ԵԽԽՎ-ում խիստ մտահոգված են Ադրբեջանի ռազմատենչությամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 25 պատգամավորները ևս խիստ մտահոգված են Ադրբեջանի պատերազմական քարոզչությամբ ու, առավել ևս, ռազմական բյուջեի ավելացմամբ: Դա է պատչառը, որ նրանք սիրահոժար միացել են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հայտարարությանը, որը արձանագրում է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Նման գործողությունները վտանգում են փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված հրադադարի արդյունքում: Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկայի վերջին դրսեւորում հռչակագրին միացած պատգամավորները համարում են քաղաքացիական օդանավերը ռմբակոծելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները` ի պատասխան Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման»:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր գրավոր հայտարարության մեջ նշվում է.«Հայաստանը պատրաստ է շփման գծից հանել դիպուկահարներին, մինչդեռ Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժում է ` անգամ օգտագործելով երեխայի ենթադրյալ մահը: ԵԽԽՎ պատվիրակները կոչ են անում Ադրբեջանին ընդունել առաջարկները եւ կատարել պարտավորությունները`ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ»:
Զարուհի Փոստանջյանը փաստաթուղթը ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել ապրիլի 12-ից: Բացի հայ պատվիրակներից այս հայտարարությանը միացել են հույն, ռուս, ֆրանսիացի պորտուգալացի, իսպանացի, անգլիացի, հոլանդացի , բուլղարացի, իռլանդացի, սլովակ պատգամավորները:












