ընդունած հայերի մասին ճշգրիտ տեղեկություններ չունենք, հետևաբար չենք կարող նրանց մասին մեր ժողովրդին, պետությանը ճշգրիտ դիրքորոշում ներկայացնել»,- նկատեց Արտակ Մովսիսյանը:
Կլոր սեղանի մասնակիցների թվում էր նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը.
«Ես շուրջ երկու տարի զբաղվել եմ այս խնդրով: Այս խնդիրը մեր գիտության ամենաքիչ ուսումնասիրված և կարևոր հարցերից մեկն է: Թյուրքական պետություններում միշտ էլ ոչ մուսուլման ազգերին ձուլելը եղել է իրենց նպատակներից մեկը և այդ քաղաքականության հետևանքով է, որ բազմաթիվ ոչ մուսուլման ժողովուրդներ ենթարկվել են բռնի ձուլման: Դարերի ընթացքում հայության տարբեր խմբեր փոխել են իրենց կրոնը: Ներկայումս Թուրքիայի տարածքում կան դավանափոխ եղած հայերի տարբեր խմբեր, Արևմտյան Հայաստանում ապրում են հայերի դավանափոխ եղած սերունդները, ովքեր բռնությամբ փոխել են իրենց կրոնը: Սակայն չպետք է թյուր կարծիք ունենալ, քանի որ կրոնը փոխելն ու փրկվելը նույնը չեն: Տարբեր գիտնականներ այն կարծիքին են, որ եթե կրոն փոխելով հնարավոր լիներ փրկվել, ապա բոլորը հավատափոխ կլինեին և չէին կոտորվի: Պետք է մասնագիտական մոտեցում ցուցաբերել. թուրքական արխիվներում կան Թալեաթ փաշայի կողմից 10 օրվա տարբերությամբ ստորագրված հրամանագրեր, որոնցից առաջինում ասվում է` չաքսորել մուսուլմանացած հայերին, իսկ մյուս փաստաթղթում գրված է` աքսորել: Հայերը և նրանց սերունդները, որոնք ապրում են Արևմտյան Հայաստանում, տարբեր ճանապարհներով են փրկվել: Մի մասը եղել է արհեստավոր, և նրանց ուղղակի խնայել են իրենց իսկ շահերի համար, քանի որ այլ արհեստավոր չի եղել, սակայն որպես փրկության պայման` առաջարկվել է կրոնափոխությունը: Մյուս մասն ապաստանել է քարանձավներում, ապա կրոնափոխ եղել և ներկայացել որպես քուրդ կամ թուրք: Խնդիրը օբյեկտիվ ուսումնասիրության կարիք ունի: Այս ուղղությամբ քայլեր արվում են: Մինչև տարեվերջ «Նորավանք» հիմանդրամը հրատարակելու է առաջին գիրքը, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության ժամանակ դավանափոխ եղած հայերին: Մոտավոր հաշվարկներով, նրանք մեկ միլիոնի սահմանում են, սակայն մաքուր հայեր չեն. նրանց տատը կամ պապն է հայ եղել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ վերադաձել են իրենց արմատներին` վերընդունելով քրիստոնեություն: Պատրիարքարանի տվյալներով, 2000-2008 թվականին պաշտոնապես 4.000 հայ դարձի է եկել` ընդունելով քրիստոնեություն»:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












