Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«2003-ին Շվեյցարիայի ԱԽ-ն բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ»

Մարտ 31, 2011թ. 15:33

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ տիկին Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ: Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու գործում: Շվեյցարիան, որն ունի չեզոք ու անկողմնակալ միջազգային ակտիվ քաղաքականության հարուստ փորձ, մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի ու տարածաշրջանի հանդեպ:

Մեր ժողովուրդների կապերն ունեն դարավոր պատմություն: 1897թ. Շվեյցարիայի կառավարությունն առաջիններից մեկը դատապարտեց 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը` որպես մարդկության դեմ ոճրագործություն: Իսկ Հայոց ցեղասպանության տարիներին շվեյցարացիները մեր ժողովրդին սատար են կանգնել թե՛ անհատ միսիոներների մարդասիրական ու բժշկական գործունեությամբ, թե՛ պետական մակարդակով։ Եվ շարունակելով մարդասիրության այդ իմաստուն ավանդույթները` 2003թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Տիկի՛ն Նախագահ, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիային իր սկզբունքային և հետևողական քաղաքականության  և, իհարկե, այդ հրեշավոր հանցագործությունը դատապարտելու համար:

Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ: Հայկական կողմը ողջունեց Երևանում Շվեյցարիայի  ներկայացուցչություն-գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում և արտացոլում մեր կապերի իրական մակարդակը:

Զրույցի ընթացքում մենք երկուստեք նաև վերահաստատեցինք տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը: Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի և Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորին բացահայտմանը:

Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային` զարգացման և համագործակցության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի և, իհարկե,  տարիներ շարունակ այդ գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման համար:

Երկուստեք նշեցինք նաև մշակույթի ոլորտում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, շփումների ակտիվության մասին: Մենք համոզված ենք, որ այս հանգամանքը նպաստում է մեր ժողովուրդների փոխճանաչողության բարձրացմանը և բարեկամության ամրապնդմանը: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Շվեյցարիայում կայանալիք  Գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով: Ես էլ սիրով հրավիրեցի շվեյցարական կողմին, մասնավորապես, տիկին Նախագահին` մասնակցելու 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում կայանալիք միջոցառումներին: Այս միջոցառումներով մենք նշելու ենք հայատառ գրքի տպագրության 500-ամյակը:

Զրույցի ընթացքում մենք նաև կարևորեցինք հայ-շվեյցարական  համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:

Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին Նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, և թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը:

Անդրադարձանք նաև Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական և իրենց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար: Բնականաբար, վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում` դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն:

Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում տիկին Նախագահին օգտակար քննարկումների համար և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն