Արցախի Հանրապետության Նախագահը շնորհավորել է ոստիկաններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ոստիկանության օրվա առթիվ
Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:
Արցախում արդեն բարի ավանդույթ է դարձել տոնել այս օրը` որպես համակարգի աշխատանքի արժեւորման եւ իմաստավորման օր, եւ երախտիքի խոսքեր հղել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գործն են դարձրել մեր երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը: Դա չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք է, որի հիմքում անպայմանորեն պետք է ընկած լինեն արհեստավարժությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները:
Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է իր առջեւ դրված խնդիրների ողջ լրջությունն ու դրանք հաջողությամբ լուծելու անհրաժեշտությունը: Դա կարեւոր է հատկապես ժողովրդավարական սկզբունքներ հռչակած մեր հասարակության համար: Իշխանություններն էլ կանեն հնարավորը ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու, համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը շարունակաբար աջակցելու ուղղությամբ:
Այս տոնական օրը գլուխ եմ խոնարհում Արցախի այն ոստիկանների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին ու նրանց ընտանիքներին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:
ArmAr.am












