Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

«Հայաստան 2010. անորոշության տարի». ներկայացնում է «Սիվիլիթաս»-ը

Դեկտեմբեր 28, 2010թ. 12:55

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի ամենամյա զեկույցն անցնող տարին Հայաստանի համար բնորոշել է որպես «անորոշության» ու «լճացման» տարի, որի ընթացքում «ղարաբաղյան բանակցությունները մտան անորոշության, անկանխատեսելիության և վտանգի փուլ»:

Այսօր ներկայացված հիմնադրամի արդեն երրորդ` «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցն անդրադառնում է Հայաստանի քաղաքական և տնտեսական իրադարձություններին` տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների համատեքստում:

Եթե նախորդ տարին հիմնադրամի հետազոտողներն ու փորձագետները բնութագրել էին որպես «խոստումի» տարի, ապա այս տարին «լճացում» էր:

«Ակնհայտ աղետներ կամ տեսանելի ձեռքբերումներ չեղան, թեև տնտեսական և քաղաքական խնդիրները շարունակում էին մնալ չլուծված: 2010-ին տարածաշրջանի ներքին անորոշություններին գումարվեցին տարածաշրջանի հանդեպ համաշխարհային անորոշությունը»:

Ինչպես նախորդ երկու տարիների զեկույցները, «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցը ևս բաղկացած է երեք հիմնական բաժիններից` տարածաշրջան, ներքաղաքական և տնտեսական:

Զեկույցի ներածականում, անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, նշվում է, որ «Հայաստանը չբարելավեց հարաբերություններն արևելյան և արևմտյան հարևանների հետ: Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո սառեցին նաև Անկարա-Երևան պաշտոնական հարաբերությունները»:

«Արդյունքում` լավատեսները հիասթափվեցին, միջնորդները շփոթվեցին, իսկ քննադատների հոռետեսությունն արդարացվեց»:

Ներքին գործընթացներում ևս լավատեսության առիթ չեն տեսնում «Սիվիլիթասի» փորձագետները` շեշտելով, որ «հասարակության մեջ գնալով աճեց լարվածությունը անձնական ազատության և ավելի մեծ քաղաքացիական ազատությունների ակնկալիքի միջև։ Արդյունքում` քաղաքական տեսանկյունից աննկատ տարում ծնվեցին մի շարք քաղաքացիական շարժումներ»:

Ըստ զեկույցի` տնտեսական ոլորտում ևս որևէ առաջընթաց չի արձանագրվել.

«Կառավարությունը սպառեց տնտեսական ճգնաժամից ելք գտնելու բոլոր մատչելի հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները: Բայց 2010-ին կառավարությունը չկարողացավ քաղաքականապես զգայուն բարեփոխումներ իրականացնել» և «տնտեսական բազմազանեցման և մրցակցության պակասը, ինչպես նաև բիզնեսի և կառավարության ներկայացուցիչների փոխկապակցվածությունը մնացին տնտեսական աճի հիմնական խոչընդոտները»:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն