Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը կողմերի միջեւ: Դա եւ շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, եւ տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, եւ մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է Նախագահը դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












