«Նոր Միջին Արեւելք»-ի իրանական տարբերակը
Իրանական քաղաքական շաբաթ
Իրանական ներքին եւ մասնավորապես արտաքին քաղաքական իրադարձություններն ՙնոռուզյան՚ երկշաբաթյա դադարից հետո, թվում է թէ՝ ավելիով հագեցած էին:
Ներքին հասարակա-քաղաքական դաշտում ընթացող գործընթացները, այնուամենայնիվ, նախերգանքներն են տարեվերջին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, իսկ արտաքին ճակատում՝ պայմանավորված տարածաշրջանային եւ ի մասնավորի Պարսից ծոցի երկրներում ընթացող նորանոր զարգացումներով:
* * *
Դեռ ամիսներից ի վեր Իսլ. խորհրդարանի մեծամասնականների՝ պահպանողական հոսանքների ու խմբակցությունների մեջ ՙկոտորակումները՚ վկայում էին, որ հաջորդ՝ 2012-ի (իրանական 1390 թ. փետր. – մարտ ամիսներին) խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ ձեւավորվելու է հիմնականում երկու՝ գործող կառավարության համախոհ եւ վերջնիս ծրագիր-գործեղանակը մշտապես քննադատող ճամբարների թեկնածուներով: Անշուշտ, արդեն երկու նստաշրջան փոքրամասնություն կազմող բարեկարգչական թեկնածուների մուտքը հաջորդ մեջլիս կարելի է համարել բացառված, քանի որ նախ՝ վերջին նախագահական ընտրությունների արդյունքում՝ առհասարակ ՙվարկաբեկվեցին՚ ու հետեւաբար՝ անկյուն քշվեցին եւ ապա՝ կազմակերպական-կուսակցական առումով եւս չի նշմարվում որեւիցէ ակտիվություն՝ երբեմնի կշիռը վերականգնելու նպատակով: Ուրեմն՝ կանխատեսելի խորհրդարանը՝ դա միեւնույն պահպանողական, բայց հստակ բաժանումով՝ արմատականներով եւ չափավորներով համալրված խորհրդարանն է լինելու, որի կազմութեան մեջ, ճիշտ է, քվեարկողները ունեն հիմնական դեր, բայց փաստ է նաեւ այն, որ մինչ քվեարկելը՝ մեծ դեր է վերապահված նաեւ ու մանավանդ Սահմանադրության Պահապան խորհուրդ ատյանին, որի լիազորությունների շրջագծում է մտնում նույնինքն թեկնածուների ՙարժանիության հաստատման՚ հանգամանքը… իսկ ինչ խոսք՝ ձեւավորվելիք խորհրդարանի քաղաքական կշիռն ու ուղղւածությունը, անշուշտ, ազդեցիկ է լինելու հաջորդ՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում, որոնք միշտ էլ եթե ոչ-անկանխատեսելի, բայցեւայնպես՝ շրջադարձային իրավիճակներով են կայացել-արդյունավորվել:
Ներքին ճակատում, սակայն, Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի տարին (1390 թվականը) ՙտնտեսական ջիհադ՚ հայտարարելու հանգամանքը, ինչ խոսք, նախեւառաջ պարտավորեցնող է լինելու գործադիրի համար, որն հենց այդ պարտավորությունների թերակատարման պատճառով՝ վերջին տարիներում մշտապես քննադատվել է օրենսդիրի կողմից… իսկ այս գծով էլ շատ դիպուկ էր հնչում խորհրդարանի խոսնակ Լարիջանիի հայտարարությունը, ըստ որի՝ ՙՏնտեսական զարգացման ու առաջընթացի երաշխիքը չի կայանում կառավարության նախագծերի կամ պրոյեկտների քանակային աճով՚: Մյուս կողմից՝ անցնող երկու շաբաթների ընթացքում քիչ չեղան նաեւ խորհրդարանականների, փորձագետների եւ նույնիսկ հոգեւորականների սուր քննադատությունները՝ ուղղված գործազրկության բարձր ցուցանիշերի դեմ, որքան էլ որ նախագահ Ահմադինեժադը փորձում էր տարհամոզել քննադատներին իր նահանգային հերթական այցելությունների ընթացքում, երբ հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի խոստումներ էր շռայլում ունկնդիրներին:
* * *
Արտաքին քաղաքական-դիվանագիտական ասպարեզում Իրանը գերակտիվ գործընթացների դեմ-հանդիման է յայտնված՝ հաշվի առնելով տարածաշրջանային գերզգայուն եւ շրջադարձներով հղի իրադարձությունները: Այս վերջինները, սակայն, Իրանի հաշվին գրանցեցին ինչպես դրական (երեք տասնամյակ ընդմիջումից հետո՝ Եգիպտոսում ու Իրանում վերականգնվելու են երկու երկրների շահերը պաշտպանող դեսպանություններ), այնպես էլ բացասական (Քուվեյթից վտարվեցին իրանցի երեք դիվանագետներ, որին համարժեք վերաբերվեց նաեւ Իրանը՝ 3 քուվեյթցի դիվանագետների վտարելով երկրից) ցուցանիշերը:
Շրջանի իրադարձություններով պայմանավորված՝ դիմագրավելիք մյուս մարտահրավերի առջեւ է կանգնած Իրանը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մինչ այդ ներուժ, այժմ ներգործուն սպառնալիքի տեսքով Սաուդական Արաբիայի վահաբիզմը: Ահավասիկ, Բահրեյնի սաուդամետ իշխանությանց դեմ խոշոր տոկոսով շիա ժողովրդի արյունալի ընդվզումները չէին կարող շրջանցվել ո՜չ սուննի Ս. Արաբիայի եւ ո՜չ էլ առավել եւս՝ շիա Իրանի իշխանությունների կողմից: Իրանը, անկախ կրոնա-դավանական զգայնություններից, շրջանում ծայր առած ժողովրդական ընդվզումներն համարում է արդարացի, պախարակելով տվյալ իշխանությունների հակաժողովրդական ու հատկապես արյունալի հաշվեհարդարները: Այս ծիրում Իրանն խստագույնս դատապարտում է հատկապես Բահրեյն-Եմենական ժողովրդական պահանջատիրության դեմ սաուդացիների անհարկի միջամտությունն ու բիրտ ուժով ոտնձգումները, հատկապես՝ շիա աղանդին պատկանող զանգվածների նկատմամբ:
Մյուս կողմից՝ Պարսից ծոցի այսպես ասած էմիրանիստ մի շարք երկրների հակաիրան եւ մշտապես թարմացվող հայտարարությունները, որոնք արտգործնախարարության խոսնակ Մեհմանփարասթի բնութագրմամբ՝ ՙհանրային միտքը պղտորելու-ապակողմնորոշելու միտում ունեն՚, այլ եղանակով էլ բարձրաձայնվեցին՝ ի դեմս ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնի: Վերջինս մշտական հանկերգը կրկնելով՝ Իրանին ՙշրջանի երկրների ներքին հարցերում միջամտելուց զերծ մնալու՚ փորձ կատարեց՝ ընդգծելով, որ ՙտարածաշրջանային վերջին իրադարձությունները չարաշահելով՝ Իրանը իր սեփական հաշիվներն է հետապնդում…՚: Սրան որպես հակադարձություն՝ Իրանն ինչպես միշտ դատապարտում է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, որն առհասարակ ՙհետամուտ է ապահովել Իսրայելի շահերը եւ երաշխավորել նրա անվտանգությունը՝ ՙԻսլամական զարթոնք՚ ապրող շրջանի ժողովուրդների արդար ընդվզումներից՚:
Այս ծիրում, սակայն, Իրանի Իսլ. Հանրապետությունն տարածաշրջանի իր դաշնակից պետության՝ Սիրիայում առաջացած ՙխժդժությունները՚ ժողովրդական ինքնուրույն կամքի դրսեւորում, ինչպես որ դա պատահել ու պատահում է մյուս երկրներում, չի բնութագրում եւ ընդհակառակը՝ դա համարում է ԱՄՆ-արեւմտյան դավադրությունների արդյունք, որն միտում է կոտրել շրջանում գլուխ բարձրացրած հակասիոնիստական դաշինքը, որը մարմնավորվում է Իրան-Սիրիա-Լիբանան եռանկյունիով…
Դիվանագիտական-քաղաքական մարտահրավերը, սակայն, այս անգամ ԱՄՆ-ի դեմ նետեց նույնինքն նախագահ Ահմադինեժադը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն շուտով ականատեսն է դառնալու ՙնոր Միջին Արեւելքի…՚, բայց ոչ թէ իր, այլեւ իրանական հեռանկարի տարբերակով…
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյան
ArmAr.am












