«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որ Թուրքիայի կառավարությունը ճշմարտացի եւ անկեղծորեն ընդունի Հայոց ցեղասպանության փաստը»
ՀՀ ԱԺ պատգամավոր, Զարուհի Փոստանջյանի հարցն ուղղված ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն.
«Գաղտնիք չէ, որ Թուրքիան գրավել է Արեւմտյան Հայաստանը, Հյուսիսային Կիպրոսը եւ այլ տարածքներ՝ թողնելով այնտեղ բնակվող մարդկանց առանց Հայրենիքի: Թուրքական օկուպացիան հանգեցրեց Մեծ սեփականազրկման, որի ակամա հետեւորդն իբրեւ՝ կանգնած եմ ձեր առջեւ:
Օսմանյան կայսրությունն իրականացրել է Ցեղասպանություն հանցագործությունն ընդդեմ այնպիսի ժողովուրդների եւ էթնիկ խմբերի, ինչպիսիք են հայերը, հույները, ասորիները եւ այլն: Այսօր, որպեսզի խուսափի մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվությունից՝ թուրքական կառավարությունը կիրառում է «Քրեական օրենսգրքի» 301 հոդվածը՝ ժխտելու եւ խեղաթյուրելու պատմական փաստերը:
Որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որ Թուրքիայի կառավարությունը ճշմարտացի եւ անկեղծորեն ընդունի պատմական այս ճշմարտությունը եւ իր առաջին քայլերն անի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ վերացնելու 301 հոդվածը»:
Դավութօղլուն տարակուսած պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ինչ պատասխանել: Սա հայտարարություն էր, այլ ոչ թե հարց: Միակողմանի հայտարարություն՝ ընթերցված թղթից, որտեղ կրկնվում էին նույն մեղադրանքները»:
Այնուհետ Զարուհի Փոստանջյանին խորհուրդ է տվել. «Լավ կլինի՝ նախ ուսումնասիրեք միջազգային իրավունքը», եւ առաջարկեց պարզել ԵԽ այդ մարմնի գործառույթները: «Այստեղ չենք գտնվում պատմության շուրջ բանավիճելու համար»: Հետո «միակողմանի հիշողությունների մասին» դատողություններից հետո հավելել. «Թուրք եւ հայ ժողովուրդների համար ավելի լավ կլինի, որ ստեղծվի հանձնաժողով’, որտեղ պետք է համատեղ ուսումնասիրվեն՝ ըստ նրա, «այդ դեպքերը»:
ArmAr.am












