«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» թեմայով լսումներ Բեռնում
«Շվեյցարիա-Հայաստան» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ, Բեռն քաղաքում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» թեմայով, որին իրենց մասնակցությունն են բերել միջազգային մի խումբ հայտնի փորձագետներ Գերմանիայից եւ Ֆրանսիայից: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացնում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը:
Խորհրդարանական լսումների մասնակիցները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դոկտոր Տեսսա Հոֆմանի (Բեռլին) «Հակամարտության ժամանակագրությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր», դոկտոր Ժերար Գերգերյանի (Փարիզ) «Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավունքի հասկացությունները միջազգային իրավունքում», դոկտոր-պրոֆեսոր Օտտո Լուկտերհանդի (Բեռլին) «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը» եւ դոկտոր Ժուլիեն Զարիֆյանի (Փարիզ) «Լեռնային Ղարաբաղի ապագան. հնարավոր զարգացումներ եւ նրանց աշխարհաքաղաքական հետեւանքները» թեմատիկ ելույթները:
Խորհրդարանական լսումներին ներկա են եղել Շվեյցարիայի Դաշնային Ժողովի մի շարք պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Փրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյան:
«Շվեյցարիա – Հայաստան» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ փորձագետների ելույթները կհրատարակվեն գրքույկի տեսքով, ուր կզետեղվեն նաեւ քարտեզներ եւ ԼՂՀ առօրյան պատկերող լուսանկարներ:
ArmAr.am












