Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Մարտի 2-ին շարունակվեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման նախաշեմին:
Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիա, որը համարվում է աշխարհում դիվանագետների պատրաստման առաջին կրթօջախներից մեկը:
Ակադեմիայում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ հայ-ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վիեննայում հավատարմագրված դեսպաններ:
Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ակադեմիայի տնօրեն դեսպան Հանս Վինկելի հետ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցի եւ շուրջ երկուսուկես դարի պատմություն ունեցող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երեկոյան նախարար Նալբանդյանն այցելեց Վիեննայում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:
Մարտի 3-ի առավոտյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում:
Օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարը Բրատիսլավայում կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը:
ArmAr.am












