Մինսկի խումբ. Ժամանակն է ընդունել Հիմնարար սկզբունքներն ու սկսել խաղաղության պայմանագրի մշակումը
Ապրիլի 11-14-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասսիեն /Ֆրանսիա/, Ռոբերտ Բրադկեն /ԱՄՆ/ և Իգոր Պոպովը /ՌԴ/ տարածաշրջան կատարած հերթական այցի շրջանակներում եղել են Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, հանդիպել նախագահների հետ: Քննարկվել են Մադրիդյան հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու քայլեր: Համանախագահների համոզմունքն է, որ ժամանակն է վերջնականապես ընդունել Հիմնարար սկզբունքներն ու սկսել խաղաղության պայմանագրի մշակումը:
Ապա հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ուր ասված է. «Ապրիլի 13-ին, մինչ Բաքու մեկնելը, համանախագահները ոտքով անցան շփման գիծը: Այս քայլի նպատակն էր ցույց տալ 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև այն, որ շփման գիծը չպետք է դառնա հարևան ժողովուրդների միջև հարաբերությունների մշտական խոչընդոտ»
Հետեւելով մարտի 5-ին Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հայտարարության առնչությամբ եռանախագահները նաև կողմերին ներկայացրել են առաջնային գծում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ հետազոտությեւն իրականացնելու մեխանիզմի նախագիծը:
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն անկողմնակալ հետազոտություն կազմակերպելու նպատակով կողմերի հետ կշարունակեն աշխատել թափանցիկ:
Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հետ առաջացած լարվածության վերաբերյալ: «Թռիչքների կազմակերպումը օդանավակայանից և դեպի օդանավակայան չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոխելու համար»: Համանախագահները ողջունել են կողմերի` քաղաքացիական օդանավերի որևէ սպառնալիքի կամ հարձակման մերժումը, ինչպես նաև հարցին դիվանագիտորեն մոտենալու և հարցը չքաղաքականացնելու հավաստիացումերը:
Ապրիլի վերջին համանախագահները կայցելեն Վաշինգտոն` ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու խաղաղ կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:












