Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Պահանջում ենք Թուրքիայի կողմից հայության դեմ 1894-1923 թթ. իրականացված ցեղասպանության փաստի ամբողջական ճանաչումը

Ապրիլ 14, 2011թ. 09:34

armenian-genocideՀայոց Ազգային Սուգի Oրը` 2011-ի Ապրիլի 24-ը, որպես նոր նախաձեռնության սկիզբ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում է ընդունել դիմում նախապատրաստել ուղղված Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պահանջելով` պաշտոնապես ճանաչել 1894-1923թթ. հայերի դեմ կատարված ցեղասպանության փաստը:

Դիմումի հիմքում ընկած է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի աշխատանքների մեջ ներգրավված համապատասխան մասնագետների ամրագրած եզրակացությունը՝ հիմնված պատմական-իրավական փաստաթղթերի
ուսումնասիրությունների վրա:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մերժում է հայերի ցեղասպանության հարցի քաղաքականացված կենտրոնացումը միայն 1915 թ. վրա: Ցեղասպանությունը սկսվել է 1894 թվականի Սասունի ջարդերով, ինչի համար էլ 1891 թվականից նախապես ստեղծվել էին
համիդյան գնդերը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը բաժանում է երեք ժամանակաշրջանների.
1. 1894 – 1896 թթ. Աբդուլ Համիդ II կողմից կատարված ցեղասպանություն,
2. 1909 թ. Հայկական Կիլիկիայում` Ադանայում, կատարված ցեղասպանություն,
3. 1915 – 1923 թթ. կատարված ցեղասպանություն:

Երեք թուրքական կառավարությունների կողմից նախապես ծրագրավորած եւ իրականացրած ոճրագործությունների հետեւանքում հայությունը տվեց մոտ երկու միլիոն նահատակ: Բռնագաղթի, հայրենազրկման եւ ուծացման ենթարկվեց մոտ մեկ միլիոնից ավելի հայ: Այսօր, որպես բնիկ ժողովուրդ մոտ 10 միլիոն հայ, Թուրքիայի Հանրապետության վարած հայատյաց քաղաքականության հետեւանքով` ապրում է իր հայրենիքից դուրս, ենթարկվում է ձուլման ու ոչնչացման:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011-ի Ապրիլի 24-ը հայտարարում է` օսմանյան, երիտթուրքական, քեմալական եւ Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից՝ հայության և հայկական քաղաքակրթության դեմ կատարված շարունակական ոճրագործության դատապարտման իրավական – քաղաքական նոր գործընթացի սկիզբ:

Դիմումի նպատակն է՝ Թուրքիայի Հանրապետությունից պահանջել հայության դեմ 1894-1923 թթ. իրականացված ցեղասպանության փաստի ամբողջական ճանաչումը: Դիմումը նախատեսված է հանձնել Թուրքիայի Հանրապետության կառավարությանը՝ մինչեւ 2011-ի Ապրիլի 24-ը, ստորագրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետի կողմից:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի լրատվական ծառայություն

ArmAr.am


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն