Թուրքիայի վրա ակնհայտ են ճնշումները
ԱՄՆ կոնգրեսում դարձյալ առաջ է քաշվել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սա արդյոք չի՞ նշանակում, որ Թուրքիան հայտնվում է ԱՄՆ ճնշումների տակ և ստիպված է լինելու բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, ապա թե ոչ` ԱՄՆ կոնգրեսը կճանաչի Ցեղասպանությունը:
«ԱրմԱր»-ի այս հարցին ի պատասխան` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց. «Կոնգրեսում բանաձևի առկայությունն ինքնաբերաբար չի նշանակում, որ Թուրքիան ճնշման տակ է, որովհետև բանաձևի առկայությունը դեռ չի նշանակում, որ Կոնգրեսը որդեգրել է այդ բանաձևը: Պարզապես, որովհետև կա այդ բանաձևը, ճնշումի հավանականությունն առկա է, բայց առ այսօր որևէ հիմք չկա ասելու, որ «Սպիտակ տունը» օգտագործելու է Կոնգրեսի հնարավորությունները, որպեսզի Թուրքիայի վրա ճնշում գործադրի»:
Հայաստանյան քաղաքական դաշտում շրջանառվող տեսակետները, թե հնարավոր է մինչև հոկտեմբեր բացվի հայ-թուրքական սահմանը, Կ. Մանոյանը հիմնավոր չի համարում: «Հիմք չկա կարծելու, որ կբացվի սահմանը: Սահմանը բացել ասածը այն չէ, որ մի հատ դուռ պետք է բացել ու վերջ: Պայմանագիրը ստորագրելուց հետո կա որոշակի գործընթաց, որով պետք է անցնեն կողմերը: Բացի այդ, Թուքիան հայտարարել է, որ առանց Ղարաբաղյան հարցի կարգավորման պայմանագիր չի ստորագրի»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:
armarlur.com
Թեգեր` Հայ Դատ, Հայոց Ցեղասպանություն












