Գլխավոր » Society, Ազգային գաղափարախոսություն, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Վերլուծական

Գարեգին Նժդեհ. Կուսակցամոլություն

Ապրիլ 16, 2011թ. 12:03

Garegin NzhdehԿուսակցամոլը – դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը` իր ժողովրդի թշնամիների:

Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար – մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար,  քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական:
Նրա համար օտար է այն ամէնը, ինչ- որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ – անընդունելի է եւ անհանդուրժելի: Ծափահարելի է միայն այն, ինչ որ բխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:
Նմանը ե՜ւ տեսնում է ե՜ւ չի տեսնում, ե՜ւ հասկանում է ե՜ւ չի հասկանում: Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ` համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:
Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով
այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ: Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր – ահա՜ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»: Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն,   անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ:
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան` անյուսալի:
Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար:
Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն – այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը` հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը` ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան. Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը:

Ամէն ինչ կուսակցութեանս համար – ահա՜ սրա հասարակական բարոյականը: «Պետութիւնը` դա ես եմ՚,- ահա՜ նրա պետական μարոյականը: Սրա կուսակցական«ՙզարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՛ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ArmAr.am


Դիտել Society, Ազգային գաղափարախոսություն, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն