Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Սիվիլիթաս». Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Հունվար 22, 2011թ. 10:12

DSC_7616Հատված Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցից.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Եթե 2010 թվականի ղարաբաղյան բանակցային գործընթացը նկարագրելու լինենք մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել, որ այն մտել է անորոշության, անկանխատեսելիության և վտանգավոր մի փուլ:

Անորոշության պատճառը պայմանավորված է մի իրավիճակով, երբ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ գոյություն չունի մի փաստաթուղթ, որը հակամարտության բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային տեքստ:

Մադրիդյան փաստաթուղթը ծնվել է Պրագայի գործընթացի մի քանի տարիների ընթացքում և 2008 թվականին հանձնվել ԵԱՀԿ քարտուղարություն: Այդ փաստաթուղթը եռանախագահող պետությունների ավագ դիվանագետները 2007 թ. նոյեմբերին ներկայացրել էին Մադրիդի ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը: Հակամարտության կողմերը Մադրիդյան փաստաթուղթը ճանաչել էին որպես հենք հետագա բանակցությունների համար, չնայած կողմերից յուրաքանչյուրն ուներ իր մտահոգություններն ու վերապահումները:

Մադրիդյան առաջարկները շարունակեցին մնալ բանակցվող փաստաթուղթ 2008- ի ապրիլից հետո, երբ Հայաստանի նոր վարչակազմը ստանձնեց երկրի կառավարումը: Այն բանակցությունների սեղանին մնաց ողջ 2009 թվականի ընթացքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպեցին վեց անգամ:

Նախագահների 2010 թվականի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Սոչի քաղաքում հունվարին և, ինչպես տարվա ընթացքում տեղի ունեցած մյուս երկու հանդիպումները, անցավ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ:

Այդ հանդիպման նախօրեին Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին Մադրիդյան փաստաթղթի վերամշակված մի տարբերակ: Այն անվանվեց Նորացված Մադրիդյան և միակողմանիորեն այնչափ էր նորացվել, որ արդեն ընդունելի էր Ադրբեջանի համար: Հրապարակային հայտարարություններից շատ արագ պարզ դարձավ, որ Հայաստանը չի կարող ընդունել Նորացված Մադրիդյան փաստաթուղթը, պնդելով, որ դա լոկ աշխատանքային տարբերակ է, և միակ օրինական բանակցային փաստաթուղթը շարունակում է մնալ այն, որը Մադրիդում ներկայացվել էր 2007-ի նոյեմբերին:

Հունիսին, նախագահների երկրորդ հանդիպման ընթացքում, կրկին Մեդվեդևի միջնորդությամբ, այս անգամ՝ Սանկտ- Պետերբուրգում, փաստաթուղթը ենթադրաբար այն այստիճան էր փոխվել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակային կերպով հիասթափված լքեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Ադրբեջանը հայտարարեց, որ փաստաթղթի նոր տարբերակը օրինական չէ, քանի որ այն միայն ռուսական կողմն է ներկայացրել, առանց մյուս համանախագահների ներկայության ու հավանության: Ժամեր անց գրանցվեց 1994-ի մայիսին ստորագրված անժամկետ հրադադարից հետո ամենամեծ սադրանքներից մեկը։ Շփման գծի հյուսիս-արևելքում ադրբեջանական դիվերսիոն խմբին հաջողվեց անցնել արցախյան բանակի թիկունք և չորս հայ զինծառայողների սպանել։

Նախքան նախագահների երրորդ հանդիպումը, որ կայացավ հոկտեմբերին Աստրախանում, կողմերը հրապարակավ միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցրել: Լարվածությունն արտահայտվել էր հրադադարի աննախադեպ խախտումների քանակով ու շփման գծի երկայնքով դիպուկահարների ակտիվությամբ:

Եթե ավելի վաղ փուլերում հրապարակային բանավեճերն ընթանում էին բանակցվող փաստաթղթի բովանդակության շուրջ, ապա այժմ բանավեճն այն է, թե որն է փաստաթուղթը, որի հենքով պետք է ընթանան բանակցությունները:

Աստրախանում նախագահներն այս հարցին պատասխան չտվեցին, սակայն ստորագրեցին մեկ այլ հռչակագիր, վերահաստատելով 2008-ի նոյեմբերի Մայենդորֆի հռչակագրի դրույթները, ինչպես նաև որոշելով իրականացնել ռազմագերիների փոխանակում և զոհվածների մարմինների վերադարձ՝ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։ Գերիների փոխանակում միշտ եղել էր, բայց առաջին անգամ էր փաստաթուղթ ստորագրվում այդ մասին: Հարկ է նշել, որ այս փաստաթղթում Ղարաբաղի անունը որևէ կերպ չէր հիշատակվում:

Այսպիսով, նման անորոշության ընթացքում քաղաքական անկանխատեսելիությունը նույնպես աճեց: Տարվա վերջում Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովից սպասումները մեծ էին: Գագաթաժողովից մեկ-երկու ամիս առաջ ակնկալիքներ կային, որ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահները կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Ոչ միայն նման հանդիպում չկայացավ, այլ անգամ տեղի չունեցան Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև սովորական դարձած բանակցությունները: Փաստը, որ երկու նախագահները միևնույն քաղաքում էին, մասնակցում էին նույն համաժողովին և որևէ պատճառ ու ցանկություն չունեցան առիթն օգտագործել ու հանդիպել և թեկուզ չնչին առաջընթաց արձանագրել, գործընթացի անկանխատեսելիության ցուցիչն է: Դրա ապացույցն է տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունների կամ նրանց խոսնակների կողմից հրապարակային հայտարարություններում հարգանքի կամ դիվանագիտական մոտեցման իսպառ բացակայությունը:

Հակամարտության պատմության անորոշ ու անկանխատեսելի փուլն այսպիսով դառնում է վտանգավոր: Շփման գծի երկայնքով գրանցվող պատահարների քանակն ու հաճախականությունը լուրջ տագնապ են առաջացնում: Պաշտոնապես հաղորդվում է, որ հրադադարի ռեժիմը օրական խախտվում է ավելի քան երեսուն անգամ: Բացի այդ, Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր ռազմական ծախսերը: 2011 թվականի համար Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ ավելի քան երեք միլիարդ դոլար կամ պետական բյուջեի մոտ 20 տոկոսը, գերազանցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բյուջեների գումարին։ Այս միտումներն առաջիկա տարիներին ավելի են խորանալու, քանի որ Ադրբեջանի նավթային եկամուտների աճը շարունակվելու է դեռ 4-5 տարի, որոնց շնորհիվ են հիմնականում ձևավորվում Ադրբեջանի բյուջեն և ընկալումները։

Թուրքիայի միջազգայնորեն շարունակվող ներգրավվածությունը ևս սնում է Ադրբեջանի ընկալումները: Թուրքիան բացատրում է իր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, քանի որ հրապարակավ հայտարարել է, որ միայն Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր կդարձնի սահմանի բացումը:

Ճնշումները բոլոր կողմերից են, այդ թվում՝ ՄԱԿ-ից, որի օրակարգի մեջ այս տարի Ադրբեջանը հերթական անգամ մտցրեց «Իրավիճակը գրավյալ տարածքներում» բանաձևը: Ավելի ուշ, նրանք հետ վերցրին բանաձևը, պայմանով, որ կրկին փաստահավաք խումբ մեկնի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ, որպես շարունակություն հինգ տարի առաջ նմանօրինակ առաջին այցելության:

Չնայած նման ճնշումներին ու շարունակվող ակնկալիքներին, որևէ հստակ բան չկատարվեց տարվա կարևորագույն համաժողովում՝ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում: Բարձր մակարդակի ԵԱՀԿ տարեկան հանդիպումը սովորաբար իր քաղաքական հռչակագրում ներառում է մեկ պարբերություն, որը համաձայնեցված է լինում կողմերի ու համանախագահների միջև ու արտահայտում է տարվա ընթացքում գրանցված առաջընթացը: Այս տարի նման պարբերություն չկար: Փոխարենը եղավ համանախագահող երեք երկրների պատվիրակությունների ղեկավարների ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը:

Մինսկի գործընթացին աջակցող մեկ այլ նախագահական հայտարարություն արվեց հունիսին Կանադայում, Մեծ Քսանյակի գագաթաժողովում: Այս հայտարարությունը, փաստացի, կրկնում էր մեկ տարի առաջ Իտալիայի Ակվիլա քաղաքում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի համատեղ հայտարարությունը: Բոլոր երեք հայտարարություններում Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վերահաստատում էին կարգավորման հիմնարար հետևյալ սկզբունքները.

••Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ,

••Լեռնային Ղարաբաղին տրամադրել միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում,

••Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում նրա բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով,

••տեղահանվածների և փախստականնների վերադարձ։

Մինչ քննարկումները շարունակվում էին, Հաագայի Միջազգային քրեական դատարանը հրապարակեց Կոսովոյի իրավական կարգավիճակի մասին դատավճիռ, ինչն առաջ բերեց հակասական արձագանքներ: Ադրբեջանը կրկնեց միջազգային հանրության տեսակետն առ այն, որ Կոսովոյի դեպքը առանձնահատուկ է և չի վերաբերում Ղարաբաղին: Մյուս կողմից հայերը հայտարարեցին, որ Կոսովոյի անկախացման գործընթացը ցույց տվեց, որ միջազգային հարաբերություններում ինքնորոշումը գերակա նորմ է:

Լեռնային Ղարաբաղում 2010 թվականին անցկացվեցին թվով հինգերորդ խորհրդարանական ընտրությունները՝ վերահաստատելով նրա փաստացի ինքնիշխանությունը: Խորհրդարանի 33 պատգամավորները ներկայացնում են երեք կուսակցություններ: Ադրբեջանում ևս կայացան խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում երկրի նախագահի կուսակցությունը ապահովեց տեղերի մեծամասնությունը:

Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը գրեթե բացակայում են, 2010-ին տեղի ունեցավ մի աննախադեպ այց: Ապրիլին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 12 ժամով այցելեց Բաքու՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հրավերով՝ մասնակցելու հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին: Չնայած նախկինում Հայոց կաթողիկոսն ու Կովկասի մահմեդականների առաջնորդը Մոսկվայում և այլ մայրաքաղաքներում մի քանի անգամ հանդիպել էին, սա առաջին անգամն էր, երբ երկու հոգևոր առաջնորդներից մեկը հյուրընկալում էր մյուսին: Կաթողիկոսն ու մուֆթին մեկ անգամ ևս հաստատեցին, որ հակամարտությունը կրոնական բնույթ չունի, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մերժեցին ուժի կիրառումը և խրախուսեցին կողմերի միջև երկխոսության շարունակումը: Բաքու կարճ այցի ընթացքում կաթողիկոսը երկար հանդիպում ունեցավ նաև նախագահ Ալիևի հետ:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն