Հրանուշ Հակոբյան. «Մենք ասում ենք` մնացեք հայ, եղե’ք հայ, ինչպիսի հայ եղել են ձեր նախնիները»
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան . «Համաշխարհայնացման ներկա պայմաններում երիտասարդությունը շատ արագ է ուծացվում, և դրա դեմ արդյունավետ պայքարի եղանակներ պետք է լինեն: Մենք 2011-ը հայտարարել ենք երիտասարդության տարի, շարունակում ենք «Արի տուն» ծրագիրը, որը հայրենիքը զգալու, հասկանալու ու սեփական հիշողություններ ունենալու հնարավորություն է, որը հետագայում նրանց հայ է պահելու: Այս տարի որոշել ենք Հայաստան հրավիրել խառն ամուսնություններից ծնված երեխաներին, որպեսզի նրանք Հայաստանը զգան, սիրեն: Երիտասարդներին է ուղղված և «Մեր մեծերը» ծրագիրը. մենք ասում ենք` մնացեք հայ, եղեք հայ, ինչպիսի հայ եղել են ձեր նախնիները, ձեր ժամանակակիցները` ահա օրինակները, հպարտացեք մեր մեծերով, մեր ազգի հերոսներով:
Երիտասարդության տարիքը տրամադրող է` նմանվելու, իդեալ, ոգևորության և հպարտության աղբյուր ունենալու առումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկ եղավ երիտասարդ լրագրողների դպրոց ստեղծելու, մենք արդեն Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ծրագիր ենք իրականացնում` տարբեր տեղերից ստացված հայտերով երիտասարդ լրագրողները կարող են վերապատրաստվել հայրենիքում:
Երիտասարդ առաջնորդների դպրոց ենք ստեղծում` սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համար, տեղում ծանոթացնելու Հայաստանի պետական կառույցների աշխատանքին: Եվս մի ծրագիր ունենք` համահայկական երիտասարդական խորհրդարանի ստեղծումը, Facebook-ում հասցե ենք բացել և մի քանի օրում 274 հոգի արդեն գրանցվել է»:
ArmAr.am












