Նալբանդյանը հանդիպեց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը հագեցած էր նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով:
Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան ափի առաջնորդարանում ՀՀ արտգործնախարարի պատվին թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ, Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները և դրանց լուծման ուղիները` մանրամասն անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Հայ բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը քննարկեց Հայաստանում և Սփյուռքում կազմակերպության գործունեության, հայապահպանության և հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը, որոնց հետ քննարկեց Հայաստանի և ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:
Այցելության ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արևելյան ափի Ազգային առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն












