«Ինձ համար այդ հուշարձանները Թուրքիայում չեն, իմ հայրենիքում են` Արևմտյան Հայաստանում»
Հարցազրույց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ
– Պարոն Կարապետյան, ուսումնասիրությունների նպատակով մեկնել էիք Հնդկաստան, գնում եք մեր ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների հետքերո՞վ:
– Այո, հայրենիքի պատմությունն ամբողջանում է, երբ ուսումնասիրում ես նաև գաղթավայրերի հուշարձանները: Հնդկաստանում հուշարձանատեսակները բազմատեսակ չէին, և դա հասկանալի է, որովհետև հայը ընդամենը առևտրական նպատակներով է ոտք դրել այդ երկիր: Տապանաքարերի վրա մեծ մասամբ հիշատակված էր` Նոր ջուղացիներ: Ընդ որում, առաջին, երկրորդ սերնդից հետո վերանում են հայերեն արձանագրությունները. վերջին սերունդներն արդեն գրում են միայն անգլերենով: Օտար միջավայրում ուծացումն իր գործն արել է: Ի դեպ, Հնդկաստանում մենք միտումնավոր ավերված հայկական հոշարձաններ չտեսանք…
– Մինչդեռ այդ ավերի ականատեսն ենք մեր տարածաշրջանում …
–Պատճառը շատ պարզ է` ճակատագրի բերումով մեր հայրենիքը հարևան պետությունների սահմանների մեջ է գտնվում, առաջին հերթին` Թուրքիայի, իսկ արհեստածին Ադրբեջանն ուղղակի հորինված է մեր հայրենիքի մի մասի վրա, մյուս կեսը Կուրի ձախափնյա շրջաններն են, որ ներծծված են հայ մշակույթով: Ադրբեջանական, այսինքն, կովկասյան թաթարների հուշարձանները, եթե դրանք կարելի է այդպես կոչել, ի հայտ են եկել ընդամենը 19-րդ դարավերջին, երբ ցարական Ռուսաստանի պարտադրանքով քոչվորներն անցան նստակեցության ու վրանները փոխարինեցին գյուղերով: Մինչև 20-րդ դարը ադրբեջանական կոչված գյուղերում նույնիսկ մզկիթներ չկային, չկային գերեզմանոցներ, որովհետև նստակյաց չէին: Թուրքիայի տարածքում է մեր հայրենիքի մի մեծ հատվածը` Արևմտյան Հայաստանը, էլ չեմ խոսում Կիլիկիայի, Փոքր Հայքի մասին: Թուրքը 100 տարի օրուգիշեր ջանացել է անհետացնել տանտիրոջ հետքը, որովհետև մշակույթի ամեն մի հուշարձան իր գոյությամբ, թեկուզ ջարդ ու փշուր արված, փաստում ու հիշեցնում է իրական տանտիրոջ գոյությունը: Մի դեպք հիշեցի. վերադառնում էինք Արևմտյան Հայաստան կատարած վերջին ճամփորդությունից, Թուրքիայի մաքսատան երկու աշխատակիցները, որ պետական պաշտնյաներ էին, ծանոթանալով մեր փաստաթղթերին, մեկը մյուսին ասում է` «Հայկական այս խումբը մեկ ամիս մեր երկրում մնալով ի՞նչ է արել»: Գործընկերը պատասխանում է` «Դե, իրենց հայրենիքն է, ման են եկել»:
Հայասատան բառը լսելիս թուրքը սովորականի պես չի արձագանքում. կամ ասում են` դուք ի՞նչ գործ ունենք մեր երկրում, կամ սկսվում է ճշմարտությունների շարանը` սա հայի հող է, այստեղ ինչ- որ կա` հայկական է: Արաբկիր քաղաքում մի թուրքի հանդիպեցինք, ասացինք. «Մենք Հայաստանից ենք, գիտենք, որ հայկական եկեղեցի է եղել այստեղ, կարո՞ղ եք ճանապարհը ցույց տալ»: Մինչև տեղը ցույց տալն ասաց. «Դուք ի~նչ զամանալի ժողովուրդ եք, այս վայրերում միայն տասը տեսակ խաղող էր աճում, ձեր գնալով ամեն բան չորացավ»: Մոփսի Լճան գյուղով էինք գնում, հանդիպեցինք մի քրդի, իմացավ` Հայաստանից ենք, մեկ նախադասություն ասաց`. «Հազար տարի էլ որ անցնի, միևնույնն է, այս հողը ձերն է», ու գնաց:
–Թուրքի գիտակցության փոփոխության հե՞տ գործ ունենք:
-Չէ, պարզապես, հասարակ, հողի հետ հարաբերվող մարդիկ ավելի ազնիվ են: Մանավանդ որ քիչ են դիտում հեռուստացույց, Ստամբուլի, Անկարայի թույնից զերծ են մնացել:
–Իսկ Թուրքիայի կողմից հայկական հուշարձանները վերականգնելու ծրագրերի՞ն ինչպես եք վերաբերվում:
– Ես ողջունում եմ այդ քայլերը: Մենք պետք է շահագրգռված լինենք մեր հիշատակների պահպանությամբ, դա մեր երազն է, որ չքանդվեն մեր արժեքները: Եվ եթե թուրքերն իրենք են այդ քայլն անում, իհարկե, ոչ թե ճարտարապետական արժեքը գնահատելով, այլ իրենց գրպանի համար, միևնույն է, մենք պետք է շահագրգռված լինենք: Մշո Սուրբ Կարապետ վանքի տեղում Չենգելի անունով գյուղ է սարքվել, գյուղապետը մեզ պարզ ասաց. «Մեր ծնողները շատ հիմար գտնվեցին, եթե Մշո Սուրբ Կարապետը կանգուն լիներ, իմ գյուղացիները զբոսաշրջիկներին միայն թան վաճառելով կապրեին»: Ու ասում էր` պատրաստ է գյուղացիներից մի քանիսին իրենց տներից հանել, քանի որ տները կառուցել են վանքի քարերն օգտագործելով, ու վերականգնել վանքը, որ մի քիչ ավելի զբոսաշրջիկ գա: Ես չեմ հասկանում այն ճարտարապետներին, որոնք ասում են` ավելի լավ էր քանդեին, քան մզկիթ դարձնեին: Ճիշտ հակառակը, ամեն անգամ, երբ գնում ու տեսնում եմ, որ եկեղեցին, թեկուզ մզկիթ դարձած, պահպանված է` ուրախանում եմ: Եթե այդքան պատիվ ունենք ու մի օր պիտի մեր արժեքներին արժանի լինենք, եկեք այսօր ճիշտ գործենք, որ եկեղեցու գմբեթին դրված լուսինը մի օր իջեցվի ու գմբեթին խաչը բարձրանա: Ավեի լավ էր Կարսի Առաքելոցը չլինե՞ր, թե՞ որ կա ու մզկիթ է, բայց Սուրբ Կարապետը չկա, ուրախանա՞նք, որ Նարեկավանքի ամբողջ վանական համալիրը քանդված է, ու տեղում մզկիթ է կառուցված. երանի 1000 տարվա վանքը մզկիթի վերածված լիներ, ու այդպիսով պահպանած:
Վարագավանքը, Մշո Սուրբ Կարապետը վերականգնելու համար Մուշ եկել խնդրում էին արխիվային լուսանկարներ, չափագրություններ, և մենք, բնականաբար, տրամադրեցինք:
– Չե՞ք կարծում, որ վերականգնմանը պետք է մասնակցեն հայ ճարտարապետները: Ի դեպ, ՄԱԿ–ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրում ասվում է, որ առանց բնիկ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցության տվյալ պետությունն իրավունք չունի ինչ–որ քայլ ձեռնարկել բնիկ ժողովրդի հուշարձանների նկատմամբ:
-Ես իրավական փաստաթղթերից տեղեկացված չեմ, բայց կարծում եմ` հնարավոր է հասնել դրան մասնավոր ճանապարհներով: Վարագա վանքի գյուղապետը, ցույց տալով իր ծախսով վերանորոգած առաստաղը, ասում էր` օգնեք ինձ` փրկենք, որ ձյունն ու անձրևը ներս չլցվեն: Հիմա ի՞նչ անենք` մերժե՞նք: Բայց, ախր, ինձ համար այդ հուշարձանները Թուրքիայում չեն, դրանք իմ հայրենիքում են, ուր այսօր շատ հայեր են ապրում…
Երբևէ հարց տվե՞լ ենք մեզ, թե ինչպե՞ս Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին դրվեց խաչը: Վստահ եմ, որ եղել է Վանի նահանգային իշխանության թույլտվությունը, հակառակ դեպքում չէին համարձակվի, բայց ինչո՞ւ դրվեց գիշերով, մի քիչ էլ ծուռ են դրել` գիշերով արված գործը ի՞նչ պիտի լինի: Ովքե՞ր արեցին այդ գործը, քրդե՞րը. չեմ հավատում… համոզված եմ, որ դա ծպտյալ քրիստոնյա հայերի ձեռքի գործն էր… Մուշում կան 3000 իսլամացած ու 1/3-ի չափով էլ քրիստոնյա հայեր, որոնք մշտապես եղել են ճնշված ու լուռ: Հիմա մի քիչ ազատություն են ստացել և ուզում են Մուշի եկեղեցին վերականգնել: Ցեղասպանության զոհերի ժառանգները, որ սփռված են աշխարհով մեկ, պետք է օժանդակեն այս գործընթացին, եթե չեն դադարել իրենց արմատներն զգալուց, եթե հայրենասիրությունը միայն կերուխումի, հայերնիքի կենացը խմելու մակարդակի վրա չէ:
– Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները գրանցվում են Յունեսկոյում: Արտաքուստ թվում է, թե ճիշտ քայլ է, բայց իրականում` խիստ վտանգավոր: Փաստորեն, Հայաստանը վավերացնում է, որ այդ կոթողները գտնվում են Թուրքիայի տարածքում` մեկընդմիշտ փակելով Արևմտյան Հայաստանի հարցը:
–Այո, ստացվում է, որ մենք այդ քայլով ճանաչում ենք մեր հուշարձանների` Թուրքիայի տարածքում գտնվելու փաստը: Այստեղ շատ կարևոր է, թե խնդիրը ինչպիսի ձևակերպմամբ կնեկայացվի, ինչպե՞ս կմատուցվի:
Ցավոք, մենք մեր հայրենիքի մի մեծ հատվածից տեղեկացված չենք: Անցած տարի գիտաժողով էր անցկացվում, ճարտարապետներից մեկը զեկույցի մեջ ասում է` «Արևելյան Անատոլիա…», մոտեցա, ասացի` Արևմտյան Հայաստանը Արևելյան Անատոլիա չէ, ի՞նչ կարիք կա հնչեցնել թուրքական հորինվածքը: Մեր հայրենիքից անտեղյակ ենք…
-Վրացիները հայտարարում են, թե Թուրքիայի տարածքում եղած քրիստոնեական կոթողները վրացական են: Փաստորեն, գործ ունենք հայերիս թիկունքում հյուսվող թուրք–վրացական հերթական գործարքի հետ:
– Թուրքերը Արևմտյան Հայաստանում գտնվող հուշարձանները պատրաստ են սկուտեղի վրա հրամցնել վրացիներին, ում ասես, միայն թե չվերագրվեն հային: Թուրք էքսկուրսավարը 19-րդ դարի հայ եկեղեցին, որի վրա հայերեն տառերով մեծ արձանագրություն է գրված, ներկայացրեց որպես բյուզանդական եկեղեցի: Բյուզանդիայի վերջը տվել են 15-րդ դարում ու հիմա 19-րդ դարի հայկական եկեղեցին բյուզանդական են հայտարարում: Խեղկատակության հասնող կեղծիք. սա Թուրքիայում իրականացվող պետական ծրագիր է: Մեծ հաճույքով կասեին, որ Աղթամարը վրացական է, միայն թե անունը հայերի հետ չկապվեր, բայց դե աշխարհի աչքը վրան էր, ու նման քայլ անել չէին կարող: Փորձում են Տայքի 10-11 դարի հուշարձանները վրացիներին վերագրել, որոնք հայ քաղկեդոնական կառույցներ են, ու վրացիների ախորժակն էլ բացվել է. փորձում են օգտվել կրոնական փաստից:
– Ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են հայտարարում, թե մինչև մուսուլման լինելը քրիստոնյա են եղել ու քրիստոնեական կոթողներն էլ ադրբեջանական են:
–Դեռ 60-ականներից այս թեզը առաջ էին մղում, հայկական հուշարձանները հայտարարվեցին աղվանական, որ, իբր, իրենց քրիստոնյա նախնիներն են: Դավիթ Ախունդով անունով ադրբեջանցի մի հեղինակ մի ամբողջ հատոր է գրել, թե, իբր, Ջուղայի խաչքարերը ալբան իշխանների, այսինքն, իրենց քրիստոնյա նախնիների կողմից են կերտված: Այդ դեպքում ինչո՞ւ ջարդուփշուր արեցին «իրենց ձեռքով կերտված» խաչքարերը: Զիա Բունիաթովն իր ամբողջ կյանքում ասում էր, թե իրենց նախնիները եղել են քրիստոնյաներ, բայց կյանքի վերջում անկարող եղավ դիմանալ իր իսկ կողմից սարքված կեղծիքին`լինելով մուսուլման` ձևանալ քրիստոնյա ու մահվանից ամիսներ առաջ հայտարարեց` մենք ոչ աղվան ենք եղել, ոչ քիրստոնյա, մենք հենց թո’ւրք ենք, էդ հուշարձանները մեզ հետ կապ չունեն, պետք է քանդենք ու ոչնչացնենք: Այսինքն, իրենք էլ կրակն են ընկել իրենց հյուսած կեղծիքի ձեռքը:
– Ջուղայի խաչքարերը ոչնչացրած Ադրբեջանը պետք է կանգնի դատարան առաջ. Ինչպե՞ս հասկանալ այս հարցում մեր անտարբերությունը, ինչո՞ւ հայկական կողմը չի դիմում միջազգային դատարան: Նույնիսկ օտարները մեզ չեն հասկանում…
-Այո, պետք է որ ԱԳՆ-ն, Մշակույթի նախարարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը, նաև ՊՆ-ն դիմեն միջազգային դատարան: Խնդիրը երկրի անվտանգության հետ է առնչվում: Աշխարհի ազգերի շարքում մենք մեր մշակույթով ենք գլուխներս բարձր կանգնել: Ու երբ մեր մշակույթն են վերացնում, բնականաբար, խարխլում են մեր անվտանգության հիմքերը: Ես կարծում եմ, որ այս հարցում պետական բարձր օղակները միասնաբար պետք է դատական հայց ներկայացնեն, ինչը մինչ օրս չի կատարվել: տեղյակ եմ, որ դատին հետամուտ է միայն Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը` Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ: Ինչո՞վ են զբաղված մեր իրավաբանները, եթե տեր չեն կանգնում ազգի մշակութին: Մենք պետք է դատական հայցերով հեղեղած լինեինք միջազգային դատարանը, բայց ոչինչ չի արվում:
–Տեղյակ եմ, որ աշխատում եք Արևմյան Հայաստանի ազգաբաշխական քարտեզի ստեղծման վրա: Դուք ձեր մասով արդեն իսկ մի լուրջ փասթաթուղթ եք պատրաստում միջազգային դատարան հայց ներկայացնելու համար` ո՞ւր անհետացավ Արևմտյանի Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը:
-Այո, քարտեզը կներկայացնի Արևմտյան Հայաստանի նախաեղեռնյան շրջանի ժողովրդագրական պատկերը, այսինքն` մինչ համիդյան ջարդերը: Ցեղասպանության սկիզբը 1894-ն է, ու մեր քարտեզը ցույց կտա, թե ինչ ազգաբաշխական պատկեր է եղել մեր հայրենիքում մինչ 1894-ը: Արևմտյան Հայաստանը մոտ 7000 գյուղ է ունեցել. ամեն մի ազգին մի գույն տալով` 7000 բնակավայրերը տեղադրել ենք քարտեզի վրա, ուր պարզորոշ երևում է, թե այդ ծով հայ բնակչությունը որ բնակավայրերում է ապրել: Հայերը կազմել են բացարձակ մեծամասնություն. մի հայացքով տեսանելի է քարտեզի վրա: Անշուշտ, շատ աշխատատար է , քանի որ տվյալների հավաքման գործընթացը բավական երկար ձգվեց: Հուսով եմ, որ ևս մեկ տարի, ու քարտեզագիրքը (Ատլասը) կհրատարակենք:
Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը
ArmAr.am
idefacto.am












