«Սիվիլիթաս»-ը վերլուծում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը հասավ մոտ 200 միլիոն դոլարի, և չի ակնկալվում, որ փակ սահմանի պայմաններում այն էականորեն կավելանա: 2010-ը հաստատեց, որ տեսանելի ապագայում Թուրքիան փակ է պահելու սահմանը: Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացը, որը հրապարակայնություն էր ստացել 2008-ին, երբ Հայաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երևան՝ միասին դիտելու ֆուտբոլային հանդիպումը, անցնող տարի փլուզվեց: Սա ի վերջո հիասթափեցրեց լավատեսներին, շփոթեցրեց միջնորդներին և արդարացրեց քննադատներին:
Հայաստան-Թուրքիա գործընթացում արագությունն ու լավատեսությունը, որով առաջ էին շարժվում երկու կողմերը, հիմնված էին երկու հիմնական սխալ հաշվարկների վրա: Հայկական կողմը հավատում էր, թե Թուրքիան, որ 1993-ին թուրք-հայկական սահմանը փակել էր ի համերաշխություն Ադրբեջանի, կարող է այն բացել առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի, ինչը կբավարարեր Բաքվի ակնկալիքները: Թուրքական կողմն էլ իր ենթադրությունների վրա էր հենվում: Նրանք հավանաբար մտածել էին, թե կարող են Ադրբեջանին համոզել, որպեսզի վերջինիս դիրքորոշումն ավելի ճկուն լինի, և Բաքուն տեսնի տարածաշրջանի անվտանգության համար բաց սահմանների շահեկան լինելը: Ավելին, ըստ թուրքական իշխանությունների հաշվարկի, ղարաբաղյան գործընթացն արագ ու դրական հունով բավականին առաջացած կլիներ այն պահին, երբ Թուրքիան ու Հայաստանը համաձայնության կհասնեին արձանագրությունների հարցում: Նրանք ակնկալում էին, որ ղարաբաղյան հարցում Ադրբեջանի համար շոշափելի առաջընթաց գրանցված կլինի, ինչը հնարավորություն կտա Անկարային բացել սահմանը:
Հաշվարկները սխալ դուրս եկան: Արձանագրությունները սառեցվեցին, և երկու կողմերը սկսեցին մեղադրել միմյանց: Փոխադարձաբար արվող այդ բացահայտ ու հրապարակային մեղադրանքները և առարկությունները էականորեն տարբեր են, զարմանալիորեն ոչ դիվանագիտական ու անորոշ:
Գործընթացը դադարեց 2010-ի ապրիլի 22- ին, ոչ պատահականորեն ճիշտ մեկ տարի անց, երբ հայտարարվեց «Ճանապարհային քարտեզի» մասին: Ապրիլյան այդ օրերի կարևորությունը շատերի համար ակնհայտ էր և հետագայում հաստատվեց Վիկիլիքսի բացահայտումով: Թուրքիան եռանդուն կերպով շահարկում էր երկու արձանագրությունները, մասնավորապես դրանց վավերացման հեռանկարը, որպեսզի ճնշումներ գործադրի ամերիկյան առաջնորդների վրա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի համար նպաստավոր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցերում: Այլ խոսքերով, 2009-ին Երևանն ու Անկարան հարաբերությունների նորմալացման ծրագրի մասին հայտարարեցին ընդամենը երկու օր առաջ այն ամսաթվից, երբ ամեն տարի ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դա Միացյալ Նահանգների նախագահին հնարավորություն տվեց խուսափել իր նախընտրական խոստումից և ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործել «ցեղասպանություն» բառը:
«Ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Թուրքիայի վարչապետը հրապարակավ Թուրքիա-Հայաստան գործընթացը պայմանավորեց ղարաբաղյան հարցում առաջընթացով: Մինչև 2009-ի հոկտեմբերի 10-ը, երբ Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ ստորագրվեցին արձանագրությունները, երկու գործընթացների՝ հայ-թուրքականի և ղարաբաղյան կարգավորման փոխկապակցվածությունը, «բաց գաղտնիք» էր, մի բան, որ հետևողականորեն հիշեցնում էին թուրքերը և նույնքան հետևողական կերպով հերքում էին հայերը: Փաստորեն, խնդիրն այնքան վիճելի էր, կողմերի դիրքորոշումներն այնքան տրամագծորեն տարբեր էին, որ Ցյուրիխի ստորագրման արարողությունը ձախողման եզրին էր, քանի որ համաձայնություն չկար ստորագրումից հետո հրապարակային հայտարարությունների վերաբերյալ:
Ստորագրումից հետո Հայաստանի կառավարությունը արձանագրություններն ուղարկեց Սահմանադրական դատարան: Քննադատության արժանացավ ժամանակի ընտրության պահը. չափազանց ուշ էր ստորագրման վրա ազդելու համար և չափազանց վաղ որևէ օրենսդրական ուղղում մտցնելու իմաստով, սակայն դատարանը, այդուհանդերձ, վճիռ կայացրեց: Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով մտահոգություններն ու հրապարակային դիմադրությունը, փորձեց նվազեցնել առկա մտահոգությունները: 2010 թ. սկզբին Սահմանադրական դատարանը որոշեց, որ արձանագրությունների դրույթները չեն կարող որևէ ձևով վերաբերել ո՛չ Հայոց ցեղասպանության հավաստիությանը և ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտությանն ու նրա լուծմանը:
Այնուհետև, Հայաստանի նախագահը արձանագրություններն ուղարկեց Ազգային ժողով և միջազգային հանրությանը հավաստիացրեց, որ խորհրդարանը պատրաստ է վավերացնել այդ փաստաթղթերը: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ իր երկրի խորհրդարանում արձանագրությունները կարող են երեք օրում վավերացվել, սակայն դա չի արվում ղարաբաղյան հարցի չկարգավորվածության պատճառով։
Թուրքիան, որ վերջին կես տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով պնդում էր, թե արձանագրությունները, ըստ էության, ներառում են վերոնշյալ երկու հարցերը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Հայաստանին մեղադրեց սաբոտաժի մեջ: Հայկական կողմը գիտակցեց, որ թուրքերը չեն կարող կամ չեն բացելու սահմանը, և հետևաբար ապրիլին սառեցրեց գործընթացը:
Հրամանագիրը հաջորդեց ԱՄՆ նախագահ Օբամայի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ Վաշինգտոնում, ապա Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի հետ Մոսկվայում նախագահ Սարգսյանի հանդիպումներին։ Հայաստանի իշխանությունները վերջապես ստիպված եղան ընդունել, որ այլևս հնարավոր չէ ցանկալին իրականության տեղ ներկայացնել։
Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի կնքահայրերը՝ ԱՄՆ-ը, Շվեյցարիան ու եվրոպական մի քանի երկրներ, գոհունակություն արտահայտեցին, որ Հայաստանը վերջ չդրեց գործընթացին, այլ միայն սառեցրեց այն։ Թուրքական կողմը շտապեց հայտարարել, որ կասեցման քայլը Հայաստանի միակողմանի որոշումն էր։ Այսպիսով, Թուրքիան փորձեց միջազգայնորեն հասարակական կարծիք ձևավորել, որ ինքը պատրաստ է շարունակել հայ-թուրքական երկխոսությունը, մինչդեռ Հայաստանն է, որ դուրս է գալիս գործընթացից։
Ավելին, թուրքական կողմը տարբեր մակարդակներում հայտարարեց, թե Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվում է «լուռ դիվանագիտությունը», փորձելով միջազգայնորեն հասարակական կարծիք ստեղծել, թե գործընթացը մեռած չէ, և դրանով կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այդ նպատակին է ծառայում նաև Անկարայի հատուկ ուղեցույցը աշխարհի տարբեր պետություններում հավատարմագրված թուրքական դեսպանություններին։ 2010 թվականի վերջին ամիսներին Հայաստանը ժամանակ առ ժամանակ ստիպված էր հայտարարել, որ չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ «Ցյուրիխ 2», և ո՛չ էլ որևէ նոր գործընթաց։
:
Ավելորդ է ասել, որ լավատեսները հիասթափվեցին: Որոշները հույս ունեին, թե Թուրքիան այնքան համարձակություն կունենա, որ մի կողմ կդնի Ադրբեջանի իրական կամ ընկալվող սպառնալիքները, վստահ լինելով, որ բաց սահմաններով տարածաշրջանը վերջիվերջո շահեկան է Ադրբեջանի համար: Բացի այդ, լավատեսները հուսով էին, որ արձանագրություններում չներառելով «ցեղասպանություն» և «Ղարաբաղ» բառերը և միայն աղոտ կերպով հղում անելով դրանց, ինչ-որ կերպ հնարավոր կլինի շրջանցել նման տարակարծություններով լի և բարդ հարցերը:
Տարբերակներից ոչ մեկը չաշխատեց: Ամենուրեք տիրում էր հիասթափություն: Թուրքիան հաստատեց հայերի վատթարագույն երկյուղները, երբ թուրքերն ի վերջո մի կողմ թողեցին ձևակերպումների միտումնավոր անորոշությունը և բաց տեքստով հայտարարեցին նախապայմանների մասին:
Միջնորդները շփոթմունքի մեջ էին: Նրանք հասել էին Ցյուրիխ, ներկա գտնվել ստորագրման արարողությանը, նախագահների մակարդակով հանդիպումներին, սակայն չէին հասկացել նրբությունները կամ ցանկանում էին դրանք անտեսել: Մինչդեռ հենց այդ նրբություններն էին, որ խաթարեցին ողջ գործընթացը:
Բայց քննադատները զարմացած չէին: Նրանք, ովքեր ի սկզբանե ահազանգում էին, որ գործընթացը անիրագործելի է, իսկ փաստաթղթերը իրավիճակին անհամարժեք` ճիշտ դուրս եկան: Այն մտավախությունները, որ անփույթ գործընթացը կարող է հանգեցնել ձախողման, արդարացվեցին: Ավելին, կանխատեսումները, որ դրա հետևանքով երկկողմ հարաբերությունները ավելի թշնամական կդառնան, նույնպես իրականություն դարձան:
Նրանք, ովքեր պնդում էին, որ ավելի լավ է փորձելը, քան ոչինչ չանելը, կամ որ «փորձը փորձանք չի», հիմա կանգնած են իրավիճակի կտրուկ փոփոխության առաջ՝ 2008-ի անհիմն ոգևորությունը 2010-ին փոխարինվեց անիմաստ թշնամանքով: Կողմերն իրենց հասարակություններին ու միջազգային հանրությանը բացատրելու շատ բան ունեն, բայց ուղերձները դեռ շատ անորոշ են: Որպես հետևանք, ներկա բանավեճը սահմանափակվում է միմյանց մեղադրելով ու փոխադարձ անվստահությամբ:
Եվ վերջապես, միայն սառեցնելով արձանագրությունները և դրանցից չհրաժարվելով, հայկական կողմն ըստ էության ստեղծել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի վրա ամենափոքր իսկ ճնշումը չկա սահմանի բացման համար։ Փոխարենը, Թուրքիան ակտիվ միջնորդի դեր է ստանձնել ղարաբաղյան հարցում, շարունակելով մնալ Ադրբեջանի շահերի պաշտպանը:
Միևնույն ժամանակ Թուրքիան քաղաքական և դրամական միջոցներ է ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման գործում և պաշտոնապես ձեռնոց է նետում նրանց, ովքեր այն ճանաչում են։ Գարնանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովը, ապա Շվեդիայի խորհրդարանը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր։ Անկարան սպառնալի հայտարարություններ արեց։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անձամբ դիմեց Կոնգրեսին, որպեսզի չքվեարկվի թիվ 252 բանաձևը։ Շվեդիայի վարչապետը զանգահարեց իր թուրք գործընկերոջը և ներողություն խնդրեց։
Մյուս կողմից, 2010 թվականին Թուրքիայի ներսում տեղի ունեցան մի շարք աննախադեպ իրադարձություններ հայ- թուրքական հարաբերությունների երկու տասնամյակների պատմության համար։ Թուրքիայում առաջին անգամ նշվեց Ապրիլ 24-ը՝ Ստամբուլի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքվեցին մի քանի տասնյակ թուրքեր և հայեր։
Ամիսներ անց, սեպտեմբերին, թուրքական կառավարությունը ի վերջո զիջեց և թույլատրեց Վան քաղաքի մերձակայքում՝ Ախթամար կղզում 10-րդ դարում կառուցված պատմական Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծումը: Որպես թանգարան վերանորոգված եկեղեցին այժմ կարող է տարեկան մեկ անգամ ծառայել կրոնական արարողություններ անցկացնելու նպատակով: Պատարագը մատուցվեց, բայց վերջին պահին, հիմնականում այն պատճառով, որ տեղական ընտրությունների նախաշեմին իշխող կուսակցությունը չէր ուզում զայրացնել պահպանողական ընտրողներին, խաչ տեղադրելու խնդրանքը մերժվեց: Շատերի համար իրավիճակը պարզապես հաստատեց, որ դա թուրքական կառավարության համար քարոզչական արշավ էր, ոչ թե իրական հանդուրժողականության արտահայտություն: Շատերն էլ փորձեցին չնսեմացնել Թուրքիայում պատմական Հայաստանի ներկայությունը ճանաչելու այդ օգտակար ու դրական քայլը։
ArmAr.am












