«2010թ. պետք է լինենք ավելի զգուշավոր եւ պահպանողական»
«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշների հրապարակումով, կարող ենք համոզմունքով ասել, որ արդեն հասել ենք տնտեսության անկման ամենացածր կետին»,- սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ 8 ամսվա տվյալներով, ՀՆԱ-ի 18,5% անկումից հետո առաջին անգամ գրանցվել է 0,1%-ի աճ:
«Դա նշանակում է, որ մենք հասել ենք անկման նվազագույն կետին, որից հետո, հուսով եմ, կսկսվի տնտեսության դանդաղ վերականգնումը: Թեև այդ գործընթացը բավականին դժվար է, բայց կարծում եմ` այդ միտումը ավելի կայուն դրսևորում կունենա առաջիկա ամիսներին»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ արդյունքում 18,5%-ոց անկումը տարեվերջին կնվազեցվի մինչեւ 15%-ի: «Կարծում եմ, որ մեր կանխատեսումները մոտ են իրականությանը»,- ասաց Տ.Դավթյանը:
Ֆինանսների նախարարի խոսքերով, ՀՀ կառավարությանը հաջողվեց դրսից վարկային միջոցներ ներգրավելով` պահպանել 2009թ.-ի բյուջեով նախատեսված ծախսերի մակարդակը: Մասնավորապես, 945 մլրդ դրամի ծախսերից տարվա վերջում կատարված կլինեն 900-910 մլրդ-ը: Կկատարվեն հատկապես սոցիալական ուղղվածության և տնտեսության խթանմանն ուղղված ծախսերը:
Ըստ Տ.Դավթյանի, 2009թ. բյուջեն, հնարավոր եղավ կատարել նաեւ ներգրավված վարկային միջոցների հաշվին, որին օժանդակեց և այն, որ բյուջեի դեֆիցիտը ՀՀ Ազգային Ժողովի ընդունած օրենքով թույլ տրվեց հասցնել ՀՆԱ-ի 7,5%-ի: Նախարարի խոսքերով, 2010թ.-ին նախատեսված է բյուջեի դեֆիցիտը իջեցնել մինչև 5,6-5,7%-ի:
«2010թ. պետք է լինենք ավելի զգուշավոր եւ պահպանողական: Հենց դրանով է պայմանավորված, որ բյուջեի դեֆիցիտը ցանկանում ենք աստիճանաբար, տարեցտարի, նվազեցնել»,- նշեց Տ.Դավթյանը` հավելելով, որ սովորաբար Հայաստանում բյուջեի դեֆիցիտը եղել է մինչև 3%-ի սահմանում:
Հ.Հ.












