Գլխավոր » Genocide, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Ուզում եմ հարց ուղղել թուրք գեներալներին` ի՞նչ շահեցիք ցեղասպանության ենթարկելով մշակութաստեղծ մի ժողովրդի»

Մարտ 18, 2011թ. 09:00

Levon-2 Հարցազրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

Եվրոխորհրդարանի 1987-ին ընդունած բանաձևում հստակ ասված է. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ», «Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»: ԱՄՆ սենատորների զգալի մասը ևս հայտարարում են` ճանաչել չի նշանակում դատապարտել, չի նշանակում վնասների հատուցում, առավել ևս, հողային պահանջ: Մինչդեռ հայկական կազմակերպություններն իրենց լոբբիստական ջանքերը շարունակում են ուղղել միայն ճանաչման վրա: Հարց է առաջանում` ինչո՞վ ենք զբաղված` ինքնախաբությա՞մբ, սեփական ներուժը վատնելո՞վ:

-Ժամանակն է  համարձակորեն ասել, որ գործընթացներն այսօր գտնվում ենք փակուղում: Ծախսվում է ֆինանսական, մարդկային ազգային հսկայական ռեսուրս և` ապարդյուն: Անկեղծ ասած, չեմ հասկանում հայկական այն կազմակերպությունների լոբբիստական աշխատանքը, որը միտված է հայոց ցեղասպանության` ընդամենը ճանաչմանը…

Ավելին, կան փաստեր, որ թուրքական կողմն իր հերթին ճանաչման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ մեծ ՙներդրումներ՚ է անում: Այսինքն, գործընթացը ձեռնտու է Թուրքիային, քանզի տաք պահելով հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող շոուն, իրականում հայերին հեռու է պահում առավել լուրջ` իրավական, իրական գործընթացներից:

-Այո, իմ գնահատականով ցեղասպանության ճանաչման այս գործընթացը նպաստավոր է թուրքական կողմի ռազմավարության տեսանկյունից, քանզի նրանց համար խնդիրը մեկն է` հարցը ձգել ու մոռացության մատնել: Հաշվարկը պարզ է` սերունդներ են փոխվում, ստվար զանգվածներ սփյուռքում ձուլվում են, հայության ռեսուրսն աննպատակ ծախսվում է: Եվ զարմանալին այն է, որ հայկական կողմից ոչ մի  ընդվզում չկա այս ամենի դեմ: Խոշոր տերությունները մեզ ներքաշել են հայոց ցեղասպանության ճանաչման ՙգայթակղիչ՚ գործընթացի մեջ: Թերևս այս ամենը բավականություն է պատճառում քաղքենի զանգվածին, գուցե բավարարվո՞ւմ են, որ  մեզ խղճում են, խոստանում ճանաչել  մեր ցեղասպանությունը…  Այո, Եվրոխորհրդարանի որոշումը շատ հստակ է`  ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի հայերի   ցեղասպանությունը, բայց չհանգեցնել փոխհատուցման հարցին: Այսինքն, եվրոպական քաղաքական էլիտան  շարունակում է հայկական հարցն օգտագործել ի նպաստ իր շահերի: Մինչդեռ մենք իրավունք չունենք ապարդյուն ջլատել մեր ներուժը:

Իրողությունն այն է, որ առանց դատապարտման ճանաչումը հղի է լուրջ վտանգներով. կանխատեսումներ են արվում, թե ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը հիմք կունենա դատարանով քրդերին նվիրաբերել Արևմտյան Հայաստանը` հայոց հայրենիքի վրա ստեղծելով Քրդական պետություն:

-Կարծում եմ, որ սա քրդերի կողմից բանեցված քարոզչական հնարք է:  ԱՄՆ քաղաքականության մեջ պետք է առանձնացնենք երկու շերտ. չպետք է մոռանալ, որ   նրանում ակնհայտ է  բարոյական շերտը: Ինչպես ամերիկյան ժողովրդի կյանքից հնարավոր չէ հեռացնել աստվածաշունչն ու նրա բարոյական արժեքները, այնպես էլ ԱՄՆ-ը հնարավոր չէ քաղաքականապես պատկերացնել առանց վիլսոնյան իդեալիզմի: Այնպիսի ռեալիստ քաղաքական գործիչ ինչպիսին  ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն է, համոզված է, որ առանց վիլսոնականության ԱՄՆ քաղաքական համակարգը կփլուզվի: Սա մեզ համար շատ կարևոր է. 1915 թվականից Ամերիկան մեզ` այս կամ այն չափով օժանդակել է, չնայած  դա դոմինանտ չի եղել, և դժբախտությունը սրանում է: Բայց սա ի գիտություն ընդունելով, անցնենք հարցի երկրորդ մասին: ԱՄՆ-ը հզոր բարեկամներ չի սիրում, և հայկական հարցը` ցեղասպանության ճանաչման տեսքով, անհրաժեշտ է Թուրքիային զսպաշապիկ հագցնելու համար: Ինչպես Հոլոքոստն է պետք Գերմանիային ՙանկյունում՚ պահելու համար: Սրանք լծակներ են: ԱՄՆ քաղաքական պարտնյորն այսօր ոչ թե քուրդն է, այլ թուրքը: Եվ քրդական գործոնը ևս լծակ է Թուրքիայի դեմ:

Մինչ 1915 թվականը շրջանառվում էր այսպիսի մի միտք. Արևմտյան Հայաստանի իրավական տերը Թուրքիան է, փաստական տերը` քուրդը, իսկ հայրենիք ունեցողը` հայը: Հային զրկեցին հայրենիքից, իրավական տերը մնաց դարձյալ Թուրքիան, փաստական տերը` առավել ամրացած քուրդը: Կուզեի  հարց ուղղել թուրք գեներալներին. ի՞նչ շահեցիք հայոց ցեղասպանության իրականացմամբ, երբ ոչնչացրեցիք մշակութաստեղծ, քաղաքակիրթ, Թուրքիան եվրոպականացնող մի ժողովուրդ: Ըստ էության, հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելով Թուրքիան հարցն իր օգտին չլուծեց…

Բայց Թուրքիայի ծրագիրը հստակ էր, Արևմտյան Հայաստան` առանց իրական տերերի` հայերի:

– Սակայն իրականում Թուրքիան դրանից, մեծ հաշվով, չշահեց, հաշվարկը ճիշտ չէր արված: Թուրքերը հույս ունեին, որ տարիների ընթացքում կկարողանան ձուլել քրդերին, մինչդեռ  քրդերի էթնիկ ինքնագիտակցությունն ավելի հզոր դուրս եկավ, քան կրոնականը: Օջալանը  թուրքերին երեսով է տալիս  ասելով` ՙՄենք ձեզ օգնեցիք, որ ժամանակին շահեք Մանազկերտի, Չլդրանի ճակատամարտերը…՚: Նա մոռանում է ասել, որ թուրքերին օգնել են գլխավորում` հայոց ցեղասպանության իրականացման հարցում:

Թուրքիան այսօր, թերևս, կանգնած է երկրորդ ցեղասպանության կատարման  շեմին. կամ պետք է քրդոցիդ իրականացնի, որ ազատվի քրդական հարցից, կամ էլ Քրդստան ստեղծվի Արևմտյան Հայաստանի տարածքի վրա: Բայց սա ևս հարցի լուծում չէ, չէ՞ որ կա այդ հայրենիքի տերը: Եվ Արևմտյան Հայաստանի հայերը, որպես այս երկրի  իրավատերեր, որպես  բնիկ ժողովուրդ, իրենց ձայնը պետք է բարձրացնեն: Մենք պետք է պատրաստ լինեք ցանկացած զարգացումների` իրավատիրության բոլոր փաստաթղթերով զինված միջազգային ատյաններին ներկայանալու համար: Ես ունեմ կոնկրետ առաջարկներ: Բռնազավթված Արևմտյան Հայաստանի  իրավատերը Արևմտյան Հայաստանի հայությունն է: Վերջինս պետք է ստեղծի գործադիր մարմին ու անցնի կոնկրետ քայլերի իրականացման` պատասխան պահանջելով Թուրքիայից: Թուրքիան, որպես պետական հանցագործություն իրականացրած պետություն պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ` հետևյալ հարցերով.

Առաջին. ի՞նչ կատարվեց օսմանյան կայսրության խորհրդարանի հայ երեսփոխանների հետ, ինչո՞ւ ձերբակալվեցին, որտե՞ղ սպանվեցին նրանք:

Բացի այն, որ նրանք եղել են ազգությամբ հայեր, նրանք միաժամանակ թուրքական պետության պաշտոնյաներն էին: Ի՞նչպիսի երկիր է Թուրքիան, որի գործադիր մարմինն ի վիճակի է մահվան դատապարտել խորհրդարանի անդամներին: Պատահական չէ,  օրինակ, որ Քեմալն ամեն կերպ խուսափում էր Թուրքիան հանցագործ պետություն ճանաչվելուց:

Երկրորդ հարցը, որով պետք է մտնել միջազգային դատարան` հետևյալն է. Թուրքիայի կողմից իրականացվել է պետական հանցագործություն Օսմանյան պետության շուրջ 60 000 հայ զինվորների նկատմամբ: Սարիղամիշում Էնվերը ռուս կոզակներից իր կաշին փրկեց շնորհիվ հայ զրնվորների, ինչի համար նա  հետո, հատուկ հրամանագրով, իր շնորհակալությունը հայտնեց: Պահպանված է համապատասխան փաստաթուղթը: Ի՞նչ կատարվեց թուրքական պետությունը պաշտպանող հայ զինվորների հետ, այդ ի՞նչ պետություն է, որի զինված ուժերի ղեկավարությունը  կարող է ոչնչացնել սեփական զինվորներին: Եթե կա նման երկիր, կնշանակի գործ ունենք ոչ միայն ոճրագործ, այլև ռասիստական պետության հետ:

Երրորդը` հայկական եկեղեցական ունեցվածքի վերադարձի հարցն է: Եկեղեցու ունեցվածքը պետք է վերադարձվի հայոց պատրիարքարանին: Այլապես Թուրքիան ինչպե՞ս կարող է իրեն իրավունք վերապահել Եվրոպայի սրտում  մահմեդական մզկիթներ կառուցելու պահանջ ներկայացնել, երբ թալանել ու շարունակում է ոչնչացնել քրիստոնեական մշակութային արժեքները,  եկեղեցիները:

Ժամանակն է բարձրաձայնել մեր իրավապահանջատիրությունը. դուք առաջարկում եք միջազգային դատարան ներկայանալ առանձի՞ն փաթեթներով:

-Այո, սրանք հարցեր են, որոնցից յուրաքանչյուրը երաշխավորված է միջազգային իրավունքով: Պետք է դնել Արևմտյան Հայաստանի հայերի` հայրենիք վերադարձի  պահանջը, Թուրքիան պարտավոր է նրանց անվտանգության  ռեալ երաշխիքներ տրամադրել: Վստահ եմ, եթե սկսենք գործել այս ճանապահով, ապա նույնիսկ դաշնակիցներ կվաստակենք:

Ամփոփելով խոսքս ասեմ. եթե հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հետյսու էլ պետք է շարունակվի  առանց դատապարտման, առանց փոխհատուցման հարցը բարձրացնելու, կարծում եմ հայկական կողմը պարտավոր է դադարեցնել այն և մտածել նոր ռազմավարության մասին:

Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը

ArmAr.am


Դիտել Genocide, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն