Վահագն Չախալյանը կոչ է անում համախմբվել
Եվ դիմակայել վրացական իշխանությունների նետած մարտահրավերներին
Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը ջավախքահայությանն ուղղված հայտարարությունում հերթական անգամ կոչ է արել համախմբվել եւ վրացական իշխանությունների կողմից նետված մարտահրավերներին դիմակայել միասնական ուժերով։
Ստորեւ ներկայացնում ենք նրա կոչը՝ զգալի կրճատումներով։
«2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միանսական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու եւ ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:
2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաեւ առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն եւ ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենեւին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ:
Ամենակարեւորն այն է, որ մեր կողմն է արդարությունը:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառակը, մենք այսօր պաշտպանում ենք մեր տները ուրիշի ոտնձգություններից:
Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց մայրենին ու պատմությունը: Ընդհակառակը, մենք այսօր պաշտպանում ենք մեր մայրենին ու պատմությունը:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառակը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մեր կրոնը:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառակը, մենք այսօր պայքարում ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը` տեր կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված տաճարներին:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները «յան» դարձել: Ընդհակառակը, մենք այսօր մերն ենք պաշտպանում:
Ուրիշի ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չենք տա, ինչքան էլ այդ «մեկը» մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի:
Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության։
Ի՞նչ են անում վրաց իշխանությունները. հայերենի դասաժամերն են կրճատում, արգելում են «Հայոց պատմություն» դասընթացները:
Ի՞նչ են անում վրաց իշխանությունները. արգելում են հայկական գրքերի մուտքը Ջավախք:
Չեն թողնում վերանորոգել մեր եկեղեցիները, բայց ի՞նչն է խանգարում հավաքվել, մաքրել դրանք, համոզված լինելով, որ այսօր, այս դժվար պայմաններում այդ մաքրելը հավասարազոր է վերանորոգման:
Անհրաժեշտ է դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ:
Այստեղ անելիքի առյուծի բաժինը ընկնում է երիտասարդների ուսերին:
Մենք պետք է թոթափենք մեր վրայից անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛ հանդուրժեք նման վիրավորանք:
Անկախ նրանից, թե Վրաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, մենք պետք է մշակենք գործողությունների մեր հստակ ծրագիրը եւ հետամուտ լինենք դրա իրականացմանը:
Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու:
Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաեւ նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը:
Պայքա՛ր մինչեւ հաղթանակ»:
ArmAr.am












