Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրավական ուղիների մասին

Մարտ 5, 2011թ. 10:06

00Ղարաբաղյան հակամարտությունը Հայկական Հարցի մեկ կարևոր բաղադրիչն է և, ըստ այդմ, այն ամենը ինչ այստեղ ներկայացվելու է որպես հակամարտության խաղաղ կարգավորման իրավական ուղիներ, ամբողջությամբ առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ, այլ կերպ ասած, Հայկական հարցի լուծման իրավական հիմնախնդիրներին:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշում է. «Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿում և ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված»1.

Միջազգային ընկերակցությունը երբեք պարկեշտ և ազնիվ չի եղել Հայկական հարցում, նրանում ներառված խնդիրներում: Այդպես էր անցյալում, այդպես է այսօր:

Հենց դա նկատի ուներ Մեծ նորվեգացին` Ֆրիտյոֆ Նանսենը, երբ գրում էր. «Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից»2:

Այսօր շատ հարմարավետ և մոդայիկ է դարձել տարբեր երկրների ու ժողովուրդների դեմ իրականացվող բռնություններն ու ագրեսիաները բացատրել «երկակի ստանդարտների», տերությունների «ազգային շահերի», «նավթամուղերի ու գազամուղերի ճանապարհների» շուրջ աշխույժ և անսքող քաղաքական շահարկումով3, առանց նկատի առնելու, որ դրանով «արդարացվում են» մեծ, թե փոքր պետությունների պատասխանատու պաշտոնյաների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները, որովհետև այդ գործողություններն ուղեկցվում են ժողովուրդների կոտորածներով, բռնագաղթերով, մարդկանց մեծ ու փոքր խմբերի կյանքի, գույքի, ազատությունների իրավունքների համատարած ոտնահարումների փաստերով:

Այդպես է և հայ ժողովրդի պատմության արդի շրջանում` 1988-ի փետրվարից սկսած:

Աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա, և դրանց մեջ ցայսօր չկա մեկը, հատկապես, եթե դա հայկական խնդիր է, որի կարգավորման համար, ինչպես անցյալում, այնպես էլ 1988-ից սկսած, միջազգային ընկերակցությունը իրավականի փոխարեն հենց միայն քաղաքական-կամային լուծումներ չառաջադրի: Եվ դա անում է այնպիսի մի կատաղի համառությամբ, որն ի վերջո, վերածվում է միջազգային «քաղաքական կապրիզի»:

Ղարաբաղյան հակամարտության արդի շրջանը սկիզբ է առնում 1988-ին և ձգվում արդեն շուրջ 22 տարի, մինչդեռ հանգուցալուծումն այդպես էլ չի երևում: Խոսքն այն մասին չէ, որ գերտերությունների շահերի ու ծրագրերի համատեքստում հակամարտությունը մերթ սառեցվում է, մերթ` բորբոքվում, այլ նրա, որ հակամարտության խաղաղ կարգավորման իրավական ուղիներն այդպես էլ թաքուն են պահվում և° հայությունից, և° հակամարտությանը կամա, թե ակամա ներգրավված այլ ժողովուրդներից:

Մեզ կարող են առարկել, թե «Հայությունը Ղարաբաղյան հակամարտությունը իրականում կարգավորվել է, ԼՂՀն ազատագրվել է բռնազավթումից և 70-ամյա գաղութային լծից»: Բայց միևնույն է, դա, ի վերջո, պարտադիր ստանալու է իր քաղաքական-իրավական ձևակերպումը: Ուստի արժե մտածել համակարտության վերջնական և արդարացի կարգավորման իրավական-քաղաքական ձևակերպման մասին:

Հակամարտության կարգավորման իրավական ուղիներն ու մեխանիզմները գոյություն ունեն: Ավելին, եթե առավել ճշգրիտ արտահայտվենք, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը երեք ուղի:

1. Նախ հիշեցնենք, որ 1960-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր: «Գաղութատիրության փլուզումն սկսվեց Ասիայից: 1943-ից գաղութային լծից անկախություն ստացան Սիրան և Լիբանանը, 1945-ին գաղութատիրությունը տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը… 1947-ին անկախություն նվաճեց Հնդկաստանը: Գաղութատիրությանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխության հաղթանակը (1949): Ետպատերազմյան առաջին տասնամյակում սուվերեն Հորդանանը (1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953): 1952-ին Եգպտոսն ազատագրվեց կիսագաղութային վիճակից: 1956-65-ին պետական անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկիր: 1959-ին պետություններ հռչակվեցին, հաղթանակեց հեղափոխությունը Կուբայում… 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղափոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (ԳվինեաԲիսաու, Մոզամբիկ, Անգոլա) անկախության հռչակմանը…»: Եվ դեռ ավելին` «Դեռևս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ` Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), Ֆրանսիայի և Իսպանիայի գաղութներում և կախյալ երկրներում»4:

Ինչու ենք այսքան մանրամասն ներկայացնում հանրագիտարանային այս տվյալները, որովհետև դրանք ավելի քան խոսուն են: Որովհետև ԼՂՀ-ն նույնպես ազատագրվել է գաղութային լծից, որ պարտադրվել էր իրեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ:

Ուստի, շատ բնական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման ուղիներից մեկը ՄԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով համաձայն` «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից, որ նա ձեռք է բերել 1988-91թթ. ինքնապաշտպանության կազմակերպման և 1991-94թթ. Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ5:

2. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է իրավագետ Արա Պապյանը. «Հայադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույցառաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿը` որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես, ՄԱԿի Անվտանգության խորհուրդը` որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը` հիմք ընդունելով 1920թ. նոյեմբերդեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները:

Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման` էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ` Ex injuria non oritur jus»6:

Իսկ դա նշանակում է, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես Ազգերի լիգայի Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահի իրավահաջորդ, ՀՀ համապատասխան հայցի դեպքում, իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը` ըստ 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալների, ապա ԼՂՀ-ն (ի դեպ, տարածքային ամբողջականությամբ հանդերձ) ընդգրկվում է ՀՀ-ի կազմում և, ըստ այդմ, անիմաստ է դառնում ԼՂՀ հակամարտության քաղաքական քննարկումները միջազգային ատյաններում7:

Հնարավոր է, այս տարբերակը լավագույնն է, որովհետև այս դեպքում քննության առարկա է դառնում նաև բռնազավթված ու հայաթափված Նախիջևանի խնդիրը:

3. Երրորդ ուղին մատնանշում է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիրը` ընդունված 2007 թ. սեպտեմբերի 14-ին: Հռչակագրի 3-րդ հոդվածում նշված է. «Բնիկ ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական ստատուսը և ազատորեն իրականացնում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը»: Հռչակագրի 26-րդ հոդվածի առաջին կետն ասում է. «Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն այն հողերի, տարածքների և ռեսուրսների նկատմամբ, որոնց ավանդաբար տիրել են, որոնց ավանդաբար զբաղեցրել են կամ այլ կերպ օգտագործել են կամ տիրապետել են»8:

Բավարարվենք այս երկու հոդվածների հիշատակմամբ, քանզի ինչպես ասում են` այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Սակայն մյուս կողմից նկատենք, որ հիմա ավելի քան պարզ է դառնում տասնամյակներ ի վեր թուրքերի, ադրբեջանցիների և նրանց դաշնակիցների հայոց պատմությունը կեղծելու, նենգափոխելու, հայոց մշակութային և քաղաքակրթական արժեքները ոչնչացնելու իրական միտումներն ու ձգտումները, դրանց հեռահար նպատակները:

Վերոհիշյալ բոլոր երեք տարբերակներն էլ գործողության մեջ դրվելու իրավունք ունեն և արդյունավետ կարող են լինել, մանավանդ երբ հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք.

ա) Ինչպես նշում է Արա Պապյանը. «Կարիք չկա հարցը լուսաբանել հանգամանալից, քանի որ հանրահայտ իրողություն է, որ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ենթակայության ներքո Արցախը հայտնվել է կուսակցական մարմնի` այն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ: Ակնհայտ է, որ և’ ներպետական, և’ միջազգային իրավունքի տեսանկյունից այս որոշումն անօրինական է և անվավեր, քանի որ ցանկացած մարմին կարող է որոշումներ կայացնել միմիայն այն հարցերի վերաբերյալ, որոնց համար կառույցն ունի համապատասխան լիազորություններ»9:

բ) Ալեքսանդր Մանասյանը շեշտելով, որ ԼՂՀ-ն երբեք մաս չի կազմել Ադրբեջանի անկախ Հանրապետության` հաստատում է. «Գոյություն չունի որևէ իրավական փաստարկ, որևէ իրավական փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող էր հիմնավորել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունները: Չկա միջազգային իրավունքի որևէ նորմ, ԼՂ վերաբերյալ որևէ պայմանագիր կամ ՍՀՄ օրենք, որը կասկածի տակ դներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը: Միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ կայացումը անբասիր է»10:

Ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն` միանգամայն իրագործելի խնդիր է: Եվ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում խաղաղ միջոցներով կարգավորել հակամարտությունը, կամ շրջանցում են դրա իրավական կարգավորման խաղաղ միջոցները` իրականում հրահրում են նոր պատերազմ և ցեղասպանություն…

Այժմ հակամարտության կարգավորման մեխանիզմի մասին: Աշխարհում գոյություն ունեն հակամարտությունների կարգավորման տարբեր մեխանիզմներ: Դրանցից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված համաձայնությունն է, որ կոչվում է «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիա, ընդունված Հաագայում, 18 հոկտեմբերի 1907 թ.11:

Ինչ է ասում այդ փաստաթուղթը: Հաագայի Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է իրավական գործողությունների երեք փուլերի ու քայլերի հետևյալ հաջորդականություն.

ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից:

բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն և իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:

գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար նախատեսված միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:

Արդ, նշված քայլերից ո՞րն է իրականացվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Առաջին. հայտնի է, որ 1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ի Հելսինկիի լրացուցիչ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել ամռանը Մինսկ քաղաքում հրավիրել հատուկ կոնֆերանս և ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով` հիմնվելով ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների վրա: Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ԵԱՀԿ-ն այն ժամանակ միջազգային կազմակերպություն էր, մինչդեռ 2009-ից այն արդեն ընդհանուր պետություն հանդիսացող Նոր Եվրոպայի պետական կառույց է: Նշենք նաև, որ առ այսօր Մինսկի կոնֆերանսը չի հրավիրվել:

Երկրորդ. ԵԱՀԿ Մինսկի խումբն անցնող 18 տարիների ընթացքում իրականացրել է «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիայի 1-ին և 2-րդ բաժինների պահանջները միայն: Այսինքն, 18 տարի շարունակ առաջարկներ է մշակել և ներկայացրել կողմերին, որոնք նույն հետևողականությամբ մերժվել են: Մինչդեռ, եթե միջնորդական առաքելությունը գտնվեր իրավական դաշտում, ապա պարտավոր էր համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջի ավարտված համարել իր գործունեությունը և առաջարկել հակամարտող կողմերին խնդիրը տեղափոխել 3-րդ բաժնով կարգավորվող փուլ և, ըստ այդմ, ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:

Երրորդ. Հաագայի Կոնվենցիայի 2-րդ բաժնի 8-րդ հոդվածը նշում է, որ միջնորդական առաքելությունը պետք է ուղղված լինի չեզոքացնելու պատերազմի վտանգը և միջնորդ երկրները նույնպես պարտավորություն են կրում պահպանելու խաղաղության ռեժիմը: Մինչդեռ, Մինսկի խումբը ճնշումներ է գործադրում ԼՂՀ-ի, ՀՀ-ի և հայության վրա` պատերազմի հնարավոր վերսկսման սպառնալիքով` հայկական կողմերից զիջումներ կորզելու նպատակով:

Այնինչ, Կոնվենցիայի հաջորդ քայլով, ինչպես նախատեսված է 2-րդ բաժնի 2-րդ հոդվածում, վաղուց պետք է ստեղծվեր հետաքննող հանձնաժողով, որի գործունեությունը նույնպես կանոնակարգված է մի շարք հոդվածներով: Ստացվում է, որ Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի հաջորդ փուլի, երկրորդ քայլի պահանջը կատարելու համար Մինսկի խմբին չի բավարարել 18-ամյա գործունեության ժամանակաշրջանը և, անշուշտ, հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ է պահանջվելու այդ փուլին վերջապես անցում կատարելու համար:

Ակնհայտ է նաև, որ եթե Ղարաբաղյան հակամարտության միջազգային խաղաղ կարգավորումը 1992-ից ընթանար Հաագայի Կոնվենցիայի հոդվածների ու դրույթների պահանջներով, ապա պատերազմը շատ ավելի շուտ կավարտվեր, քան 1994-ին և հակամարտությունն էլ այսքան երկար չէր ձգձգվի` հավելյալ զոհեր ու նոր կորուստեր խլելով կողմերից:

Ասվածից հետևում է, որ խնդրի լուծումը հետևյալն է. ՀՀ-ն և ԼՂՀ-ն դիմում են Մինսկի խմբի համանախագահ երկրներին, հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առաջարկելով` Մինսկի խմբի միջնորդական առաքելության այս ձևաչափը համարել սպառված, և գործողությունը տեղափոխել կարգավորման հաջորդ փուլ, ըստ այդմ` ստեղծել հետաքննող հանձնաժողով, մանավանդ որ Մադրիդյան նորացված (թե՞ չնորացված) սկզբունքները չեն տալիս հակամարտության իրական և արդարացի լուծման հնարավորություն:

Հայթուրքական հարաբերությունների կարգավորում, ՀայաստանԹուրքիա Արձանագրություններ: Վերևում ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ Հայկական Հարցի լուծման խնդրին: Այս ուղղությամբ 2001-ից գործող հայ-թուրքական հաշտեցման հասարակական ձևաչափերը, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները պետք է համարել ժամանակավրեպ, իրեն սպառած պետք է համարել նաև այդ ընթացքում մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործողություններն ու փաստերը, որպես Հաագայի Կոնվենցիայով կատարված միջնորդական դիվանագիտական առաքելություն, քանզի մյուս կողմը` Թուրքիայի Հանրապետությունը, միևնույնն է շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերում, ինչը հնարավորություն չի տալիս բանակցությունների միջոցով հասնել որևէ շոշափելի արդյունքի:

Ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված Հայաստան-Թուրքիա Արձանագրություններին, ապա` երբ իրերն իրենց անուններով կոչենք, դրանք պետք է համարել գերտերությունների աշխարհաքաղաքական շահերն իրագործող պատվեր, ինչպես նաև ՀՀ-ի և ԹՀ-ի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ: Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նույնպես պետք է անցնել հարաբերությունների կարգավորման իրավական հարթություն և գործել համաձայն Հաագայի Կոնվենցիայի 3-րդ բաժնի դրույթների: Դա նշանակում է, որ գերտերությունները պետք է դադարեցնեն ճնշումները ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Հայկական Սփյուռքի վրա, վերջ տան Ցեղասպանության դատապարտման Կոնվենցիան շրջանցելու իրենց փորձերին, որոնք վտանգում են ոչ միայն հայության և Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների անվտանգությունը:

Հարավային Կովկասում խուսափելու համար մի նոր պատերազմի կրկնությունից` Մինսկի խմբի համանախագահ երկրներին պետք է առաջարկել, այսուհետ, հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ընթանալ հենց միայն միջազգային իրավական ճանապարհով և այն սահմանող Հաագայի 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Կոնվենցիայով:

Ամփոփենք: Իրականությունն այն է, որ տարածաշրջանի և ոչ մի ժողովուրդ ու երկիր անմասն չի մնալու ապագայի մարտահրավերներից ու սպառնալիքներից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական ճանապարհը:

Բոլոր ոչ իրավական, այսինքն` քաղաքական, տարբերակները գերտերությունների համար պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին` նրանց երկրներն ու սերունդները, և հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն գծով, որի շուրջ սիրում է դատողություններ անել Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Իսկ հայության և Հայաստանի անելիքներն իրավունքի ոլորտում հայկական հետևյալ հիմնախնդիրների արծարծումն ու հետապնդումն է: Թվարկենք դրանք.

-ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 նոյեմբեր 22-ի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի ապառազմականացում և դրա վերադարձը նրա իրավատիրոջը` հայությանն ու Հայաստանին:

-Հայոց ցեղասպանության դատապարտում (խոսքն այստեղ մեծ փաթեթի մասին է, այսինքն` և’ թուրքերի, և’ ադրբեջանցիների իրականացրած բոլոր հանցագործությունների), վնասի հատուցում:

-Թուրքիայում, Ադրբեջանում և նրանց սահմաններից դուրս տասնամյակներ ի վեր ձևավորված հակահայ քարոզչության, այլատյացության, ռասիզմի քաղաքականության դատապարտում, կասեցում:

-Թուրքիայում, Ադրբեջանում և նրանց սահմաններից դուրս տասնամյակներ ի վեր իրականացվող Հայոց պատմության և քաղաքակրթական արժեքների կեղծարարության և նենգափոխման քաղաքականության դատապարտում, գործընթացի կասեցում:

-Թուրքիայում, Ադրբեջանում Հայոց պատմական, մշակութային, ճարտարապետական հուշարձանների և այլ քաղաքակրթական արժենքների ոչնչացման գործունեության դատապարտում, կասեցում, վնասի հատուցում:

Եվ մեկ հիշեցում բոլորին և բոլորիս. ինչպես հայոց մշակույթը և քաղաքակրթական ողջ ժառանգությունը, այնպես էլ հայոց հայրենիքը` Հայկական լեռնաշխարհը, հայության ազգային սեփականությունն ու հարստությունն է, որոնց նկատմամբ ոչ ոք հավակնություն չի կարող ունենալ:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

26 փետրվար 2011 թ.

Ծանոթագրություն

1. Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի և փաստարկների նվազագույն փաթեթ), «Տիգրան Մեծ» հրտ., Երևան, 2008, էջ 6:

2. Ֆրիտյոֆ Նանսեն, «Խաբված ժողովուրդ», ԵՊՀ հրտ., Երևան, 2000, էջ 272-273:

3. Բուն խնդիրները չնկատելու, շրջանցելու արդի վերլուծաբանների ու քաղաքագետների վարքագիծը հիշեցնում է այն հայտնի առակը, երբ ապարանցուն հարցնում են. “Տեսնո՞ւմ ես այն անտառը» , վերջինս պատասխանում է. «Լավ չեմ տեսնում, ծառերը խանգարում են»:

4. Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1976, էջ 670:

5. Տես, “Декларация о предоставлении независимости колониальным странам и народам”, Генеральная Ассамблея, 947-е пленарное заседание, 14 декабря 1960 года.

6. Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, “Ուխտ Արարատի”, թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 11:

7. Տես, “Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին” ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի 4-ից 7-րդ հոդվածները:

8. Статья 3. Коренные народы имеют право на самоопределение. В силу этого права они свободно устанавливают свой политический статус и свободно осуществляют свое экономическое, социальное и культурное развитие.

Статья 26. 1. Коренные народы имеют право на земли, территории и ресурсы, которыми они традиционно владели, которые они традиционно занимали или иным образом использовали или приобретали.

9. Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, “Ուխտ Արարատի”, թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 7:

10. Տես, Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի և փաստարկների նվազագույն փաթեթ), “Տիգրան Մեծ” հրտ., Երևան, 2008, էջ 3:

11. Конвенция о мирном рещении международных столкновений, Гаага, 18 октября 1907 года.

РАЗДЕЛ I.

О сохранении всеобщего мира.

Статья 1. С целью предупредить, по возможности, обращение к силе в отношениях между Государствами, договаривающиеся Державы соглашаются прилагать все свои усилия к тому, чтобы обеспечить мирное решение международных несогласий.

РАЗДЕЛ II.

О добрых услугах и посредничестве.

Статья 2. Договаривающиеся Державы соглашаются, в случае важного разногласия или столкновения, прежде чем прибегнуть к оружию, обращаться, насколько позволят обстоятельства, к добрым услугам или посредничеству одной или нескольких дружественных Держав.

Статья 5. Обязанности посредника прекращаются с того времени, когда одна из спорящих Сторон или сам посредник удостоверятся, что предложенные средства примирения не были приняты.

РАЗДЕЛ III.

О международных следственных комиссиях.

Статья 9. В международных спорах, не затрагивающих ни чести, ни существенных интересов, и проистекающих из разногласия в оценке фактических обстоятельств дела, договаривающиеся Державы признают полезным и желательным, чтобы Стороны, не достигшие соглашения дипломатическим путем, учреждали, насколько позволят обстоятельства, международную следственную комиссию, на коей будет лежать обязанность облегчать разрешение этих споров, выяснением вопросов факта посредством беспристрастного и добросовестного их расследования.

РАЗДЕЛ IV.

О международном третейском суде.

Глава II. О постоянной палате третейского суда.

Статья 41. Договаривающиеся Державы, желая облегчить возможность обращаться без замедления к третейскому суду в случае международных споров, которые не могли быть улажены дипломатическим путем, обязываются сохранить в том виде, как она была учреждена Первой конференцией Мира, Постоянную Палату Третейского Суда, доступную во всякое время и действующую, при отсутствии иного о сем условия, сообразно порядку производства, изложенному в настоящей конвенции.


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն