Գլխավոր » Թուրքիա, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

90 տարի առաջ ոտնահարվեց հայության իրավունքը

Մարտ 15, 2011թ. 15:42

4Լրանում է Ռուսաստանի Սոցիալիս­տական Ֆեդերատիվ Սովետա­կան Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին:

Նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար “տերիտորիա“, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերա­բերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության:

Բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին չկար Ռուսաստանի Սոցիա­լիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն ճանաչված պետություն, հետևաբար` միջազգային իրա­վունքի սուբյեկտ, և, բնականաբար, նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: Իսկ թուրքական կողմը ներկայացնող` այսպես կոչված “Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը” ընդամենը հասարակական կառույց էր թուրքական օրինական իշխանության գոյության պայմաններում: Ավելին, թուրքական կողմը հանդես էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող հանցագործ էր, և որի նկատմամբ մահվան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրության բարձրագույն կրոնավորը: Այսպիսով, ըստ վերըշարադրվածի, Մոսկվայի պայմանագիրը անօրինական է ու միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունի:

Ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բոլշևիկյան իշխանությանը պարտադրված Կարսի պայմանագիրը անվավեր է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում հետին թվով լեգիտիմացնել Լենին- Աթաթուրք հանցավոր գործարքը:

Նաև լուրջ մտահոգություն է առաջացնում այն իրողությունը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վերաբերյալ նորացված համաձայնությունների և մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության ամրապնդման ու զարգացման հավաստիացումների խորապատկերի վրա, վերոնշյալ անօրեն և հակահայ պայմանագրի ստորագրման 90-ամյակի այս օրերին է Մոսկվայում տեղի ունենում “բարձրագույն մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի” նիստը:

Աներկբա է, որ երկկողմ հարաբերությունները կարող են բարեկամության հիմք ստեղծել, եթե հիմնված են արդարության վրա և ուղղված չեն երրորդ կողմի դեմ:

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի հայտարարությունը


Դիտել Թուրքիա, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն