Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Քաշաթաղի շրջանի մի շարք նորաստեղծ գյուղերի տրվեց բնակավայրի կարգավիճակ

Մարտ 23, 2011թ. 17:47

Մարտի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նախապես հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումը, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ առաջադրված հարցերի քննարկմանը։
Առաջինը քննության առնվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասինե ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը։ Գործադիրի լիազորմամբ այն ներկայացրեց կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Անդրանիկ Աղաբաբյանը։ Նա հաղորդեց, որ առաջարկվում է գործող համայնքների կազմում օրենսդրորեն բնակավայրի կարգավիճակ տրվեց Քաշաթաղի շրջանի մի շարք նորաստեղծ գյուղերի, որոնք հիմնվել են բնակչության ներքին տեղաշարժի արդյունքում։ Ի լրումն ներկայացված հիմնավորման՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչն այնուհետև, պատասխանելով պատգամավորների հարցերին, հանդես եկավ առանձին պարզաբանումներով։
Լսվեց նաև օրինագծի կապակցությամբ գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը։ Հաղորդելով, որ հարցը նախապես հանգամանորեն քննարկվել է, ընդ որում՝ պատգամավորների և գործադիրի ներկայացուցիչների համատեղ շրջագայության միջոցով այն ուսումնասիրվել է անմիջապես տեղերում, նա հայտնեց, որ այդ ամենի արդյունքում հանձնաժողովն ընդունել է դրական եզրակացություն և երաշխավորում է օրինագիծն ընդունել օրենքի տեսքով։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Խորհրդարանն ընդունեց օրենքը։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագծին։ Այն ներկայացրեց առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել նախարարության ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի և աշխատակազմի պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության գործառույթները՝ վերջինիս վերապահելով ստուգման իրավասությունը։
Դրական էր գլխադասային՝ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Զոյա Լազարյան) եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։
Նիստն այնուհետև երկրորդ ընթերցմամբ քննության առավ «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասինե և «Կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակի մասինե օրենքների նախագծերը։ Քանի որ օրինագծերը փոխկապակցված են, ուստի հարմար գտնվեց դրանք ներկայացնել համաժամանակ։ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը ներկայացման խոսքում հիշեցման կարգով նշելով, որ խնդիր կա կանոնակարգել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, ինչպես նաև ուղղումներ կատարել 2000-2008թթ. կատարված կադաստրային քարտեզագրման աշխատանքներում, հաղորդեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո անցած ժամանակամիջոցում ներկայացվել են պատգամավորական առաջարկություններ, որոնք ընդունվել և հաշվի են առնվել գործադիրի կողմից։
Օրինագծերի կապակցությամբ գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Կամո Բարսեղյան) եզրակացությունները դրական էին։ Օրենքներն ընդունվեցին։
Որպես օրակարգային հարց՝ խորհրդարանն այնուհետև քննարկեց հանրապետության նախագահի առաջարկությունն Արսեն Էդուարդի Հայրապետյանին Ազգային ժողովի կողմից ԼՂՀ գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին։ Պետության ղեկավարի նամակը, որպես պաշտոնական ներկայացուցիչ, նիստում ներկայացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը։
Հարցի առնչությամբ նախապես լսվեց գերագույն դատարանի դատավորի խոսքը դատական համակարգի խնդիրների ու զարգացման հեռանկարների, առաջարկվող պաշտոնում իր անելիքների մասին, պատասխանեց պատգամավորների հարցերին։
Համաձայն ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգի, տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն։ Արդյունքում՝ 21 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արսեն Հայրապետյանը նշանակվեց ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ։ Հրապարակելով Ազգային ժողովի համապատասխան որոշումը, ԱԺ նախագահը խորհրդարանի անունից Ա. Հայրապետյանին շնորհավորեց այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ։ Ապա հետևեց նորանշանակ դատավորի երդման արարողությունը։
Նիստի ավարտին պատգամավոր Վարդգես Բաղրյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Շուշիի հայ բնակչության զանգվածային կոտորածի 91-րդ տարեդարձի հետ։ Նշելով, որ 1920թ. մարտի 23-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսի զորախմբերը և մուսավաթական զինված ավազակախմբերը հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա, հրկիզեցին հայ մարդկանց պատկանած տները, խանութները, արհեստանոցները, ինչի հետևանքով շուրջ 30 000 հայ դաժանորեն սպանվեց կամ բռնատեղահանվեց իր հարազատ քաղաքից, պատգամավորը շեշտեց. ՙԱնցյալ դարասկզբին կատարված այդ ոճրագործությունը հետապնդում էր մի նպատակ` բռնաճնշել Արցախի գերակշիռ հայ մեծամասնության ազատ ինքնորոշման իրավունքը, փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը, Շուշին վերածել թուրք-ադրբեջանական ազգայնականության միջնաբերդի` այստեղից բխող հեռահար նպատակներով հանդերձ՚։ (Կից՝ հայտարարության ամբողջական տեքստը):
ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ հայտարարությունն ընդունվեց որպես խորհրդարանի պատգամավորական կազմի տեսակետ Շուշիում 91 տարի առաջ նույն այդ օրը տեղի ունեցած ողբերգական իրադարձության վերաբերյալ։
Այդպիսով՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական նիստն ավարտեց աշխատանքը։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն