ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են Հայոց ցեղասպանության մասին նյութեր տեղադրել պետդեպարտամենտի կայքում
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, ապրիլի 15-ին ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ջիմ Կոստան հատուկ նամակով կոչ են արել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որ պետդեպարտամենտի կայքում զետեղված Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը վերաբերող նյութերում ըստ արժանվույն տեղ գտնեն Հայոց Ցեղասպանության բարոյական, պատմական, քաղաքական հետևանքները, քանի որ ԱՄՆ Պետքարտուղարության կայքում որեւէ հիշատակում չկա 1,5 միլիոն հայերի մասին, որոնք Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին կոտորվել կամ իրենց մահն են գտել տեղահանության ճանապարհին: «Հայաստանի և Թուրքիայի պատմության մեջ այդ իրադարձությունը չհիշատակելը լուրջ բացթողում է պատմական տեսանկյունից և վիրավորական 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում սպանվածների հիշատակի առաջ: Խուսափելով Ցեղասպանության հիշատակումից և դատապարտումից` կասկածի տակ է դրվում ԱՄՆ-ի` «անցյալի վայրագությունների դասերը վկայակոչելով ապագա ցեղասպանությունները կանխելու» ունակությունը»,-ասվում է կոնգրեսականների նամակում: Դոլդը եւ Կոստան պետքարտուղարին են դիմում, որպեսզի նա աշխատի Օբամայի հետ` ապրիլքսանչորսյան նախագահական ուղերձում Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելու խոստումը կատարելու համար:
ArmAr.am












