Հայաստան-Իրան. վերլուծում է «Սիվիլիթաս»-ը
Ներկայացնում ենք հատված Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցից.
ՀԱՅԱՍՏԱՆ–ԻՐԱՆ
Հայաստանն ու Իրանը առողջ քաղաքական հարաբերություններ ունեն: Իրանը, բացառությամբ միջազգային տարբեր կառույցներում Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձևերում հօգուտ Ադրբեջանի քվեարկելու ավանդույթի, շարունակում է իր հավասարակշիռ, չեզոք քաղաքականությունը՝ խտրականություն չդնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում: Իր հերթին Հայաստանը, հակառակ արևմտյան քաղաքական ու տնտեսական ճնշումների, զերծ է մնում քայլերից, որոնք Իրանը կարող էր ընկալել ընդդեմ իր կենսական շահերի: Երևանի և Թեհրանի միջև այս փոխադարձ քայլերը առողջ հիմքերի վրա են դնում հայ-իրանական քաղաքական օրակարգը՝ չնայած տարածաշրջանում անորոշությանը, ապահովելով երկկողմ տնտեսական հարաբերությունները պահպանելու և զարգացնելու հեռանկարը:
Վերջին տարիներին Իրանը և Հայաստանը միասին երկու էներգետիկական նախագծեր իրականացվեցին՝ Իրան-Հայաստան գազատարը, որի շինարարությունն ավարտվեց 2007-ին, և 220 կիլովատ հզորությամբ երկու բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերի կառուցումը։ Հոկտեմբերին, երկու երկրների էներգետիկայի նախարարների մասնակցությամբ, Երևանից մոտ 50 կիլոմետր հյուսիս գտնվող Հրազդան քաղաքի մոտ տեղի ունեցավ երրորդ՝ 400 կիլովատ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի հիմնարկեքի արարողությունը, որի երկարությունը Հայաստանի տարածքում 275 կիլոմետր է և ձգվելու է Հրազդանի 5-րդ էներգաբլոկից մինչև հայ-իրանական սահման, որտեղ միանալու է Իրանի էներգահամակարգին։
Էներգետիկայի նախարարների հանդիպման ընթացքում ստորագրվեց մեկ այլ նախագծի սկիզբն ազդարարող փաստաթուղթ՝ Արաքս գետի վրա երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ: Իրանական կողմը իր միջոցներով պիտի կառուցի 323 միլիոն դոլար արժողությամբ ՀԷԿ-երը, դրանք շահագործի 15 տարի և տարեկան արտադրված 793 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիան տեղափոխի Իրան, որից հետո ՀԷԿ-երը պետք է անհատույց փոխանցվեն հայկական կողմին։ Սպասվում է, որ շինարարությունը կսկսվի 2011-ին և կտևի հինգ տարի։
Մի շարք այլ ծրագրեր, մնալով օրակարգի վրա, ձգձգվում են։ Դրանցից կարևորագույնը Հայաստան-Իրան երկաթուղին է, 313 կիլոմետր երկարությամբ, որի արժեքը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլարի։ Նման ենթակառուցվածքի շինարարության դժվարությունն այն է, որ ո՛չ Իրան- Հայաստան, ո՛չ Իրան-Հայաստան-Վրաստան բեռնափոխադրումները բավարար չեն, որպեսզի ապահովեն երկաթուղու տնտեսական նպատակահարմարությունը։ Այդ է հավանաբար պատճառը, որ դեռևս ոչ մի միջազգային ֆինանսական կազմակերպություն հետաքրքրություն չի արտահայտել երկաթուղու շինարարության ֆինանսավորման հարցում։ Երկաթուղին տնտեսական արժեք կունենար, եթե վերանար Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Այդ դեպքում էլ սակայն կկորչեր նրա հրատապությունը, քանի որ կսկսեր գործել Երևան-Նախիջևան-Ջուլֆա- Թավրիզ երկաթուղին։
Ակնհայտորեն, հետաքրքրություն չկա նաև Մեղրիում՝ հայ-իրանական սահմանի մոտ նախատեսված նավթազտարանի կառուցման հարցում։ Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը հոկտեմբերին հայտարարեց, որ կողմերը որոշել են սառեցնել ծրագիրը՝ տնտեսապես շահավետ չլինելու պատճառով։ Հստակ չեն ծրագրերը նաև Իրանից Հայաստան վերամշակված նավթամթերք տեղափոխող խողովակաշարի և նավթային պահեստարանի կառուցման հարցում, թեև Հայաստանի վարչապետի Թեհրան այցի ընթացքում հայտարարվեց, որ առաջիկայում սկսվելու է շինարարությունը։
Հայ–իրանական քաղաքական հարաբերություններում երբեմն նաև գրանցվում են միջադեպեր, որոնց նկատմամբ զգայուն է հատկապես Իրանը։
Կողմերը չկարողացան պահել այն աշխուժությունը, որ կար հայ-իրանական հարաբերություններում տնտեսական, էներգետիկայի և հեռահաղորդակցությունների ոլորտներում։ Պատճառների շարքում էին Հայաստանում և Իրանում գրանցված հետընտրական, ողբերգական ցնցումները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների շահագրգռված չլինելը հյուսիս-հարավ էներգետիկական և տրանսպորտային առանցքը ուժեղացնելու մեջ և անշուշտ Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներն ու պատժամիջոցները։ Տարիներ շարունակ օրակարգի վրա գտնվող հայ-իրանական շատ նախագծեր մնում են բարի ցանկությունների մակարդակում։
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի գերազանցում տարեկան 200 միլիոն դոլարը, ինչը մոտավորապես այնքան է, որքան Թուրքիայից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող ապրանքների ընդհանուր գումարը։ Վերջին տարիներին կտրուկ ավելացել են իրանցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, հատկապես իրանական ամանորի՝ Նոռուզի շաբաթը։ 2010-ին Հայաստան է այցելել շուրջ 80 հազար իրանցի։
Վերջին տարիներին Իրանը և Հայաստանը միասին երկու էներգետիկական նախագծեր ավարտեցին՝ Իրան–Հայաստան գազատարը, որի շինարարությունն ավարտվեց 2007- ին, և 220 կիլովատ հզորությամբ երկու բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերի կառուցումը։
Հայ-իրանական քաղաքական հարաբերություններում երբեմն նաև գրանցվում են միջադեպեր, որոնց նկատմամբ զգայուն է հատկապես Իրանը։ Նոբելյան դափնեկիր, իրավապաշտպան Շիրին Էբադիի ապրիլյան այցը Երևան, որը կայացավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի շրջանակներում, որոշակի լարվածություն մտցրեց հայ-իրանական հարաբերություններում։ Հայաստանի իշխանությունները, հակառակ Իրանի ակնկալությունների, թեև չխոչընդոտեցին Էբադիի այցը, սակայն իրենք ևս դժգոհ մնացին, երբ իրավապաշտպանը հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի ընդդիմության պահանջներին:
Որպես հետևանք, հայ-իրանական մի քանի բարձր մակարդակի պաշտոնական այցեր որոշ ժամանակով հետաձգվեցին: Տարվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը, ապա վարչապետը այցելեցին Թեհրան: Հայաստան այցելեցին Իրանի արտգործնախարարը, էներգետիկայի նախարարը և խորհրդարանի նախագահը։












