Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին»

Մարտ 18, 2011թ. 14:48

ՀՀ ԱԳ Նախարարի ելույթը Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ

Հարգելի պարոն Աժուբալիս, Հարգելի բարեկամներ,

Ես ուրախ եմ ողջունել Աուդրոնիուս Աժուբալիսին՝ իմ լիտվացի գործընկերոջը, որն այստեղ է գտնվում որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝  Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ: Ինչո՞ւ եմ ես բացում այս հապավումը, որովհետեւ ցանկանում եմ ընգծել այն, ինչը մեզ համախմբում է այս կազմակերպության մեջ՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդումը եւ համագործակցության զարգացումը:

Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, իր մասնակցությունն է բերում կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով, նաեւ բարեփոխումների գործընթացին, լինի դա Կորֆուի, թե այլ ձեւաչափերով:

Հայաստանն աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ եւ Լիտվայի նախագահության ընթացքում մենք մեր նպաստն ենք բերելու՝ աջակցելով բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվում են կազմակերպության դերակատարության եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ես շատ ուրախ եմ, որ իմ լիտվացի գործընկերոջ այցելությունը երեկ սկսվեց նրանով, որ  միասին նշեցինք Լիտվայի Ազգային տոնը: Դա խորհրդանշական է, այն առումով, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին:

Մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով ենք, որ Լիտվայի արտգործնախարարի այցելությունը,  նաեւ մայիսի սկզբին նախատեսված Լիտվայի նախագահի այցելությունը կնպաստեն մեր հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Մենք երեկ սկսեցինք մտքերի փոխանակումը երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, միջազգային տարբեր հարցերի շուրջ՝: Եւ այսօր ընդլայնված ձեւաչափով շարունակեցինք մեր քննարկումները ԵԱՀԿ-ին առնչվող հարցերի վերաբերյալ:

Բնական է, որ մենք անդրադարձանք  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խումբը իր եռանախագահներով այն ձեւաչափն է, որ ստեղծվել է միջազգային հանրության կողմից, ունի միջազգային հանրության մանդատը եւ աջակցությունը, ձեւաչափ, որի շրջանակներում ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Ես նշեցի այդ քննարկումների ընթացքում, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այն հայտարարություններին, այն փաստաթղթերին, որոնք ընդունվել էին ԵԱՀԿ շրջանակներում ղարավայղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, 2010 թ. դեկտեմբերին՝ Աստանայում: Եվ նաեւ համահունչ են այն հայտարարություններին, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների՝ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի կողմից 2009 թ. լ՛Աքվիլայում  եւ 2010 թ.Մուսկոկայում: Մենք իհարկե իմ գործընկերոջ հետ համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային խաղաղ ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի:

Նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը ներկայացրեց այն առաջնայնությունները, որոնք Լիտվան ունի իր նախագահության ընթացքում ԵԱՀԿ-ում: Ես մեկ անգամ եւս հայտնեցի, որ Հայաստանը կաջակցի ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ընթացքում ՝ կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն