Բոսոր գինին կաթիլ-կաթիլ…
Ռ. Կորիւնի գրքի շնորհանդէսի առիթով
Նոր հայերէն գիրք էր լոյս տեսել և կազմակերպւել էր գրքի շնորհանդէսը Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան կողմից: Ինչ գեղեցիկ աւանդոյթ` մեծարել հեղինակին, այսինքն` փառաբանել հայ գիրն ու գրականութիւնը, փառաբանել նրա արարողին` Սբ. Մեսրոպ Մաշտոցին և նրանից շառաւիղւող ոսկեայ շղթան բիւր օղակներով: Իւրաքանչիւր հայ գրքի հեղինակ օղակւում է այդ շղթային: Շղթան հազարագանձ մեզ առաջնորդում է դէպի յաւերժութիւն:
Շնորհանդէսը զուգադիպում էր նաև Վարդանանքին: Ազգային և կրօնական տօն:
Վարդանանք դարձան ոգեղէն աստղեր հայոց երկնքում էն վերից հսկելու, էն վերից արիութեան ոգի ներշնչելու քաջաց ընդդէմ թշնամաց:
Շնորհանդէսի երեկոյին Գլենդէլի հանրային գրադարանի դահլիճը լեցուն էր հանդիսականներով: Հանդէսի մեկնարկումը կատարեց ԿՀԳՄ նախագահ` բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Նա մի շարք յայտարարութիւններից յետոյ տեղեկացրեց Հրանդ և Մանուշ Սիմոնեանների միջոցով միութեանս կատարւած տարեկան նւիրատւութեան մասին, ապա ամբիոն հրաւիրեց վիպասան Պօղոս Գիւպելեանին հանդիսավարելու երեկոն: Նա իր գրաւոր խօսքի մէջ ուրախութիւն յայտնելով շնորհանդէսի առիթով ասաց` «Այս երեկոյ Ռ. Կորիւնի` «Արևավառ իմ երկիր» հատորին շուրջը հաւաքւած ենք տօնական ոգիով…Արձակ գործը գրւած դասական ուղղագրութեամբ լարւած հետաքրքրութեամբ կը կարդացւի…»:
Ապա նա անդրադարձաւ միութեանս որդեգրած ուղեգծին նկատել տալով որ խտրականութիւն չի արւում գրքի շնորհանդէսի հարցում դիմողների նկատմամբ` «….Միութենէն ներս տիրող եղբայրական ոգին միայն վաստակաւորներուն չէ յատկացներ…»:
Բեմ հրաւիրւեց երիտասարդ մտաւորական, բանասէր և «Լոյս» գրքերի հեղինակ Յովսէփ Նալբանդեանը ողջոյնի խօսք ասելու: Նա գնահատեց հեղինակին և նրա հրատարակած գրքերը ասելով` «…Ուրեմն` սիրելի Ռուբէնին պիտի ըսեմ, որ ան իր մեղեդին ունի, եթէ մեղեդի չունենար, չորս տարւայ մէջ երրորդ գիրքը հրատարակելու խիզախութիւնը չէր ունենար…»: Նա նկատի առնելով հեղինակի անցեալի ծառայութիւնները և ներկայի գրական աշխատանքները ասաց.«…Որպէս երկար տարիներու ազգային-հասարակական գործիչ հրապարակագրական քո շունչովդ թէ’ քայլ կը պահես հասարակութեան հետ և միևնոյն ժամանակ մեր առօրեայ հոգսերը, ազգային խնդիրները հողորդակից կը դարձնես մեր ժողովրդին»: Այնուհետև նա ընթերցեց հեղինակի կենսագրութիւնը:
Գրքից ընթերցում կատարեցին` Այլին և Արևիկ Քէշիշեաններըը, նրանք իրենց արտայայտիչ ընթերցումներով գրքի ոգին արտայայտող պատառիկներ հրամցրեցին լսարանին արժանանալով գնահատանքի:
Մեր սիրելի մայեստրօ Հենրիկ Անասեանի ելոյթը, գոհունակութեամբ ընկալւեց, թէ մտքերով և թէ հետաքրքիր ազդեցիկ առոգանութեամբ, նա սրտցաւութեամբ և ուրախութեամբ գնահատեց ու քաջալերեց Ռ.Կորիւնին շարունակելու և ստեղծագործելու գեղարւեստի ոգուն հաւատարիմ ձգտումով: Նրա ելոյթին միախառնւած էր նաև գրականագէտի ակնարկ արժևորում :
Ուղերձներ էին յղւել մեծարւողին` Իրան Քամարա Լիլիան հայ յանձնախմբի և ընկերների կողմից, որոնք ընթերցւեցին հանդիսավարի միջոցով: Միտք բանին գնահատանք էր գրքի հեղինակի անցեալի ծառայութեամբ կեանքի մասին և թէ «Արևավառ իմ երկիր» գրքի հրատարակութեան առիթով շնորհաւորանքներ:
Իւրաքանչիւր հեղինակ ցանկանում է, որ իր գրքի մասին գրւի և խօսւի, մտքերի թարմութեան, մտածելակերպի, շարահիւսութեան, ուղղագրութեան, ոճի, ժանրի, անւան և շապիկի մասին ի միոյ բանիւ գրքի իրական պատկերը երևան գայ, անաչառ և անկողմնակալ գնահատականներ լսի և կարդայ: Սրաթափանց և բանիմաց գրաքննադատի գործ է սա, պրիզմակով հայեցող, որ երևան բերի իրականն ու անիրականը, հարազատն ու անհարազատը, գեղեցիկն ու տգեղը, ազգայինն ու ապազգայինը, հայրենասիրութիւնն ու օտարամոլութիւնը, մարդասիրութիւնն ու ժողովրդասիրութիւնը, մէկ խօսքով գրքի էութիւնը ի յայտ բերելու անաչառ նախանձախնդրութեամբ:
Բանաստեղծ Գրիշ Դաւթեանն իր գրաւոր գրախօսականում անդրադարձաւ գրքի տարբեր գլուխների վերլուծութեան ներկայացնելով իր գնահատականը. նա այսպէս է բնութագրում գիրքը. «Աշխարհաճանաչութեան իր պրպտումների մէջ Ռ. Կորիւնը աւելի դիտող ու ճանաչող է, մտածող, կշռադատող, ապա զգացող: Ինքնաճանաչման և ինքնահաստատման առհաւատչեան են կազմում նրա տրամաբանութիւնը և եզրահանգումները: Նա գրում է մտածումով, յիշողութեամբ…»: Մի այլ պարբերութեամբ նա գրում է` «Կեանքի ու աշխարհքի հանդէպ աշխարհայեցողութեամբ լաւատեսօրէն հաւատաւոր, ձգտում է լաւին ու բարուն… Գրականութիւնը նրա համար նւիրական գործ է, այդ սիրով է նա տոգորւած գրում իր էջերը
Բանաստեղծ և երգիծաբան Ներսէս Տէր Մեսրոպեանն իր խօսքն ուղղելով հեղինակին ասաց` «Իրանահայ միութեան գրադարան-ընթերցարանի ընկերների և Իրանահայ միութեան «Տեղեկատու» ամսաթերթի վարչութեան կողմից ջերմօրէն ողջունում եմ մեր սիրելի` Ռ. Կորիւնի երրորդ գրքի հրատարակչութիւնը, որը իմ տեսակէտով մի կատարեալ յաղթանակ եղաւ իր համար: Գիրքը թէ’ ներքին բովանդակութեամբ և թէ’ արտաքին կազմւածքով բացառիկ էր…»:
Հետաքրքիր երեկոյ, ներկաները մասնակցեցին գինեձօնին, բոսոր գինին հայկական կաթիլ-կաթիլ հեղւում էր նորալոյս գրքի էջերին , ողջ գիրքը թաթախւեց հայոց երկրի արևավառ խաղողի բերքով, ինչպէս Սբ. Ծնունդի և Սբ. Զատկի թաթախման գիշերը իւրաքանչիւր հայ ընտանիքի սեղանին եկեղեցուց բերւած նշխարքը թաթախւում և լուծւում է գինու մէջ, որից մասունք սրբութեան Յիսուսի արիւնն ու մարմինը խորհրդանշող բաժանւում է ընտանիքի անդամների մէջ որպէս ծումի կամ պասի լրման նշան, մեղքերի քաւութեան ու թողութեան Սբ. հաղորդութիւն:
Գինովացած գիրքը յիշատակ պահւեց:
Բացառիկ երեկոյ` մեծարանքի գեղեցիկ հանդիսութիւն:
Այլին Ք. Գլենդէլ, Լոս Անջելէս












